HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու կենտրոնում կարգելվի մայթերին կազմակերպվող բացօթյա ապօրինի առեւտուրը

Գյումրու կենտրոնական հատվածում՝ Հաղթանակի պողոտա, Արագած ճեմափողոց, Շահումյան փողոց եւ շուկայամերձ` Լաչինի միջանցք կոչվող հատվածում, բացօթյա առեւտուրն արգելելու օրակարգ են մշակել քաղաքային իշխանությունները: Մայթերը հետիոտնին վերադարձնելու նպատակն այստեղ գերակա չէ, քանի որ տարբեր չափերի, դիզայնի ու նշանակության տաղավարներն առայժ կշարունակեն իրենց գործունեությունը: Առաջնահերթությունը տրվելու է բացօթյա առեւտրի արգելմանը:

«Մենք չենք կարող միանգամից մեծ գործընթաց սկսել,-բացատրում է Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը,-առայժմ ցանկանում ենք արգելել բացօթյա ապօրինի առեւտուրը, մարդկանց տեղափոխել շուկա, կազմակերպել քաղաքակիրթ առեւտուր, մայթերն ազատել տարատեսակ արկղերի, սեղանիկների վրա, սանիտարահիգիենիկ ոչ ճիշտ պայմաններում կատարվող սննդամթերքի վաճառքից: Հետագայում, իհարկե, կմտածենք նաեւ տաղավարների մասին: Դրանք պատկանում են իրավաբանական անձանց եւ կան վարձակալական պայմանագրեր, որը թույլ չի տալիս ինչ որ մի որոշումով չեղարկել»:

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն իր հարցազրույցներում մշտապես նշել է, որ մետաղյա, ժամանակավոր տաղավարները տեղադրելու թույլտվությունները տրվել են 5-ից մինչեւ 99 տարով: Դրանք պարտադիր կհեռացվեն, եթե քաղաքային իշխանությունները որոշեն քաղաքաշինական ծրագիր իրականացնել: Թե ինչ տիպի քաղաքաշինական ծրագրերի մասին է խոսքը, գլխավոր ճարտարապետը երբեւէ չի մանրամասնել: 

Եթե հղում անենք տրամաբանությանն ու ընդունենք, որ մայթը նախատեսված է հետիոտնի անվտանգ անցուդարձի համար, ապա թերեւս միակ քաղաքաշինական ծրագիրը, որ պետք է իրականացվի, դրանք տաղավարներից ազատելը, բարեկարգելը եւ վերադարձնելն է իրական տերերին: Պատկերացնելու համար, թե ինչպիսի վտանգավոր տեղաշարժի մասին է խոսքը, բավական է օրվա մեջ անցնել Հաղթանակ եւ Շահումյան փողոցներով, որտեղ մարդիկ ստիպված են կամ՝ տեղաշարժվել մայթերին առեւտուր անողների շարքերի միջով՝ միմյանց կոխկրտելով ու հրմշտելով, կամ փողոցով՝ մեքենայի տակ ընկնելու վախը սրտում:

Մայթերի զավթումը սկսվել էր երկրաշարժից հետո՝ սեղանիկների տեսքով: Հետագայում դրանց տեղում հայտնվեցին մետաղական տաղավարներ: Գլխավոր ճարտարապետը, որն աշխատել է նաեւ Վարդան Ղուկասյանի ղեկավարման օրոք, մշտապես նշել է, որ տեղադրման թույլտվություն տալիս հաշվի են առել մարդկանց սոցիալական ծանր վիճակը: Անցել է 25 տարի: Պայմանավորված այդ նույն սոցիալական վիճակով՝ քաղաքի կենտրոնական հատվածում պատկերը ոչ միայն չի փոխվել, այլեւ ավելի է խտացել: Երբ ժամանակավոր տաղավարների փոխարեն շատ տեղերում վեր բարձրացան քարաշեն խանութներ, հույս արթնացավ, որ մայթերը վերջապես կազատվեն բացօթյա առեւտուր անողներից: Սակայն ներկայում դիտարկվում է հակառակ պատկերը: Յուրաքանչյուր քարաշեն խանութի դիմաց, եթե կա 1-2 մետր ազատ տարածք, որտեղ հնարավոր է մի քանի արկղ ու աթոռ դնել, սննդի բացօթյա վաճառք է իրականացվում: 

«Փողոցում առեւտուր անողներին տարիներ շարունակ չնեղացնելու սկզբունքն եղել է այն, որ ընտանիք են պահում, օրվա հացի հարց են լուծում: Որեւէ մեկը չի վիճարկում այդ տարածքներում գտնվող մարդկանց՝ ապրուստի համար աշխատելու ցանկությունը, դրա համար էլ մենք իրենց ալտերնատիվ ենք առաջարկում՝ կանոնակարգված, բարեկարգ շուկա, որտեղ կպահպանվեն պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները, կլինի շուկա հասկացությունը, սնունդը չի վաճառվի մայթից, կեղտն ու փոշին չի նստի կանաչիի, պանրի, ձկան վրա եւ այլն: Չենք ունենա պլաստիկ շշերով կովի կաթի վաճառք, չպաստերիզացված, մի քանի ժամ արեւի տակ մնացած: Խնդիրները շատ են,-նշում է Դավիթ Առուշանյանը,-եւ մենք հիմա պատրաստ ենք մտնել այդ բեռի տակ: Գիտենք, որ ընդդիմացողներ լինելու են, սակայն քաղաքի զարգացման ներկայիս տեսլականն այլ ընտրություն չի թողնում մեզ»:

Գյումրու քաղաքային իշխանություններն, ըստ փոխքաղաքապետի, որդեգրել են քաղաքի զարգացման պատմամշակութային ուղղությունը՝ շեշտը դնելով զբոսաշրջության վրա: Սրանով պայմանավորված՝ օրախնդիր է դարձել քաղաքի կենտրոնը, որ մտնում է Կումայրի պատմական միջուկի մեջ, հնարավորինս բարեկարգելու, աչքի համար առավել հաճելի դարձնելու ծրագիրը: «Տուրիստները Ձիթողցյանների տուն-թանգարանից մինչեւ Վարդանանց հրապարակ հասնելն անցնում են հենց Հաղթանակ պողոտայի մայթերին առեւտուր անողների միջով, այնուհետ Արագած ճեմափողոցով հասնում են Շահումյան փողոցի սկզբնամասի մայթային շուկա եւ արդեն չգիտեմ ինչ տիպի տպավորություններով փորձում հասկանալ, պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Գյումրու պատմական միջուկը: Մենք անընդհատ խոսում ենք մշակույթից, փորձում ենք շենքերը վերականգնել, փողոցներն ենք բարեկարգում եւ այս համատեքստում մայթերը թողնել արեւելյան շուկայի վերածել, կարծում եմ՝ անթույլատրելի է»,-նկատում է զրուցակիցս:

Շրջանառվող լուրերը, թե նշված տարածքներում առեւտուր անողները գումար չեն վճարում, իրականությանը չի համապատասխանում: Օրվա ընթացքում կարելի է հանդիպել տետրն ու գրիչը թեւատակին շրջող մարդկանց, որոնք մայթերին առեւտուր անողներից գումար են գանձում: Դավիթ Առուշանյանն ասում է, որ իրենք հստակ չգիտեն՝ ինչ վճարների մասին է խոսքը, կոնկրետ իրենք առաջարկում են այդ մարդկանց տեղափոխվել շուկայի տարածք, որտեղ մեկ մետրի համար կվճարեն ընդամենը 300 դրամ: 

«Գիտեք, որ քաղաքում կա Լենինականի հին շուկան եւ նախկին միկրոշարժիչների գործարանի տեղում ձեւավորված փակ շուկա: Երկու տարածքների սեփականատերերի հետ էլ խոսել ենք: Լենինականի հին շուկան վերականգնելու ծրագիրը մի քանի տարի է տեւելու եւ ուղղվածությունն էլ մի փոքր այլ է լինելու, դրա համար ընտրել ենք երկրորդ տարբերակը: Սեփականատերը համաձայնվել է: Պայմանավորվել ենք, որ փողոցից շուկա տեղափոխվողներն առաջին ամիսը չեն վճարի, իսկ հետո մեկ տարի կվճարեն 300 դրամ: Մենք վերահսկելու ենք, որ սեփականատերը հանկարծ կամայականորեն գինը չբարձրացնի,-հավաստիացնում է Դավիթ Առուշանյանը,-այդտեղ կա եւ փակ, եւ բաց տարածք, կա սանհանգույց, մեքենաների անցուդարձ չկա, այսինքն` մթերքը չի վաճառվի կեղտի ու փոշու մեջ: Մենք կլուծենք երկու խնդիր՝ կունենանք քաղաքակիրթ շուկա եւ ազատ մայթեր»:

Ապրիլի 8-ին այս խնդրի վերաբերյալ քաղաքապետարանում հանրային քննարկում է լինելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter