HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբանն ահազանգում է, որ ՌԴ քաղաքացիները դժվարությամբ են հաշիվներ բացում հայաստանյան բանկերում

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից խուսափելու համար վերջին ամիսներին Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ են ժամանել Հայաստան: Նրանք Հայաստանում գրանցում են ընկերություններ, որպեսզի այդ կերպ կարողանան շարունակել իրենց բիզնեսը: Փաստաբան Կարեն Աղաջանյանն ահազանգում է, որ հայաստանյան բանկերը խոչընդոտներ են ստեղծում հաշիվներ բացելու հարցում:

«Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ արդեն ՌԴ 3 քաղաքացու հետ է առնչվել, որոնց համար Հայաստանի առևտրային բանկերը խոչընդոտներ են ստեղծել հաշիվներ բացելու հարցում: Ըստ Կարեն Աղաջանյանի՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության համար բանկային հաշիվ բացելու նպատակով բանկերը պահանջել են Ռուսաստանի բանկային հաշիվներից քաղվածքներ, Հայաստանում բնակվելու առնվազն 6 ամսվա վարձակալության պայմանագիր, գրասենյակի վարձակալության պայմանագիր, Ռուսաստանում հարկային ստուգման ակտ և մի շարք այլ փաստաթղթեր:

Կարեն Աղաջանյանն ասում է, որ իրեն դիմած ռուսներից մեկը հեռացել է Հայաստանից, քանի որ այդպես էլ չի կարողացել իր ընկերության համար բանկում հաշիվ բացել: Բանկերից պարզաբանել են, թե փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում են նշված փաստաթղթերը պահանջում, և որ Կենտրոնական բանկն է նման հրահանգ տվել: Ըստ փաստաբանի՝ այստեղ փողերի լվացման ռիսկեր գրեթե չկան։ Նա ընդգծում է, որ տուժում են հատկապես փոքր շրջանառություն ունեցող ընկերությունները, քանի որ Ռուսաստանում մեծ շրջանառություն ունեցողները նման դժվարությունների չեն հանդիպում հայաստանյան բանկերում: Նրանց հաջողվում է հաշիվներ բացել:

«Փոքրերին «ցրում» են, և բոլոր բանկերը, կարծես թե, պայմանավորված լինեն: Ռուսաստանի քաղաքացին գնացել էր բանկ՝ որպես ֆիզիկական անձ իր համար հաշիվներ էր բացել: Եկավ մեզ մոտ, օգնեցինք գրանցվեց որպես անհատ ձեռնարկատեր, սակայն ԱՁ-ի համար բանկերը հաշիվներ չեն բացում: Արդեն 20 օր է՝ չենք կարողանում նրա համար հաշիվ բացել»,-ասում է Աղաջանյանը:

Ռուսաստանից Հայաստան հիմնականում գալիս են թվային տեխնոլոգիաներով զբաղվողները կամ այն կազմակերպությունները, որոնք աշխատում են արտասահմանյան շուկաների հետ: Նրանց շրջանառությունն անկանխիկ է, հետևաբար խիստ անհրաժեշտ են այդ հաշիվները:

«Մարդիկ կան, որ կայքեր ունեն, վաճառքներ են իրականացնում և պատժամիջոցների պատճառով չեն կարողանում այդ գումարները ստանալ: Գալիս են Հայաստան, նոր ընկերություններ են հիմնում, որպեսզի օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրերը կնքեն Հայաստանում բացված ընկերություններով և այդ գումարները կարողանան հանգիստ ստանալ: Մարդիկ գալիս են, ընկերությունները հիմնում են, սակայն բանկերը հաշիվներ չեն բացում և սկսում են աբսուրդի աստիճանի հասնող փաստաթղթեր պահանջել»,-ասում է փաստաբանը:

Կարեն Աղաջանյանը նշում է, որ նման փաստաթղթեր պահանջելը գուցե ինչ-որ չափով ընկալելի լիներ, եթե այդ բիզնեսն ամբողջությամբ տեղափոխվեր Հայաստան: Մինչդեռ այստեղ միայն ընկերություն են բացում, որն, ըստ փաստաբանի, ռեզիդենտ ընկերություն է համարվում:

«Եթե այդ իրավաբանական անձը հաշիվ չունի, իսկ կանխիկով գործարքներ չի կարող անել, հետևաբար չի կարող նաև տարածքների վարձակալության պայմանագրեր կնքել և փոխանցումներ կատարել»,- փաստում է Կարեն Աղաջանյանը եւ հավաստիացնում, որ այս գործելաոճը համատարած է:

Ընկերություն գրանցելու համար իրավաբանական աջակցության նպատակով իրեն դիմող ՌԴ քաղաքացիներին նա չգիտի՝ ինչ պատասխան տալ, երբ հարցնում են՝ արդյոք կարողանալու են բանկային հաշիվ բացել: «Դա մեզնից կախված բան չէ, չենք կարող մտնել դատարան եւ պարտավորեցնել հաշիվ բացել, ու տարիներով ձգվեն այդ գործերը»,-ասում է Կ. Աղաջանյանը:

Փաստաբանը ահազանգեր է ստացել նաև, որ օտարերկրյա քաղաքացիների հաշիվների սպասարկման միջնորդավճարները համեմատաբար ավելի բարձր են:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Հետք»-ին պարզաբանում են՝ որևէ հրահանգ չկա, որ բանկերը ՌԴ քաղաքացիների դիմումներով հաշիվներ չբացեն:

Փոխանցած տեղեկության համաձայն՝ 2022թ. փետրվարի 28-ից մարտի 31-ը հայկական առևտրային բանկերում բացվել է մոտ 27,000 հաշիվ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար, որոնցից ավելի քան 8500-ը՝ ՌԴ քաղաքացիների համար:

Ըստ Կենտրոնական բանկի՝ Հայաստանի թե՛ օրենսդրությունը, թե՛ ենթաօրենսդրական ակտերը չեն արգելում ոչ ռեզիդենտներին բացել և վարել հաշիվներ ՀՀ-ում գործող առևտրային բանկերում: Բանկերը ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների հետ գործարար հարաբերություն հաստատելուց, տվյալ դեպքում՝ հաշիվ բացելուց առաջ իրականացնում են հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն: Վերջիններս պետք է բավարարեն օրենսդրության, այդ թվում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի պահանջներին և առանձին բանկի ներքին ընթացակարգերով սահմանված պահանջներին:

ԿԲ-ն հավաստիացնում է, որ բոլոր դիմումները պատշաճ ուսումնասիրվում են, սակայն բանկի և իր հաճախորդի հարաբերությունները գտնվում են գործարար հարաբերությունների շրջանակում:

«Կարծում ենք, որ առևտրային բանկերն իրենք են շահագրգռված հաճախորդների շրջանակը լայնացնելու մեջ: Այս առումով Կենտրոնական բանկը բանկի և հաճախորդի հարաբերություններին միջամտելու գործառույթ և իրավասություն չունի»,-հայտնում են գլխավոր դրամատնից:

Ինչ վերաբերում է ոչ ռեզիդենտների հանդեպ կիրառվող բարձր միջնորդավճարների հարցին, ապա նշում են, որ Կենտրոնական բանկը չի միջամտում բանկերի ընթացիկ գործունեությանը, մասնավորապես՝ վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների պայմանների և սակագների սահմանմանը: ԿԲ-ն չի կայացրել որևէ որոշում, որը կարգավորում է առևտրային բանկերի կողմից իրենց հաճախորդների սպասարկման սակագները։ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը գործում են մրցակցային միջավայրում և իրենց հաճախորդների սպասարկման սակագները սահմանում են ինքնուրույն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter