
Պակիստանի խորհրդարանը վարչապետ Իմրան Խանին անվստահություն է հայտնել և հեռացրել պաշտոնից
Երեկ ուշ երեկոյան Պակիստանի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել երկրի վարչապետ Իմրան Խանին և հեռացրել զբաղեցրած պաշտոնից։ Շուտով Պակիստանի կառավարությունը կունենա նոր ղեկավար, որը, լրագրողների կարծիքով, կարող է դառնալ ընդդիմադիր Պակիստանի մուսուլմանական լիգա կուսակցության առաջնորդ Շահբազ Շարիֆը։
Իմրան Խանը, որը նախկինում կրիկետի հայտնի խաղացող էր, Պակիստանի վարչապետ էր դարձել 2018 թվականին։ Նա խոստացել էր հաղթել կոռուպցիան և իր երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, սակայն հիմա բազմաթիվ պակիստանցիներ կարծում են, որ երկու խոստումն էլ Խանը չի կատարել։
Իմրան Խանը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունից իր հեռացման համար ընդդիմադիր կուսակցությունները համագործակցում են մյուս պետությունների հետ։ Մասնավորապես, նա պնդում էր, որ իրենից փորձում են ազատվել ամերիկյան իշխանությունները, որոնց իբր դուր չի գալիս իր ընկերությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Ամերիկյան իշխանությունները պակիստանցի քաղաքական գործչի հայտարարություններն անվանում էին չհիմնավորված ենթադրություններ, իսկ ինքը՝ վարչապետըб չի ներկայացրել իր պնդումների որևէ ապացույց։
Իմրան Խանը սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ։ Փետրվարի 23-ին, երբ Մոսկվայի հարաբերություններն Արևմուտքի հետ խիստ լարված էինб Ուկրաինայում առկա իրավիճակով պայմանավորված, Իմրան Խանն այցելել էր Ռուսաստան։ Խանը նաև սերտ հարաբերություններ ուներ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։ Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ Պակիստանն ու վարչապետ Իմրան Խանն իրենց աջակցությունն էին հայտնել Ադրբեջանին։
Իմրան Խանը դարձել է Պակիստանի պատմության առաջին վարչապետը, որն իշխանությունից հեռացվել է խորհրդարանի անվստահության քվեի հիման վրա։ Մինչ քվեարկությունը, նա հայտարարել էր, որ չի ընդունում իր հրաժարականը, քանի որ մինչ այդ ստորագրել էր խորհրդարանի ցրման հրամանը։ Այդ որոշումը նա բացատրել էր նրանով, որ ընդդիմադիր պատգամավորները գործում են օտարերկրյա պետությունների ճնշման տակ, ինչը հակասում է երկրի սահմանադրությանը։ Սակայն ընդդիմությունը դիմել էր Պակիստանի սահմանադրական դատարան, որը խորհրդարանի ցրումը հակաօրինական էր ճանաչել, և դա ճանապարհ էր բացել շաբաթօրյա քվեարկության համար։
Իմրամ Խանին անվստահության քվե հայտնելու մասին քվեարկությունը ձգվել է մոտ 13 ժամ։ Արդյունքում, դրա օգտին քվեարկել է 342 պատգամավորներից 174-ը։
Պակիստանի նոր վարչապետը կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ երկրում կկայանան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Ինչպես հայտնում է BBC-ի թղթակից Սեքունդեր Քերմանին, շատերը կարծում էին, որ Իմրան Խանը իր հույսը դնում է պակիստանյան բանակի աջակցության վրա, որը մշտապես մեծ ազդեցություն է ունեցել երկրի քաղաքականության վրա։ Սակայն վերջին ժամանակաշրջանում, ինչպես պնդում են փորձագետները, զինվորականների հետ նրա հարաբերությունները վատացել են։
Լուսանկարը՝ The Economic Times-ից
Մեկնաբանել