ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 6-ին հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ընդգծվել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:
Ինչպես ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքներին: Կողմերն ընդգծել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները և գոհունակություն հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից:
Նշենք, որ 2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքվել է 500,000 եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումներին: 2019 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել