Ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը
2021-2022 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքներն ամփոփվել են, լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները հյուրընկալվել են Երևանի պատմության թանգարանի շենքում և պարգևատրվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
16 առարկայից օլիմպիադայի այս փուլին մասնակցել է Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների և կրթահամալիրների 2211 աշակերտ: Նրանցից 430-ը տարբեր առարկաներից արժանացել են դիպլոմների և գովասանագրերի:
Առաջին կարգի դիպլոմով է պարգևատրվել 68 աշակերտ, 111-ը՝ երկրորդ և 181-ը՝ երրորդ կարգի դիպլոմով:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհավորելով աշակերտներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ, շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ երեխաների բարձր գիտելիքների և նվիրված աշխատանքի համար:
Առարկայական օլիմպիադաները ոչ միայն գիտելիքների ստուգման հնարավորություն են տալիս, այլև ձևավորում ընկերություն դպրոցականների միջև:
Պարգևատրումից հետո աշակերտները շրջել են թանգարանում, ծանոթացել քաղաքի 2804-ամյա պատմությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել