HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բիլ Քլինթոնը պատմել է, որ ժամանակին Ելցինին ու Պուտինին առաջարկել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի անդամակցությունը

ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը The Atlantic պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ նշել է, որ իր նախագահության տարիներին Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինին, իսկ այնուհետև նրա իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է, որ Ռուսաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Քլինթոնը պատմել է, որ արել է հնարավորը, որ օգնի Ռուսաստանին «դառնալ XXI դարի մեծ ժողովրդավարություն»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին հատկացրել է 1,6 միլիարդ դոլար՝ Բալթյան երկրներից ռուսական զորքերի դուրսբերման, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցելու և մի շարք այլ խաղաղապահ առաքելությունների համար։ Բացի այդ, ըստ Քլինթոնի, Ռուսաստանը հրավիրվել է Մեծ յոթնյակ, որն արդյունքում վերածվեց Մեծ ութնյակի։

«Այդ ողջ ընթացքում մենք ՆԱՏՕ-ի դռները բաց ենք պահել Ռուսաստանի անդամակցության համար, ինչը ես հստակ հասկացրել եմ Ելցինին, իսկ հետո նրա իրավահաջորդին՝ Վլադիմիր Պուտինին»,- հայտարարել է Քլինթոնը։ ԱՄՆ նախկին նախագահը կեղծ է անվանել այն պնդումները, որ ամերիկյան իշխանությունները փորձել են մեկուսացնել Ռուսաստանին։

«Ընդհանուր առմամբ, ես Ելցինի հետ հանդիպել եմ 18 անգամ, իսկ Պուտինի հետ՝ 5 անգամ, որից երկուսը, երբ նա Ելցինի ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, իսկ երեք անգամ էլ՝ այն 10-ն ամիսների ընթացքում, երբ մեր նախագահական ժամկետները համընկնում էին։ Դա ընդամենը երեք հանդիպումով է քիչ 1943-1991 թվականներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումների թվից։ Այն միտքը, թե մենք անտեսել ենք, չենք հարգել կամ փորձել ենք մեկուսացնել Ռուսաստանին, կեղծ է։ Այո, ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, չնայած Ռուսաստանի առարկություններին, բայց ընդլայնումը կապված էր ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններով»,- գրել է Բիլ Քլինթոնը։

2017 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բիլ Քլինթոնին առաջարկել էր մտածել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ։ Պուտինի խոսքով՝ Քլինթոնը պատասխանել էր։ «Դե, ինչու չէ, ես դեմ չեմ», որից հետո, Ռուսաստանի նախագահը նշել էր, որ «ամերիկյան ողջ պատվիրակությունն անհանգստացավ»։

2022 թվականի փետրվարին Պուտինը հայտնել էր, որ այդ առաջարկը Քլինթոնին արել է 2000 թվականին Մոսկվա կատարած նրա այցի ժամանակ, իսկ ԱՄՆ նախագահի արձագանքը «միանգամայն զուսպ էր»։

ՆԱՏՕ-ի գոյության ողջ ընթացքում, որը հիմնադրվել է 1949 թվականին, Ռուսաստանը երեք անգամ փորձել է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ 1954 թվականին Մոսկվան առաջարկել էր, որ Խորհրդային Միությանը մտցնեն ՆԱՏՕ-ի կազմ։ 1990-ական թվականներին Բորիս Ելցինը ևս առաջարկել էր, որ Ռուսաստանը միանա Դաշինքին։ Եվ երրորդ անգամ, Մոսկվայում Քլինթոն-Պուտին քննարկումն էր այդ հարցի շուրջ։

Լուսանկարը՝ Stephen Jaffe/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter