Դրական գնահատականներ` Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությանը
Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրել է, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալու ուղղությամբ: Մասնավորապես նշվել են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ընտրողների անձնագրերի վրա դրվող դրոշմակնիքների` սահմանված ժամկետից շուտ անհետացող թանաքների օգտագործման, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում քարոզչական բնույթի միջոցառումներ կազմակերպման հարցերի վերաբերյալ:
Ներկայացվել են խմբի գործունեության շրջանակներում իրականացված մյուս աշխատանքները եւս, որոնք թե տեղի, թե արտասահմանցի մասնակիցների կողմից գնահատվել են դրական: Առաջարկներ են արվել այս ձեւաչափով աշխատանքներ հետագայում եւս կազմակերպելու նպատակահարմարության մասին:
Ս. Նիկոյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի կարեւոր առաքելություններից մեկն Ընտրական օրենսգրքի նոր դրույթների կիրարկման մոնիթորինգն էր, բացահայտելը, թե որքանով են դրանք կենսունակ բուն ընտրական գործընթացներում: Հնչել են տարբեր դիտարկումներ, որոշվել է եղած առաջարկները գրավոր հավաքագրել եւ համապատասխան կարգով ներկայացնել հինգերորդ գումարման Ազգային ժողովին:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին շահագրգիռ մասնակցության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա հատկապես կարեւորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը` ընդգծելով հետագայում եւս նրանց ներուժը խորհրդարանի աշխատանքներում ամենայնս օգտագործելու նպատակահարմարությունը:
Որոշվել է ԱԺ նախագահին կից մոնիթորինգային հանձնաժողովի կատարած աշխտանքների կապակցությամբ հանդես գալ միասնական հայտարարությամբ:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել