HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին Սուրբ Տրդատի բաց խորանին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխել է Մայր Աթոռում համախմբված մանուկներին, իսկ հավատացյալներին բաժանվել են Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Վազգեն Սրբազանն իր քարոզում, մասնավորաբար նշել է. «Երբ եկավ Երուսաղեմ մուտք գործելու ժամանակը, հրեական զատիկն էր մոտենում,  և ինչպես որ հրեաներն էին հին ավանդության համաձայն  հինգ օր առաջ  զատկական գառանը տանում իրենց տուն, այնպես էլ Քրիստոս հինգ օր առաջ Երուսաղեմում էր, որովհետև Երուսաղեմում ամբողջանալու էր այն մեծ վարդապետությունը, որի համար մարդացել էր Աստված»:

Անդրադառնալով օրվա ավետարանական դրվագին և Ծաղկազարդի տոնին՝ Սրբազան Հայրը պատգամել է ներկաներին․ «Ծաղկազարդի տոնը ևս մեկ անգամ գալիս է  կոչելու մեզ՝ ինչպես Հիսուս մաքրեց Տաճարը, մենք էլ մաքրենք մեր սրտերն ու  հոգիներն ամեն աղտեղություններից և աղոթքով,  ապաշխարությամբ ու խոստովանությամբ բացենք մեր հոգու և սրտի դռները՝ այնտեղ բնակեցնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Թո՛ղ մեր միտքն ու սիրտը դառնան Նոր Երուսաղեմ»։

Սուրբ Պատարագի ավարտից հետո Սուրբ Գայանե վանքի շրջափակում կատարվել է մանուկների օրհնության կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնությունն է բաշխել տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter