
Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»
«Սասնա ծռեր» խմբի գործով ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել: Արմեն Բիլյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և պահանջում է, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քանի որ բուժման կարիք ունի։
Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Բիլյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և տեղում իրականացվել է բժիշկների խորհրդատվություն, գործիքային ստուգում: Որևէ բժշկական ցուցում չի եղել հիվանդանոցային բուժման համար, այդ իսկ պատճառով նրան չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հակառակն է պնդում Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս խոսքով՝ Արմեն Բիլյանը դժգոհում է առողջական վիճակից: Նրան պետք է տեղափոխեն հիվանդանոց, իրականացնեն մանրակրկիտ բժշկական ստուգում, որից հետո նոր միայն պարզ կլինի՝ բուժման կարիք կա՞, թե՝ ոչ:
«Հենց այդ պատճառով է հացադուլ հայտարարել, որ իրեն պատշաճ բուժզննության չեն ենթարկել: Դրա կարիքը կա, Արմեն Բիլյանը առողջական խնդիրներ ունի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք: Ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով: Ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, և այդ արարքները կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով:
Մեղադրանքի համաձայն՝ նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։ Բացի այդ, հիշյալ հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, զուգորդված պատանդ վերցնելով, հրազենային վիրավորումով, դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել է ծառայողական գործողություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցին: Կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով գումարի գաղտնի հափշտակություն: Իսկ հանցավոր գործողությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը և շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, 2021թ. փետրվարի 21-ին Արմեն Բիլյանին սպանության մեղադրանքում արդարացրել էր՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունն այդ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 11 ամիս 6 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նա կալանքից ազատ էր արձակվել հենց դատարանի նիստերի դահլիճից:
Սակայն վերաքննիչ քրեական դատարանը մեղադրող դատախազի բողոքը բավարարել էր մասնակի և բեկանել ու փոփոխել էր Արմեն Բիլյանի մասով դատավճիռը: Դատարանը Արմեն Բիլյանին մեղավոր է ճանաչել նաև սպանության համար և պատիժ նշանակել 25 տարի ազատազրկում:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:
Մեկնաբանել