HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին դադարեցվեց. Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ քվեարկեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացմանը։ Անտիգուա և Բարբուդայի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Վրաստանի, Ճապոնիայի, Լիբերիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցչության միացյալ բանաձևին կողմ քվեարկեց 93 երկիր, դեմ` 24-ը, իսկ ձեռնպահ մնաց 58 երկիր։

Ի տարբերություն Ուկրաինայի հարցով նախորդ երկու քվեարկությունների, որտեղ Հայաստանը ձեռնպահ էր քվեարկել, այս անգամ մեր երկիրը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։

Դեմ քվեարկած երկրների թվում են Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Չինաստանը, Կոնգոն, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Եթովպիան, Գաբոնը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լաոսը, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Վիետնամը և Զիմբաբվեն։

Հայաստանից զատ քվեարկությանը չեն մասնակցել նաև Աֆղանստանը, Ադրբեջանը, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Գվինեան, Լիբանանը, Մավրիտանիան, Մարոկկոն, Ռուանդան, Սան Թոմե և Պրինսիպին, Սողոմոնի կղզիները, Սոմալին, Թուրքմենստանը, Վենեսուելան և Զամբիան։

Տարօրինակն այն է, որ նախկինում ռուսամետ քվեարկություն իրականացրած Վենեսուելան այս անգամ չի մասնակցել քվեարկությանը։ Իսկ օրինակ Սերբիան և Հունգարիան, որոնց առաջնորդները բազմիցս քննադատության են ենթարկվում ռուսամետ հայտարարությունների և գործողությունների համար, կողմ են քվեարկել ՄԱԿ-ի այդ կառույցից Ռուսաստանի հեռացմանը։ Թուրքիան ևս կողմ քվեարկած պետությունների շարքում է։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացման հարցը բարձրացվեց այն ժամանակ, երբ Ուկրաինան ու արևմտյան երկրները հայտարարեցին, որ Կիևի մարզի Բուչա քաղաքում հայտնաբերվել են սպանված խաղաղ բնակիչների հարյուրավոր մարմիններ։ Ուկրաինական կողմը պնդում է, որ այդ անձինք սպանվել են ռուսական զորքերի կողմից, երբ քաղաքը գտնվում էր նրանց վերահսկողության տակ։ Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, թե դա ուկրաինական բեմադրություն է։

Լուսանկարը՝ TASS / AP Photo / Seth Wenig

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter