
Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց Մարտի 1‐ի գործով
Մի շարք երկրներում (նստավայրը՝ Ստոկհոլմ) Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով: Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Արզումանյանի անմեղությունը իրեն վերագրվող արարքում:
Արզումանյանը իր գործը վերանայելու վերաբերյալ Վճռաբեկ բողոք է ներկայացրել 2020 թվականին, Վճռաբեկ դատարանն այն վարույթ է ընդունել և որոշել բողոքը քննել դատական նիստով:
Բողոքից հետո` 2021 թվականի օգոստոսին ՄԻԵԴ-ը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով Արզումանյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: ՄԻԵԴ-ի նման վճիռն ինքնին նոր հանգամանք է` գործի վերանայման համար:
Դատախազության ներկայացուցիչ Ազատ Մարգարյանը նիստի ընթացքում դիրքորոշում հայտնեց, որ բողոքը ենթակա է բավարարման:
Հիշեցնենք, որ Արզումանյանը 2009թ.-ին մեղավոր էր ճանաչվել` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել ու որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել:
Մեկնաբանել