HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փառուխի դեպքերի շուրջ Ալիևի հետ քննարկումները չհանգեցրին միասնական գնահատականի․ Փաշինյան

Կառավարության ապրիլի 7-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ անդրադարձավ նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ հայտնելով, որ հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ է որոշում կայացվել։

«Առաջինը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ։ Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն։ Կառավարության նախորդ նիստում ունեցած ելույթում ես բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր ունեցած նկատառումները, և տեղյակ եք՝ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների՝ ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը։ Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռանային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա։ 

«Ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին միասնական գնահատականի։ Այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն անում ենք և կանենք։ Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ, ըստ այդմ ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»,- նշեց կառավարության ղեկավարը։

Վարչապետը հայտնեց, որ կարևոր է համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը։

Հաջորդ որոշումը, ըստ Փաշինյանի, մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձաժողով ստեղծելու մասին էր. «Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ, առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը։ Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են»։

Վարչապետի խոսքով՝ այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքում, դե յուրե հիմնավորված արձանագրումների՝ իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա։ 

«Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում։ Քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ։ Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագրերը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը։ 

Արցախյան երկու պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ արցախյան առաջին պատերազմից։ Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»,- ասաց վարչապետը՝ հայտնելով, որ երկու ուղղություններով առաջ ընթանալու համաձայնություն է ձեռք բերվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter