«Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով
Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից առցանց ձևաչափով կազմակերպված «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես եկավ բացման խոսքով: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։
«Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Չինաստանի հասարակական գիտությունների գլխավոր քարտուղար Ճաո Ցին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը, ՇՀԿ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Շըն Վեյը։
Ողջույնի խոսքերում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների 30-ամյա ուղուն, արձանագրված հաջողություններին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ.Սաֆարյանը նշեց, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իր ստանձնած պարտավորություններին: Ընդգծվեց, որ անվտանգությունն ու խաղաղությունը կարող են ապահովվել միայն ներգրավված բոլոր կողմերի ջանքերով և կամքով։
Գիտաժողովը շարունակվել է երկու երկրների հետազոտողների զեկույցներով երկկողմ հարաբերությունների և դրանց վրա անմիջական ազդեցություն ունեցող թեմաների վերաբերյալ»,- նշված է կայքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել