HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում. կկարողանա՞ Էմանուել Մակրոնը վերընտրվել նախագահի պաշտոնում

Կիրակի օրը ֆրանսիացիները կքվեարկեն նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կորոշի, թե ով կղեկավարի Եվրոպական միության մեծությամբ երկրորդ տնտեսությունը և իր տեղը կունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակում, ինչը, ըստ BBC-ի, հատկապես կարևոր է, քանի որ Եվրամիության սահմանների հենց մոտ ընթանում է վերջին տարիների ամենախոշոր պատերազմներից մեկը՝ ռուս-ուկրաինական պատերազմը։

Հարցումների համաձայն՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնը ընտրությունների առաջատարն է։ Սակայն հարցումներում նրա առավելությունն ավելի քիչ է, քան 2017 թվականի ընտրությունների ժամանակ։ Մակրոնին փորձում է հասնել Մարին Լը Պենը և նրա «Ազգային միավորումը»։ Հարցումները ցույց են տալիս, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնն ընտրությունների հավանական երկրորդ փուլում, որը նախատեսված է ապրիլի 24-ին, ունի առավելություն ընդամենը 6 տոկոսային կետով։ BBC-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը, հարցումների արդյունքներով, Մարին Լը Պենը հավաքել է ընտրողների ձայների 48,5 %-ը, ինչը նրա քաղաքական կարիերայի ողջ ընթացքում ամենաբարձր արդյունքն է։

Ֆրանսիայի ընտրական համակարգը

Ֆրանսիայում գործում է երկփուլ ընտրական համակարգ, սակայն եթե թեկնածուներից մեկը հենց առաջին փուլի ժամանակ ստանում է ձայների 50 %-ից ավելին, ապա միանգամից ընտրվում է երկրի նախագահ, իսկ եթե ոչ, ապա ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ։

Երկրորդ փուլում էլ որոշվում է Ֆրանսիայի հաջորդ նախագահի անունը։ 

Ֆրանսիայի հաջորդ նախագահն իր լիազորությունների իրականացմանը կանցնի արդեն մայիսի 13-ից։

Մակրոն vs Լը Պեն առճակատում

Որոշ սոցիոլոգներ կարծում են, որ Մակրոնի հաղթանակի հավանականությունը, որը վերջին ամիսներին թերևս կանխորոշված էր, այժմ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում: Նույն հարցումները ցույց են տալիս, որ, էներգակիրների կտրուկ գնաճի և աճող ինֆլյացիայի պայմաններում, գնողունակությունը դարձել է ընտրողների գլխավոր մտահոգությունը։ Լը Պենը իր քարոզարշավը հաջողությամբ կենտրոնացրել է այս հանգամանքի վրա։

Չնայած ընտրողները դժգոհ են Մակրոնի տնտեսական քաղաքականությունից՝ վերջին տարիներին գործազրկությունը հասել է ամենացածր մակարդակին, իսկ հարցումների մասնակիցները կարծում են, որ նրա մրցակիցներից և որևէ մեկը ավելի մեծ ցուցանիշի չէր հասնի։

Լը Պենը ցանկանում է պահել 62 տարեկանում կենսաթոշակի անցնելու շեմը և իջեցնել այն մինչև 60 տարեկանի բոլոր այն անձանց համար, որոնք սկսել են աշխատել մինչև 20 տարեկանը։ 

Մակրոնը կարծում է, որ կենսաթոշակային տարիքի բարձրացումը, բացառությամբ ծանր կամ վտանգավոր աշխատանքներում զբաղվածության, անհրաժեշտ է նրա համար, որ կենսաթոշակային համակարգը դառնա ավելի կենսունակ և բարձրանան ցածր կենսաթոշակները։ Նույնիսկ եթե նա հաջողության հասնի, քիչ տարբերությամբ հաղթանակը կարող է վատ անդրադառնալ նաև հետագա բարեփոխումների իրականացման հնարավորության վրա, այդ թվում և այն պատճառով, որ իր կենտրոնամետ «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը, որը տեղական վերջին բոլոր ընտրություններում պարտություն է կրել, կարող է հունիսին կորցնել իր ձայները խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Դեռ 2017 թվականին լայն հանրությանն անհայտ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն դարձավ Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը՝ իր կուսակցության ստեղծումից ընդամենը մեկ տարի անց։ Հինգ տարի առաջ Մակրոնը հեշտությամբ հաղթեց Լը Պենին, սակայն հիմա, երբ նա շարունակում է առաջատարը լինել, այս ընտրություններում 44-ամյա նախագահին սպասվում է համառ պայքար ծայրահեղ աջ մրցակցի դեմ։ 

Իր նախագահության տարիներին Մակրոնն իրականացրել է մի քանի բարեփոխումներ, մասնավորապես, ընկերությունների համար հեշտացրել աշխատակիցների ազատման գործընթացը, իջեցրել հարկերը և անվտանգության ոլորտում նախաձեռնել կոշտ օրենքներ, որոնք միտված էին հակաահաբեկչական պայքարին։ Սակայն 2018 թվականին նա ստիպված եղավ հրաժարվել վառելիքի համար առաջարկվող հարկից, երբ «դեղին բաճկոնավորները» մի քանի շաբաթ անկարգություններ էին անում Ֆրանսիայի քաղաքներում։

2022 թվականին գործազրկության մակարդակը 10 %-ից մինչև 7 %-ի հասցնելը մնաց անկատար, ինչին խանգարեց կորոնավիրուսի համավարակը։ Չնայած ներկայումս Ֆրանսիայում գործազրկությունն էականորեն նվազել է՝ հասնելով մինչև 7,4 %-ի։

2017 թվականի ընտրությունների ժամանակ 53-ամյա Մարին Լը Պենը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, իսկ հիմա նա Մակրոնի գլխավոր մրցակիցն է։ Նրա ազգանունն ու ընտանիքը տասնյակ տարիներ Ֆրանսիայում հանդիսանում են աջ ծայրահեղականության հոմանիշը։ Այսօր, սակայն, ծայրահեղ աջ ընտրազանգվածը սկսել է նախապատվությունը տալ մեկ այլ թեկնածուի՝ հրապարակախոս Էրիկ Զեմուրին։ Դա Մարին Լը Պենին հնարավորություն է տվել ազատվելու քաղաքական մարգինալի հեղինակությունից։ 

2017 թվականի ընտրություններում պարտվելուց հետո՝ նա իր «Ազգային ճակատ» կուսակցությունը վերանվանեց «Ազգային միավորման»։ Մինչ նախագահական ամբիցիաները բավարարելը, Մարին Լը Պենը դարձել էր Եվրախորհրդարանի պատգամավոր։ Նրա կուսակցությունը հետևողականորեն զբաղեցնում է հակամիգրացիոն և հակաեվրոպական դիրքորոշում, որն իր արձագանքն է գտել դժգոհ ընտրողների շրջանում։ 

Իր ժամանակ Մարին Լը Պենը բազմացիս կոչ է արել չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Այս շաբաթ Մակրոնը Պուտինի հետ ունեցած կապը հիշեցրել է Լը Պենին՝ չհիշատակելով վերջինիս անունը։ Մակրոնը քննադատել է «մյուս թեկնածուներին»՝ «Վլադիմիր Պուտինի նկատմամբ ունեցած ներողամտության» և «Ռուսաստանի հետ ֆինանսական հարաբերությունների» համար։

Գործող նախագահն ի նկատի ուներ 2017 թվականին Մոսկվայում Պուտինի և Լը Պենի հանդիպումը և այն փաստը, որ նրա կուսակցությունը շարունակում է վճարել 2014 թվականին «Առաջին չեխ-ռուսական բանկ»-ից վերցրած 9 միլիոն եվրոյի վարկը, որն, ի դեպ, գործանականում ամբողջությամբ ռուսական բանկ է։

Այս ընտրություններին Լը Պենը խոստանում է կանգնեցնել ապաստանի իրավունքի չարաշահումը, առաջարկում հանրաքվե անել ներգաղթի վերաբերյալ և արգելել հանրային վայրերում հիջաբի կրումը։ Լը Պենը պատրաստվում է չեղարկել մինչև 30 տարեկան անձանց համար եկամտահարկը և ընկերություններին ազատել հարկային մասհանումներից, եթե նրանք իրենց աշխատակիցների համար 10 %-ով բարձրացնեն նվազագույն աշխատավարձը։ Լը Պենը նաև ցանկանում է Եվրոպական միությունը վերածել ազգերի միության, որոնք ԵՄ ընդհանուր օրենքներով կապված չեն լինի։

Մյուս թեկնածուները

Ձախ թևում ամենահեղինակավոր թեկնածու քարոզիչ-վետերան Ժան-Լյուկ Մելանշոնն է` Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականության քննադատներից և «դեղին բաճկոննավորներ»-ի կողմնակիցներից մեկը։

Վալերի Պեկրեսը Իլ դե Ֆրանսի տարածաշրջանային խորհրդի, որտեղ մտնում է Փարիզը, առաջին կին ղեկավարն է։ Հանդիսանում է «Հանրապետականներ»-ի թեկնածուն։ Նա իրեն նկարագրում է որպես «մեկ երրորդով Մարգարետ Թետչեր և երկու երրորդով Անգելա Մերկել»։ 

63-ամյա աջ ծայրահեղական լրագրող, գրող և հեռուստամեկնաբան, ներգաղթի և իսլամի հակառակորդ Էրիկ Զեմուրը իր կարիերան կառուցել է այն բանի դեմ, ինչն ինքն անվանում է «պոլիտկոռեկտ կոնսենսուս» և հիմա առաջարկում է «հետ վերադարձնել Ֆրանսիան»: Նա առաջադրվել է «Ռեկոնկիստներ»-ի կուսակցությունից։ Մի ժամանակ նա համարվում էր Լը Պենին լուրջ մրցակից, սակայն ավելորդ կոշտ հռետորաբանության պատճառով կորցրեց իր ձայները։

Greenpeace-ի նախկին ակտիվիստ և 2009 թվականից Եվրախորհրդարանի անդամ Յանիկ Ժադոն առաջադրվել է կանաչների կուսակցությունից։ Նա Մակրոնին մեղադրում է կլիմայի փոփոխության ժխտման մեջ և ցանկանում, որ Ֆրանսիան 20 տարվա ընթացքում հրաժարվի ատոմային էներգետիկայից։ Մակրոնը վերջերս իր աջակցությունն էր հայտնել ևս վեց ատոմային ռեակտորների կառուցման նախագծերին։ 54-ամյա Ժադոն ոչ միայն պնդում է, որ պետք է հարկային փոփոխություններ արվեն առավել բարձր եկամուտներ ունեցող անձանց նկատմամբ, այլև նվազագույն աշխատավարձ պետք է սահմանվի 1500 եվրոն։

Վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ կոմունիստներն ունեն իրենց թեկնածուն՝ Ֆաբիեն Ռուսելը։ Նա կոչ է անում ազգայնացնել Ֆրանսիայի խոշոր բանկերն ու բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը։ Բացի այդ, Ռուսելը ևս նվազագույն աշխատավարձն առաջարկում է բարձրացնել մինչև 1500 եվրոյի։

Սոցիալիստների թեկնածուն էլ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն է։ Ի դեպ, Ֆրանսիայի նախորդ նախագահը՝ Ֆրանսուա Օլանդը, ևս ներկայացնում էր այս կուսակցությունը։ Սոցիալիստական կուսակցությունը հիմա խորը ճգնաժամի մեջ է։ 2017 թվականին այն ստացավ ձայների միայն 5 %-ը։ 

Նատալի Արտոն Փարիզի արվարձաններից մեկի դպրոցական ուսուցչուհի է, որը ծայրահեղ ձախ «Աշխատավորական պայքար» կուսակցությունից երրորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնում, սակայն հարցումների ժամանակ չի կարողանում հավաքել ձայների 1 %-ը։ 

«Նոր հակակապիտալիստական կուսակցություն»-ը ներկայացնող ավտոգործարանի նախկին աշխատակից Ֆիլիպ Պուտուն էլ հանդես է գալիս ունեցվածքի վերաբաշխման օգտին։

Իլյուստրացիան` The Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter