HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 46 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 11-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

20:00

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան «վճարում է Ֆրանսիայի և Գերմանիայի սխալի համար»։

Նրա խոսքով՝ Բեռլինի ու Փարիզի սխալ որոշումները հանգեցրին Ուկրաինայի դեմ պատերազմի։

19:57

Ուկրաինական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ նշվում է, որ կադրում երևում է Լուգանսկի մարզի Ռուբեժնոյե քաղաքի մոտ ազոտական թթվի ցիստեռնի այրվելու կադրերը։ Նշվում է, որ տեսանյութն արվել է դրոնից։

19:51

Մարիուպոլի նավահանգստում ազատ են արձակվել օտարերկրյա երկու նավերի անձնակազմի անդամները, որոնք գերեվարվել էին «Азов» գումարտակի անդամների կողմից։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները։ 

Ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 47 մարդ, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի և Ուկրաինայի քաղաքացիներ են։

19:40

Եվրամիության պատժամիջոցների պատճառով՝ Բելառուսից և Ռուսաստանից ավելի քան 150 բեռնատար չի կարողացել հատել Լատվիայի սահմանը։

19:33

Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան պնդում է, որ Ռուսաստանն սկսել է իրականացնել այդ երկիր տեղահանված ուկրաինացիների շրջանում անձնագրերի զանգվածային տրամադրման գործընթաց։

19:02

Խարկով, ապրիլի 9

18:48

«WarDonbass» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ իր լրագրողները, RT-ի նկարահանող խմբի հետ միասին, Մարիուպոլի քաղաքային վարչակազմի շենքի վրա պարզել են Ռուսաստանի դրոշը։

18:29

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին

Գործընթացը տարիներ է պահանջում, սակայն արտակարգ իրավիճաներում մենք պետք է պատրաստ լինենք ոչ ստանդարտ քայլերի։

18:14

Ռուսաստանցի զինվորականները ցրել են Խերսոնում ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցը։

Այդ մասին հայտնում է «Суспильне»-ն։ 

Ինչպես գրում է պարբերականը, հղում անելով իր թղթակիցներին, հավանական է, որ ցրման համար կիրառվել է զենք, քանի որ քաղաքի կենտրոնում ցույցի ժամանակ հնչել են կրակոցներ։ Տուժածների վերաբերյալ տվյալներ չկան։ 

Մարտի սկզբից Խերսոնը գտնվում է ռուսական վերահսկողության տակ։ Բնակիչները պարբերաբար կազմակերպում են համանման ակցիաներ։ 

17:53

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի սահմանին ձերբակալվել է գրեթե 2,2 հազար զինապարտ տղամարդ, որոնք փորձել են լքել այդ երկիրը։

Ինչպես հայտնում է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը, որոշ զինապարտներ փորձում են կաշառել սահմանապահներին։ Մյուսներն էլ կիրառում են կեղծ փաստաթղթեր, օրինակ իրենց կամ իրենց երեխաների համար հաշմանդամության կարգ են կեղծում։

Շատերն էլ փորձում են սահմանակետերը հատել ուղեկիցների օգնությամբ։

17:14

Ռուսական գազից Գերմանիայի հրաժարումը կհանգեցնի Bosch ընկերության գործարանների արտադրության ամբողջական կանգնեցման։ Այդ մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության ղեկավար Սթեֆան Խարթունգը։

17:05

Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկը հայտնել է հրթիռային նոր հարվածների մասին։ Նրա խոսքով՝ երեք հրթիռ է արձակվել մարզկենտրոնի օդանավակայանի տարածքի ուղղությամբ։

«Դրանից արդեն բան չի մնացել։ Ավերվել են և՛ օդանավակայանը, և՛ հարակից ենթակառուցվածքները։ Իսկ հրթիռները թռչում են և թռչում»,- ասել է Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

16:52

Պատերազմից ուկրաինական տնտեսության վնասները կարող են հասնել 1 տրիլիոն դոլարի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսանդր Գրիբանը։

16:36

Ապրիլի 12-ին Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կժամանեն Վոստոչնի տիեզերակայան և կգնահատեն դրա կառուցման ընթացքը։ Դրանից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։

Այդ մասին հայտարարել է «Россия 1» հեռուստատեսությունը։

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինայում և նրա շուրջ առկա իրավիճակը՝ «հաշվի առնելով Մինսկի ցանկությունը միանալու բանակցային գործընթացին»։

16:10

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Կիևի մարզի Բուզովայա գյուղում եղբայրական գերեզմանի հայտնաբերման մասին, որտեղ կարող են գտնվել տեղի բնակիչների տասնյակ մարմիններ։

Այդ մասին հայտարարել է Դմիտրովսկի տարածքային համայնքի նախագահ Տարաս Դադիչը։ Նրա խոսքով՝ գերեզմանը հայտնաբերվել է լցակայանի մոտ։

«Հենց հիմա, երբ մենք խոսում ենք, մերոնք հանում են երկու գյուղացիների մարմիններ, որոնք սպանվել էին»,- Reuters գործակալությանը հայտնել է Դիդիչը՝ հավելելով, որ դեռևս այլ մանրամասներ չի կարող հաղորդել։

«Կան մարդիկ, որոնք անհետ կորած են։ Նրանք կարող են մեկ այլ տեղ լինել, բայց դա չի նվազեցնում կորստի ցավը»,- եզրափակել է Դիդիչը։

Բուզովայա գյուղը Կիևի մարզի այն բնակավայրերից էր, որը մի քանի օր եղել էր ռուսական վերահսկողության ներքո։

15:37

Զապորոժյեի, Սումիի, Օդեսայի և Նիկոլաևի մարզերում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

15:29

Իսրայելն սկսել է «օդային կամրջով» Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկել։ Կիևում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին գրել է, որ Ուկրաինա, ընդհանուր առմամբ, կուղարկվի դեղամիջոցներ և սննդամթերք տեղափոխող 6 բեռնատար ինքնաթիռ։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ հասցվել է։

15:15

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

«Ընդգծել ենք, որ ռազմական հանցագործություններում բոլոր մեղավորները պետք է անհատականացվեն և պատժի ենթարկվեն։ Քննարկել ենք հակառուսական պատժամիջոցները, Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցությունը»,- գրել է նախագահ Զելենսկին։

15:03

Բրիտանական թերթերի առաջին էջերը այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախօրեին Կիև այցելությունից հետո։

14:49

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Զատիկն Ուկրաինայում խաղաղությամբ դիմավորել։

«Ցած դրե՛ք զենքերը, սկսեք զատկային հրադադարը։ Բայց ոչ թե նրա համար, որ վերալիցքավորեք զենքերն ու սկսեք մարտերը, ո'չ։ Հրադադար նրա համար, որ խաղաղության գաք իրական բանակցությունների ճանապարհով, պատրաստակամությամբ, որ կարող եք որոշ զոհողություններ անել՝ ժողովրդի բարեկեցության համար»,- պոնտիֆիկի խոսքերը մեջբերել է ANSA գործակալությունը։

14:19

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն հայտարարել է, որ պատերազմի այս փուլում Ռուսաստանի գլխավոր ռազմավարությունը կայանում է «Ուկրաինայի ապաարդյունաբերականացման և ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման փորձի մեջ»։

Բացի այդ, ըստ Դենիսենկոյի, հրթիռակոծությունների և ավիահարվածների միջոցով ռուսական կողմը փորձում է բնակչության շրջանում խուճապ և բարոյալքություն առաջացնել։

Ըստ նրա՝ Դոնբասի համար մարտերը փաստացի արդեն սկսվել են։ «Պուտինն այստեղ է առաջ քաշում ամեն ինչ, ինչ այս պահի դրությամբ ունի։ Մենք հասկանում ենք, որ դրանք մեզ համար շատ բարդ օրեր կլինեն»,- ասել է Դենիսենկոն։

13:48

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է Սևերոդոնեցկի գիշերային հրթիռակոծության մասին։ Նրա խոսքով՝ վնասվել են բնակելի երկու շենք և միջնակարգ դպրոցի շենքը։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

13:42

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վլադիմիր Զելենսկին ներում է շնորհել 363 դատապարտյալների, որոնք պատրաստակամություն էին հայտնել մասնակցելու երկրի պաշտպանությանը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախկին բանտարկյալները «պատվով են հանդես եկել մարտի դաշտում»։ Նրանցից երկուսը՝ Կիևի և Ժիտոմիրի մարզերի բնակիչները, զոհվել են։ Նրանցից մեկին Զելենսկին ցմահ պարգևատրել է «Արիության» մեդալով։

13:34

Ուկրաինական լրատվամիջոցները տվյալներ են հրապարակել նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկու հանդերձանքի վերաբերյալ։ Ամբողջ հագուստն ու սպորտային կոշիկները միասին արժեն մոտ 120 ԱՄՆ դոլար։

13:32

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը, անձնակազմի համալրման նպատակով, հավաքագրումներ է իրականացնում ինքնահռչակ Մերձդնեստրի բնակչության շրջանում։

13:30

Welt am Sonntag. Ուկրաինան մտադիր է ձեռք բերել գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի Marder տեսակի 35 ՀՄՄ։

Բացի այդ, Ուկրաինան Գերմանիայի դեսպանություն հայտ է ուղարկել 1000 հատ Panzerhaubitze-2000 հաուբից ձեռք բերելու համար։

13:27

ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը։

13:24

Լուսանկարներ Խարկովի մետրոյից։

13:21

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը պատմել է հումանիտար միջանցքների մասին, որոնք կգործեն ապրիլի 10-ին, հայտնում է «Суспильне»-ն։

Բնակիչների տարհանումը կիրականացվի հետևյալ երթուղիներով.

  • Մարիուպոլ-Զապորոժյե (սեփական տրանսպորտային միջոցներով),
  • Բերդյանսկ, Տոկմակ, Էներգոդար-Զապորոժյե (սեփական տրանսպորտային միջոցներով և ավտոբուսով),
  • Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Պոսասնայա, Գորնոյե, Ռուբեժնոյե- Բախմուտ (ավտոբուսներով)։

Լուգանսկի մարզի բնակավայրերից, ըստ Վերեշուկի, տարհանումը կիրականացվի միայն հրադադարի պարագայում։

13:17

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները Խարկովում փլատակների տակից հանել են կատվի, որը երկու շաբաթ մնացել էր Խարկովի բնակելի փլված շենքերից մեկի տակ։

«Կատվի հետ ամեն բան կարգին է, միայն մի փոքր կեղտոտ է»,- պատմել է գործողության մասնակիցներից մեկը։

13:13

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Մարիուպոլի նավահանգստում «ազգայնականները» օտարերկրյա երկու նավ են գրավել և գերության մեջ պահում են անձնակազմին։

13:09

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ուկրաինական Associated Press գործակալությանը։

13:04

РИА Новости-ն հրապարակել է Սև ծովում ռուսական ֆրեգատից «Կալիբր» հրթիռների արձակումը, որոնք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն, խոցել են «Днепр» գումարտակի շտաբն ու բազան։

12:52

Ջոն Լենոնի որդին՝ Ջուլիանը, ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է հոր «Imagine» երգը։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել Stand Up for Ukraine ակցիային։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Julian Lennon (@julespicturepalace)

12:50

Maxar Technologies-ի արբանյակային լուսանկարները ցույց են տվել Խարկովից ոչ շատ հեռու Ռուսաստանի ռազմատեխնիկայի հսկայական շարասյունը, որն ունի մոտ 12,8 կիլոմետր։

12:47

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • ՌԴ ԶՈւ-ն Ստարոբոգդանովկայի մոտ և Չուգուևի օդակայանում խոցել է ուկրաինական С-300 կայաններ։
  • Խոցվել է ուկրաինական 8 անօդաչու։
  • Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացվել է 436 անօդաչու, համազարկային կրակի 232 համակարգ, 2052 տանկ և այլ զրահամեքենա։
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան մեկ օրվա մեջ խոցել է Ուկրաինայի 86 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կառավարման երկու կետ։

12:45

Ի՞նչ է կատարվել ապրիլի 10-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ ռուսական բանակը տպագրում է քարոզչական նյութեր, այսպես կոչված, «Խերսոնի ժողովրդական հանրապետության ստեղծման հանրաքվեի հարցով»։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական С-300 համակարգի և «Днепр» գումարտակի բազայի խոցման մասին։
  • Ուկրաինական իշխանությունները հայտնել են Դնեպրի և Սևերոդոնեցկի հրթիռակոծման մասին։
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա այն բանից հետո, երբ Ուկրաինան կհաղթի խոշոր մարտերում, այդ թվում՝ Դոնբասում։
  • Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը փորձում է մեծացնել իր անձնակազմի թիվը՝ զորահավաք իրականացնելով 2012 թվականից հետո ծառայած անձանց շրջանում։
  • Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո զոհվել է 177 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 330-ը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։
  • Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որը Վլադիմիր Պուտինին ընկեր էր անվանում, հայտարարել է, որ «հիասթափված է նրանից»։

Լուսանկարը՝ AP Photo/Vadim Ghirda

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter