Պատերազմ Ուկրաինայում, օր 45 (առցանց լուսաբանում)
«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 10-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։
22:15
Ուկրաինան և Ռուսաստանն իրականացրել են գերիների երրորդ փոխանակումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
22:00
Կուրսկի մարզի նահանգապետը հայտարարել է Ուկրաինայի տարածքից սահմանային անցակետի ուղղությամբ ականանետային կրակի արձակման մասին։
21:52
Ուկրաինայից անմիջապես հետո Եվրամիության անդամակցության բանակցությունների նախապատրաստման հարցաթերթ կստանան նաև Վրաստանն ու Մոլդովան։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Օլիվեր Վարհեյին։
President @vonderleyen handed over the questionnaire to #Ukraine yesterday and I will hand the questionnaire over to #Georgia & #Moldova on Monday. The answers will help @EU_Commission to prepare opinions on #EU applications of the three countries, as asked by #EUCO. pic.twitter.com/4fHwWcEIs5
— Oliver Varhelyi (@OliverVarhelyi) April 9, 2022
21:39
Deutsche Welle հեռուստաընկերությունը պատմել է Չեռնիգովի մոտ գտնվող Յագոդնոյե գյուղի բնակիչների մասին, որոնք, ըստ նրանց խոսքերի, գրեթե մեկ ամիս ապրել են դպրոցի նկուղում, որտեղ իրենց փակել էին ռուսաստանցի զինվորականները։
21:24
РИА Новости-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Խերսոնի մարզային վարչակազմի շենքի վրա բարձրացվել է ռուսական դրոշը։
21:04
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից այն խոսքերից հետո, որ Ուկրաինայում պատերազմը «կհաղթվի մարտի դաշտում»։
20:34
Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար պատրաստում է ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ։
Today I met my friend President @ZelenskyyUa in Kyiv as a show of our unwavering support for the people of Ukraine.
— Boris Johnson (@BorisJohnson) April 9, 2022
We're setting out a new package of financial & military aid which is a testament of our commitment to his country's struggle against Russia’s barbaric campaign. pic.twitter.com/KNY0Nm6NQ3
20:23
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը կոչ է արել արգելափակել YouTube-ը, որպեսզի «որևէ VPN-ով հնարավոր չլինի մուտք գործել»։
19:51
Ռուսական թանգարանների ցուցանմուշները, որոնք ցուցադրվել էին Իտալիայում և ԵՄ պատժամիջոցների պատճառով ֆիննական սահմանին ձերբակալվել էին, բեռնատարների միջոցով ուղարկվել են Ռուսաստան։
19:43
Վլադիմիր Զելենսկի. Մարիուպոլը գրոհով ցանկանում է վերցնել 10 հազար զինծառայող
Այդ մասին Ուկրաինայի նախագահը պատմել է Կիևում Ավստրիայի կանցլերի հետ առավոտյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Մարիուպոլը կանգուն է։ Ինչքա՞ն կդիմադրի Մարիուպոլը։ Այնտեղ մեր զինվորներն են՝ հզոր, պինդ, ամենամուրներից մեկը, և դուք դա լավ գիտեք։ Նրանց շուրջ այսօր 10 000 ռուսաստանցի զինվոր կա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
19:21
Վլադիմիր Զելենսկու տելեգրամյան ալիքում հայտնվել է նրա համատեղ լուսանկարը Բորիս Ջոնսոնի հետ։
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ռուսական ներխուժման ամենասկզբունքային հակառակորդներից մեկն է, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումների և Ուկրաինային ռազմական օգնության առաջնորդը։ Ողջունում եմ քեզ Կիևում, ընկե՛ր»,- գրել է Զելենսկին։
19:10
Լուգանսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները Ռուբեժնոյե քաղաքի մոտ հարվածել են ազոտական թթվածնի ցիստեռնին։ Համանման հարվածի մասին Գայդայը հայտնել էր նաև ապրիլի 5-ին։
19:06
Եվրոպական դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելը նկարագրել է իր եզրակացությունները՝ Ուկրաինա կատարած այցի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է ուժեղանա, իսկ Ուկրաինային օգնությունը, այդ թվում՝ ռազմական, պետք է մեծանա։ «Այս պատերազմը կհաղթվի մարտի դաշտում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բորելը։
Touched by the resilience, determination and hospitality of @ZelenskyyUA & @Denys_Shmyhal.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) April 9, 2022
I return with a clear to do list:
1. This war will be won on the battlefield. Additional €500 million from the #EPF are underway. Weapon deliveries will be tailored to Ukrainian needs. pic.twitter.com/Jgr61t9FfW
19:03
Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ Ղրիմի բանտերից հանում են կալանավորվածներին, որպեսզի տեղ ազատեն այն ուկրաինացիների համար, որոնք առևանգվել են Ուկրաինայի բռնազավթված հարավային տարածքներից։
18:46
Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև և հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։
18:23
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դատապարտում է Բուչայում սպանություններն ու ամբողջությամբ աջակցում միջազգային հետաքննությանը, որն ուղղված է արյունահեղության մեղավորների հայտնաբերմանը։ Այդ մասին հայտարարել է Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդներից մեկը ապացույցներ է պահանջել, որ Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունը բեմադրություն չէ։ Զելենսկին չէր տվել այդ առաջնորդի անունը, բայց ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ խոսքը Օրբանի մասին է։
Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր. «Եթե վարչապետ Օրբանն ասում է, որ այդքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է Բուչայում կատարվում, ես նրան խորհուրդ կտայի դիմել ակնաբույժի»։
17:57
Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը պնդում է, որ Խարկովի մոտ գտնվող Օլխովկա գյուղում հայտնաբերել է ռուսաստանցի զինծառայողների եղբայրական գերեզման։
17:35
Էստոնացի սահմանապահները չեղարկել են մի քանի օտարերկրացիների մուտքի արտոնագրեր, որոնց մոտ հայտնաբերվել են Z տառով խորհրդանիշը, գեորգևյան ժապավեններ և ռուսական բանակի զինվորական համազգեստի տարրեր։
17:25
Քսենյա Սոբչակը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ բնակության վայրի փոփոխության մասին լոււրերն ու հայտարարել, որ գտնվում է Մոսկվայում։
Ավելի վաղ, իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սոբչակը, որդու հետ միասին, ստացել է Իսրայելի քաղաքացիություն։
17:22
Bloomberg գործակալությունը հայտնում է, որ կառավարություններն սառեցրել են Ռուսաստանի արժույթային պահուստների մոտ կեսը։
17:19
Շոլցը՝ Պուտինին. «Դու կործանում ես քո երկրի ապագան»
«Վլադիմիր Պուտինին բնորոշ է կայսերական մտածելակերպը, որը մեզ հայտնի է ХIX, XVIII, XVII և մյուս դարերում»,- ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հերթական անգամ Ռուսաստանի նախագահից պահանջելով Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցում։
«Դու կործանում ես քո երկրի ապագան»,- դիմելով Պուտինին ասել է Շոլցը։ Այդ հայտարարությունը նա արել է Լյուբեկում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական հավաքի ժամանակ։
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Բուչայի համար մեղավորները պետք է կրեն իրենց պատիժը։ «Դա հնարավոր չէ մոռանալ»,- ասել է Շոլցը և հավելել, որ Բեռլինը կշարունակի Ուկրաինային հատկացնել պաշտպանական զինտեխնիկա։
«Եվրոպական սահմանները պետք է անխախտ մնան»,- եզրափակել է Շոլցը։
17:15
ՄԱԿ. 11,4 միլիոն ուկրաինացի պատերազմի պատճառով լքել է իր տունը։
17:12
Ռոսկոմնադզորն արգելափակել է «Холод» պարբերականի կայքը։
16:39
Եվրամիությունը, պատժամիջոցների հինգերորդ փաթեթի իրականացման շրջանակներում արգելել է ավտոտրանսպորտային միջոցներով, այդ թվում տրանզիտ, բեռնափոխադրումների իրականացումը Ռուսաստանից և Բելառուսից։ Այդ մասին հայտնում է ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը։
16:23
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ստացել է իսրայելական քաղաքացիություն։ Այդ մասին հայտնում է Haaretz թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նախօրեին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի քաղաքացիություն է ստացել նաև երգիչ Մորգենշտերնը։
16:12
Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը ժամանել է Կիև, որպեսզի բանակցություններ վարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնի ուկրաինացի ժողովրդին։ Ապրիլի 9-ին Նեհամերը նախատեսում է այցելել Բուչա քաղաք, որտեղ հայտնաբերվել էին սպանված խաղաղ բնակիչների մարմիններ։ Զելենսկու գրասենյակի տվյալներով՝ երկու երկրների առաջնորդները «քննարկել են Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումների ուժեղացումը, ագրեսորի նկատմամբ էներգետիկ և նավթային էմբարգոն, ինչպես նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը»։
14:34
CNN. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կարող են հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրության մասին։
14:19
YouTube-ն արգելափակել է Պետդումայի ալիքը։
14:06
⚡️ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ՌԴ տարածքում YouTube-ի հնարավոր արգելափակման մասին։
13:58
Իտալիան վերականգնում է Կիևում իր դեսպանության աշխատանքը։
Զատկից անմիջապես հետո Կիևում իտալական դեսպանության աշխատանքները կվերսկսվեն։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն։
«Մենք վերջինն էինք, որ հեռացանք և մենք կլինենք առաջիններից մեկը, որ կվերադառնանք»,- ասել է դի Մայոն՝ հավելելով, որ արևմտյան աշխարհը պետք է ուժեղացնի դիվանագիտական ճնշումը ռուսական նախագահի վրա, որպեսզի հասնի հրադադարի։
Առաջին երկիրը, որն իր դիվանագիտական ներկայացուցչությունը վերադարձրել է Կիև, Թուրքիան է։
13:47
Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայից Լեհաստան է մեկնել ավելի քան 2,6 միլիոն մարդ։
Լեհ սահմանապահները նշում են, որ վերջին շաբաթներին հարկադիր տեղահանվածների թիվն էականորեն կրճատվել է։ Ուրբաթ օրը, օրինակ, սահմանը հատել է 27 500 մարդ, ի տարբերություն մարտի 6-ի, երբ այն հատել էր 142 300 մարդ։ Մինչպատերազմական ժամանակաշրջանում լեհ-ուկրաինական սահմանն ամեն օր միջինում հատում էր 16 800 մարդ։
Ավելանում է նաև այն մարդկանց թիվը, որոնք վերադառնում են Ուկրաինա։ Օրինակ, նույն ուրբաթ օրը Լեհաստանից Ուկրաինա է վերադարձել մոտ 16 800 մարդ։
13:36
Խերսոնում առևանգվել է մարզային վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պուտիլովը, հայտնում են «Украинская правда»-ի աղբյուրները։
Խերսոնը ուկրաինական միակ մարզկենտրոնն է, որը կարողացել են գրավել ռուսական զորքերը։ Մարտի կեսերին Ուկրաինայի իշխանությունները հայտնեցին ՌԴ մտադրության մասին, այստեղ անցկացնելու հանրաքվե, Խերսոնի ժողովրդական հանրապետության ստեղծման հարցով։
13:19
Եվրամիության անդամ երկրներից մեկը պահանջել է ապացույցներ ներկայացնել, որ ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակչության սպանությունը բեմադրված չի եղել։ Այդ մասին Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զրույցի ժամանակ նա հրաժարվել է նշել այդ առաջնորդի անունը։
«Украинская правда»-ի աղբյուրները հայտնում են, որ խոսքը գնում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին։
12:49
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը: Հիմնական մտքերը.
- Ռուսաստանը շարունակում է պատրաստությունները Ուկրաինայի արևելքի վրա հարձակման համար, որպեսզի ամբողջական վերահսկողություն հաստատի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքների վրա։
- Վոլինսկի և Պոլեսկի ուղղություններով ակտիվ գործողություններ չեն եղել։
- Զորքերի վերախմբավորման նպատակով հակառակորդն իրականացնում է ստորաբաժանումների տեղափոխում Արևելյան ռազմական օկրուգի 35-րդ համազորային բանակից և Բելգորոդի և Վորոնեժի մարզում ՌԴ զինված ուժերի օդադեսանտային զորքերի 76-րդ դեսանտագրոհային դիվիզիայից։
- Հյուսիսային ուղղությամբ հակառակորդն ավարտում է Բրյանսկի և Կուրսկի մարզերում Կենտրոնական ռազմական օկրուգի ուժերի վերախմբավորման իրականացումը և ստորաբաժանումների մարտունակության վերականգնումը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզեր 41-րդ համազորային բանակի և 90-րդ տանկային դիվիզիայի կազմից առանձին ստորաբաժանումների տեղափոխումը։
- Սլոբոժանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է Խարկովի մասնակի արգելափակումն ու ինտենսիվ ռմբակոծությունը։
- Իզյումի ուղղությամբ հակառակորդը առանց հաջողությունների հարձակումներ է իրականացրել Բրաժկովա և Սուլիգովկա բնակավայրերի ուղղությամբ։
- Դոնեցկի ուղղությամբ թշնամին շարունակել է հարձակողական գործողությունները։ Ռուսաստանցիների հիմնական ուժերը կենտրոնացված են Ռուբեժնոյե, Նիժնեյե, Պոսասնայա և Նովոբախմուտովկա բնակավայրերի նկատմամբ վերահսկողության ձեռքբերման և Մարիուպոլ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման ուղղությամբ։
- Յուժնոբուժսկիի ուղղությամբ հակառակորդը ուժեղացրել է հետախուզության իրականացումը։ Հրետակոծության են ենթարկվել Մարյանսկոյե, Նովովորոնցովկա, Նովոգրիգորովկա և Շևչենկովո բնակավայրերը։ Ղրիմի տարածքից շարունակվում են հրթիռակոծվել Օդեսայի մարզի բնակավայրերը։
- Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում ապրիլի 8-ին Ուկրաինայի զինված ուժերը հետ են շպրտել թշնամու յոթ հարձակում, ոչնչացրել 9 տանկ, 7 միավոր զրահապատ և 5 միավոր ավտոտեխնիկա։
- Մեկ օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի չորս օդային թիրախ. երկու ուղղաթիռ, մեկ անօդաչու և մեկ թևավոր հրթիռ։
12:30
ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.
- Բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկա բնակավայրի մոտ գտնվող զինամթերքի խոշոր պահեստը։
- Պոլտավայի մարզի Միրգորոդ քաղաքի ռազմական օդակայանում ոչնչացվել է ուկրաինական մեկ МиГ-29 կործանիչ և Ми-8 ուղղաթիռ, ինչպես նաև ավիացիոն խոցման միջոցների պահեստ։
- ՀՕՊ միջոցներով Բելոգորկայի, Կրասնոգորովկայի և Կրուտայա Բալկայի մոտ խոցվել է ուկրաինական չորս անօդաչու։
- Ռուսական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի ռազմական 85 օբյեկտ, այդ թվում կառավարման երկու կետ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք կայան, չորս ինքնագնաց հրետանային միավոր, նյութատեխնիկական ապահովման երկու պահեստ, ինչպես նաև չորս հենակետ և ուկրաիանական ռազմատեխնիկայի կենտրոնացման շրջան։
- Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացվել է 127 ինքնաթիռ, 98 ուղղաթիռ, 425 անօդաչու, 2 031 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 228 ռեակտիվ համակարգ, հրետանային և ականանետային 880 միավոր, ինչպես նաև 1932 միավոր հատուկ ռազմական ավտոտեխնիկա։
12:23
Nikkei թերթը գրում է, որ Mitsubishi Motors-ը դադարեցնում է Կալուգայի իր գործարանում ավտոմեքենաների արտադրությունը։
12:21
Օդեսայում պարետային ժամ է հայտարարվել մինչև երկուշաբթի օրը
Օդեսայում մտցվում է երկարաժամկետ պարետային ժամ։ Ինչպես մեկնաբանել են տեղական իշխանությունները, դա պայմանավորված է Կրամատորսկի ողբերգության հետ, որին վերջին տվյալներով զոհ է գնացել 52 մարդ։
Սահմանափակումները կգործեն ապրիլի 9-ին, ժամը 21:00-ից մինչև ապրիլի 11-ը, ժամը 06:00-ն։
12:17
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու օրենսդրական նախագիծ է ստորագրել, որոնք ավելի վաղ ընդունվել էին Կոնգրեսի կողմից և կապված են Ուկրաինայում պատերազմի հետ։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Առաջին փաստաթղթով արգելք է դրվում Ռուսաստանից էներգակիրների ներկրման վրա։ Երկրորդը դադարեցնում է նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Դա նշանակում է, որ այդ երկրներից ներկրումը կզրկվի ամերիկյան շուկայում առավել արտոնված ռեժիմից։ ԱՄՆ իշխանությունները կկարողանան ռուսական և բելառուսական ապրանքների համար սահմանել ավելի բարձր մաքսատուրքեր, քան Առևտրի համաշխարհային կազմակերպության մյուս անդամ երկրների։
12:10
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային ֆինանսական օգնության համար հատուկ հաշվի բացումը։
Այդ գործիքի օգնությամբ դոնոր երկրները կկարողանան «դրամաշնորհներ և փոխառություններ ուղղել Ուկրաինայի վճարային հաշվեկշռի ու բյուջետային պահանջների բավարարմանը, ինչպես նաև նրա տնտեսության կայունացմանը»:
ԱՄՀ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Կանադայի կառավարությունն առաջարկել է իր դաշնային բյուջեից մինչև մեկ միլիարդ կանադական դոլար հատկացնել Ուկրաինային՝ հիմնադրամի հատուկ հաշվի միջոցով։
12:04
S&P վարկանիշային գործակալությունը արտարժույթով պարտավորությունների գծով Ռուսաստանի վարկային վարկանիշը իջեցրել է մինչև «ընտրովի դեֆոլտ» («SD») մակարդակի։
Ավելի վաղ, ՌԴ ֆինանսների նախարարությունը եվրոբոնդերի համար չէր կարողացել վճարել դոլարով՝ առաջին անգամ պարտքի դիմաց վճարումն իրականացնելով ռուբլիով։
11:56
Պենտագոնը պնդում է, որ Կրամատորսկի երկաթուղային կայարանին «Точка-У» հրթիռով հարվածել է Ռուսաստանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ապրիլի 8-ին մամուլի համար փակ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսաստանցիները պլանավորում են Կրամատորսկի ուղղությամբ հարձակմանը ներագրավել ՌԴ ԶՈւ 18-րդ մոտոհրաձգային դիվիզիային, որը բաղկացած է երեք մոտոհետևակային և զրահատանկային գնդերից։ «Մեր գնահատմամբ՝ սպասվում է, որ նրանք կկիրառվեն այնտեղ, որտեղ հարձակման է ենթարկվել երկաթուղային կայարանը։ Մենք տեսնում ենք այդ գոտում ստորաբաժանումների տեղաշարժ և ուժի կիրառում»,- ասել է Պենտագոնի պաշտոնյան։ Զորքերի տեղափոխումն իրականացվում է ռուսական Բելգորոդ և Վալույկա քաղաքների միջով, նշում է Պենտագոնի ներկայացուցիչը։
11:53
Ռուսական հրթիռակոծությունից հետո Չեռնիգովի վերականգնման համար անհրաժեշտ կլինի առնվազն 4 տարի։ Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն։ Ավելի վաղ, նա հայտնել էր, որ Չեռնիգովը 70 %-ով ավերված է։
11:45
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.
- Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինացի խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչպես, օրինակ, Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծումը։
- Ռուսական ռազմագործողությունները կենտրոնացած են Դոնբասի, Մարիուպոլի և Նիկոլաևի ուղղությամբ։ ՌԴ ռազմածովային ուժերը շարունակում են թևավոր հրթիռներ արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։
- Սպասվում է, որ Ուկրաինայի հարավում և արևելքում ռուսական ավիացիայի ակտիվությունը կմեծանա։
- Ռուսական ամբիցիաները ստեղծելու ցամաքային միջանցք Ղրիմի և Դոնբասի միջև նախկինի պես բախվում է ուկրաինական դիմադրության հետ։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 9 April 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) April 9, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/E0EjD3xPmZ
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/hswPju7mdi
11:41
Ռուսական զորքերը վերախմբավորվում են Ուկրաինայի արևելքում՝ Խարկովի վրա հարձակումից առաջ։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինվորական հետախուզության պետ, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովը։
«Նրանք վերախմբավորվում են Բելգորոդի միջոցով դեպի Իզյում քաղաքի կողմը։ Նրանք հավելյալ զորքեր են մտցնում Բելգորոդ, որպեսզի փոխհատուցեն Ուկրաինայում իրենց կորուստները։ Նրանք պլանավորում են առաջին հերթին հարձակվել Խարկովի վրա։ Նրանք կփորձեն իրենց ձեռքը վերցնել Մարիուպոլը և նոր միայն դրանից հետո, հնարավոր է, կփորձեն հարձակում ձեռնարկել Կիևի ուղղությամբ»,- պատմել է Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչը։
11:37
Տերնոպոլում ապամոնտաժել են Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։
Քաղաքապետը հայտարարել է, որ «ամեն ռուսական բան պետք է ապամոնտաժել։ Այդ թվում ռուս գրողի հուշարձանը»։
11:35
Դանիական Saxo Bank-ը տեղեկացրել է Ռուսաստանի և Բելառուսի իր հաճախորդներին, որ 2022 թվականի հունիսի 6-ից, պատժամիջոցների պատճառով, կդադարեցնի սպասարկել նրանց բրոքերային հաշիվները։ Սահմանափակումները չեն տարածվի այն քաղաքացիների վրա, որոնք ունեն Եվրամիության որևէ երկրի ռեզիդենտություն, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներից ներդրողների։
Saxo Bank-ը դարձել է առաջին օտարերկրյա բրոքերը, որը հրաժարվել է սպասարկել Ռուսաստանից հաճախորդներին։
11:34
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 176 և վիրավորվել ևս 324 երեխա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Ամենաշատը երեխաները տուժել են Դոնեցկի (102), Կիևի (91) և Խարկովի (76) մարզերում:
11:32
Երկու մարդ տուժել է Պոլտավայի մարզի Միրգորոդ քաղաքի գիշերային հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։ Նրա տվյալներով՝ հրթիռային հարվածը մեծ վնաս է հասցրել քաղաքային ենթակառուցվածքներին։
11:30
Ի՞նչ է կատարվել ապրիլի 9-ի գիշերը` հակիրճ.
- Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատժամիջոցների հինգերորդ փաթեթը։
- BBC. Ուկրաինայում ռազմական գործողությունների հրամանատարությունը փոխանցվել է գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին։
- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է շուտափույթ դիտարկել Ուկրաինայի ԵՄ անդամակցության դիմումը։
- Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։
Լուսանկարը՝ Fadel Senna/AFP via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել