
Ֆրանսիական համալսարանի ռեկտոր. «Ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը և հեռանում եմ մեծ հիշողություններով»
Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Այն հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը:
Նշելով, որ ավարտվում է տիկին Լը Մորզելեկի աշխատանքային գործունեության ժամկետը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ Ա.Աշոտյանն ընդգծել է ռեկտորի անձնական նվիրումը:
«Ֆրանսիական համալսարանը տիկին ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրոք նույնպես ապրել է Հայաստանի հետ միասին՝ Հայաստանի կրթական համակարգին օգնելով և կիսելով նույն խնդիրները: Այս ընթացքում իրականացվել են մի շարք լավ ծրագրեր, և շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները՝ բուհը թևակոխել է զարգացման նոր փուլ»,- ասել է Ա.Աշոտյանը:
Ռեկտորը նշել է. «Աշխատելով Հայաստանում՝ ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը և հեռանում եմ մեծ հիշողություններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեկ անգամ ոտք ես դնում, այլևս չես կարող չվերադառնալ: Որպես ռեկտոր՝ ես փորձել եմ միշտ ի կատար ածել, հարգել, պաշտպանել ՀՀ օրենսդրության պահանջները»:
ԿԳՆ-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Մեկնաբանել