
Հայաստանն ու Ադրբեջանը կաշխատեն խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ. Շառլ Միշել
Երեկ՝ ապրիլի 6-ի երեկոյան Բրյուսելում կայացել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացումը քննարկելու համար։ Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտորեն գործելու լարվածությունը հաղթահարելու և ապահով, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»,- ասվում է հայտարարության սկզբում։
Ըստ ԵԽ նախագահի՝ հանդիպման մասնակիցներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում վերջին հանդիպումից հետո և 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ տեսակոնֆերանսից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները։ «Նրանք քննարկեցին ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք քննարկեցին լարվածության վերաբերյալ վերջին տեղեկությունները և վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունեցին 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնության եկան այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակականությունը»,- նշվում է հայտարարության մեջ։
LIVE after the meeting with the President of the Republic of Azerbaijan Ilham Aliyev @presidentaz and the Prime Minister of the Republic of Armenia @NikolPashinyan https://t.co/XshAQL1exj
— Charles Michel (@eucopresident) April 6, 2022
Ըստ ԵԽ հաղորդագրության՝ Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է երկկողմ մարդասիրական քայլերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Միշելն ընդգծել է մարդասիրական բոլոր խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ՝ մնացած կալանավորված անձանց ազատ արձակումը և անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: «ԵՄ-ն նույնպես կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և ավելացնել ֆինանսական օգնությունը, այդ թվում՝ օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը»։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Շառլ Միշելն ընդգծել է այն հանգամանքը, որ և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունեն արագորեն առաջ շարժվել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը թույլ կտա ուշադրություն հրավիրել բոլոր անհրաժեշտ խնդիրների վրա։
«Երկկողմանի սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենա։ Այդ նպատակով, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ձևավորել սահմանային համատեղ հանձնաժողով»։
Այդ հանձնաժողովը մանդատ է ունենալու սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանն ու ապահովել կայուն անվտանգային իրավիճակ սահմանագծի երկայնքով ու դրա մերձակայքում:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, Շառլ Միշելն ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:
Եռակողմ հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների/կապի ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Շառլ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին ճանապարհային կապերի վերականգնման համար գտնել արդյունավետ լուծումներ։ «ԵՄ-ն պատրաստ է աջակցել հաղորդակցության ուղիների զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը՝ ընդհանուր նախագծերը վերհանելու համար»։
Հաղորդագրության վերջում նշվում է, որ առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքում ձեռբերված պայմանավորվածություններին և պահպանել ներգրավվածությունը։
Ավելի ուշ, Շառլ Միշելը նաև թվիթերյան գրառում է արել, որտեղ նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
Productive evening with @presidentaz and @NikolPashinyan with concrete and tangible results. Commitment to work on the preparation of a future peace treaty that would address all necessary issues.
— Charles Michel (@eucopresident) April 6, 2022
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել խաղաղությանապագա պայմանագրի պատրաստման շուրջ, որը թույլ կտա ուշադրություն հրավիրել բոլոր անհրաժեշտ խնդիրների վրա»,- գրել էր Եվրոպական խորհրդի նախագահը։
Լուսանկարը՝ Շառլ Միշելի թվիթերյան միկրոբլոգից
Մեկնաբանել