HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 47 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 12-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

20:56

Կիևում Եվրամիության ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները։

20:43

⚡️Huawei-ը AppGallery-ից ջնջել է ВТБ Онлайн, Промсвязьбанк-ի և Открытия-ի հավելվածները։

20:35

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամեր. Ես ընդհանուր առմամբ դրական տպավորություն չունեմ Պուտինի հետ բանակցություններից։

20:26

Բելառուսցի սահմանապահները հայտարարել են, որ լեհական ուժայինները կրակ են բացել բելառուսական Պեսչատկա անցակետի ուղղությամբ։

20:14

Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ավերված շենքը, որի կադրերը հրապարակել է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը։

20:02

Bloomberg գործակալությունն անորոշ ժամկետով դադարեցնում է ռուսերենով իր նորությունների հրապարակումը։

19:34

ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ ուկրաինական իշխանությունները Սումիի մարզում, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ, «նոր սուտ բեմադրական սադրանքներ» են պատրաստում։

19:12

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։

Նրա խոսքով՝ դա «ոչ բարեկամական այց» էր, հանդիպումը «շատ կոշտ էր», բաց և ուղիղ։ Մասնավորապես, կանցլերը փորձել է հասկացնել, որ «պատերազմը պետք է դադարեցվի, որովհետև պատերազմում կան միայն երկու կողմից պարտվածներ»։

Հանդիպման ընթացքում նաև ոչ երկիմաստ հայտարարվեց Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական հանցագործությունների և դրանց միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին:

Նեհամերը հասկացնել է տվել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կշարունակվեն և կխստացվեն մինչ այն պահը, քանի դեռ Ուկրաինայում մարդիկ են զոհվում։

Պուտինի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ մամուլի համար որևէ հայտարարություն չի արվի։

18:49

Պուտինի և Նեհամերի բանակցություններն ավարտվել են։

Հանդիպումը տեւել է շուրջ 1,5 ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար որևէ հայտարարություն չի լինի։

18:26

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ինքնահռչակ հանրապետության զինվորականներն ամբողջական վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլի նավահանգիստը։

17:57

Մոտ մեկ ժամ առաջ մերձմոսկովյան Նովո Օգարևոյում մեկնարկել են Վլադիմիր Պուտինի և Կառլ Նեհամերի բանակցությունները։

17:48

Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաընկերությանը։ Հիմնական մտքերը.

  • Պատճառներ չեմ տեսնում` չշարունակելու բանակցություններն Ուկրաինայի հետ։ Չնայած նրանք ամեն անգամ երես են թեքում` մերժելով այն, ինչ իրենք են առաջարկել։ Բայց մենք համբերատար և համառ մարդիկ ենք։
  • Այն, ինչ ասել է Բորելը, էականորեն փոխում է խաղի կանոնները։ Եթե դիվանագիտության ղեկավարն ասում է, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ռազմական ճանապարհով, նշանակում է` կամ ինչ-որ անձնական բաներ ունի կուտակված, կամ ինչ-որ սխալ բան է ասել, կամ էլ ինչ-որ բաn «բլթացրել»։
  • Մենք արտասահմանում գտնվող մեր դիվանագետներին խորհուրդ ենք տալիս ռուսատյացության ալիքի պատճառով միայնակ դուրս չգալ քաղաք։ 
  • Հուսամ՝ փաստերն այն մասին, թե ովքեր են իրականացնում ռազմական հանցագործություններ, ամեն դեպքում իրենց ճանապարհը կհարթեն։

17:33

Խերսոնում ավերվել է «Փառք Ուկրաինային» հուշարձանը

Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականին։ Այն Եվրամայդանի ժամանակ զոհված անձանց լուսանկարներով հուշարձան է, որի մոտ ծածանվում էր Եվրամիության դրոշը։ 

Տեղական «Мост» պարբերականը գրում է, որ հուշարձանը քանդել են քաղաքացիական հագուստով անձինք։

Խերսոնը Ուկրաինայի միակ մարզկենտրոնն է, որը ռուսական զորքերի վերահսկողության տակ է։

17:19

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը չի բացառում Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման հնարավորությունը։

17:03

Գերմանական Die Welt թերթը Ռուսաստանի առաջին ալիքի նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային աշխատանքի է ընդունել։ Այդ մասին գրում է «Настоящее время»-ն։

Ինչպես հայտարարել է Welt Group-ի գլխավոր խմբագիր Ուլֆ Պոշարդտը, Օվսյաննիկովան Առաջին ալիքի եթերում իր բողոքի ակցիայով «պաշտպանել է լրագրողական էթիկայի կարևորագույն սկզբունքները, չնայած պետական ճնշումների սպառնալիքներին»։

16:21

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուսական պաշտպանական ոլորտի 33 ձեռնարկությունների նկատմամբ։

16:15

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը տեսանյութ է հրապարակել, որտեղ չեչեն երկու մարտիկներ հայտարարում են, որ Մարիուպոլը ռմբակոծել են ռուսաստանցի զինվորականները։

16:09

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանի հատուկ օպերացիան կոչված է վերջ դնելու աշխարհում ԱՄՆ գերակայությանը»։

16:04

«АЛРОСА»-ն և «Ռուսական երկաթուղիներ»-ը չեն կարողանում եվրոբոնդերի համար վճարում անել։ Կլինի դեֆոլտ։

15:59

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը ժամանել է Կրեմլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

15:07

Խորվաթիան արտաքսում է ռուսաստանցի 18 դիվանագետի և Զագրեբում ռուսական դեսպանության վարչատեխնիկական անձնակազմի 6 աշխատակցի։

15:02

Ուկրաինա են ժամանել ֆրանսիացի ժանդարմները, որոնք կհետաքննեն ռազմական հանցագործությունները։ Այդ մասին հայտարարել է Կիևում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը։

14:55

Ռուսական ավիաընկերությունները սեւ ցուցակում ներառելու որոշումը ԵՄ-ում բացատրել են նրանով, որ Ռոսավիացիան թույլատրել է ավիաընկերություններին շահագործել արտասահմանյան ինքնաթիռները, առանց թռիչքային պիտանիության գործող սերտիֆիկատի, ինչը դարձել է «անվտանգության միջազգային ստանդարտների գիտակցված խախտում»։

Եվրոպական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ որոշումը «Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցը չէ» և կայացվել է բացառապես տեխնիկական կարգավորումներից և անվտանգությունից ելնելով։ «Մենք անվտանգությունը քաղաքականության հետ չենք խառնում»,- նշվում է հայտարարության մեջ։

Սև ցանկում հայտնված ավիաընկերություններին կարգելվի թռչել եվրոպական երկնքով։

14:49

⚡️Եվրամիության սև ցուցակում են հայտնվել ռուսական խոշորագույն բոլոր ավիաընկերությունները՝ Аэрофлот-ը, S7-ը, «Победа»-ն, UTair-ը, Nordwind Airlines-ը, «Уральские авиалинии»-ն։

14:46

⚡️Եվրամիությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, ռուսական 20 ավիաընկերությունների ներառել է սև ցուցակում։ 

14:36

Եվրոպական միության որոշ երկրներ դեմ են Ռուսաստանի նավթի մատակարարումների նկատմամբ էմբարգոյի սահմանմանը։ Այդ մասին Financial Times-ին պատմել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Թե որոնք են այդ երկրները, նա չի մանրամասնել։ 

Պաշտոնյայի խոսքով՝ այն երկրների համար, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից, դրանից հրաժարումը բարդ կլինի «տեխնիկական և քաղաքական առումներով»։

14:23

Վիքիպեդիան նոր զգուշացում է ստացել Ռոսկոմնադզորից։

Ռուսական գերատեսչությունը պահանջում է ջնջել 7 լուսանկար, որոնք ճանաչվել են պոռնոգրաֆիկ։ 

«Հիմա մեզ մոտ են եկել 10 նկարազարդ անիմացված աղջիկների նկարների համար, որոնք, ըստ Ռոսկոմնադզորի, «պարունակում են անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ»»,- հայտնել է առցանց հանրագիտարանի ներկայացուցիչը։

Նրա կարծիքով՝ ռուսական գերատեսչությունը պատրվակներ է փնտրում, որպեսզի արգելափակի համացանցի ամենամեծ հանրագիտարանը Ռուսաստանում։

14:15

Վլադիմիր Զելենսկին, հանդես գալով Հարավային Կորեայի խորհրդարանի առաջ, հայտարարել է, որ Մարիուպոլում զոհվել են «տասնյակ հազարավոր մարդիկ»։

13:37

Էստոնիայում արգելվել է «Яндекс GO» տաքսիների ագրեգատորը։

13:19

Խարկովի իշխանություններ. ռուսական զորքերը շարունակում են քաղաքի ռմբակոծությունը։

Ինչպես պնդում է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, ապրիլի 10-ին ՌԴ ԶՈւ-ն հրետանային, ականանետային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 66 անգամ կրակ է արձակել քաղաքի ուղղությամբ։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 11 խաղաղ բնակիչ, այդ թվում` 7-ամյա երեխա։ Եվս 14 մարդ վիրավորվել է։

12:36

Կիևի մոտ գտնվող Բուզովայա գյուղում հայտնաբերվել է եղբայրական ևս մեկ գերեզման։ Իսկ տեղացիները պատմում են ճանապարհներին սպանված տասնյակ մարդկանց մասին։

Ուշադրությո՛ւն, տեսանյութում բռնության կադրեր կան։

12:33

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն` Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ

  • Մարիուպոլում մարտերի թեժացման ֆոնին մեծանում է ռուսական զորքերի կողմից ֆոսֆորային զինամիջոցների կիրառման հավանականությունը։
  • Ռուսական հրետանին շարունակում է հարվածել Դոնեցկի և Լուգանսկի մարզերին։ Ուկրաինական ուժերը հետ են մղել մի քանի հարձակում, որոնց հետևանքով ոչնչացվել են ռուսական տանկեր, ավտոմեքենաներ և հրետանային սարքավորումներ։
  • Ռուսաստանի կողմից չկառավարվող ռումբերի կիրառման շարունակումը մեծացնում է քաղաքացիական բնակչության շրջանում հետագա զոհերի աճի ռիսկը։ 

12:30

Ռուսական բանակը Խարկովի և Դոնեցկի մարզերի մոտ մեծացնում է ռազմատեխնիկայի թիվը։

12:26

Ղրիմի հյուսիսում գտնվող Տավիչևսկի գյուղում խոցվել է ուկրաինական անօդաչու։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։ Պատահարի հետևանքով վնասվել է երկու մասնավոր տուն։ Բնակիչներից որևէ մեկը չի տուժել։

12:14

Պետդումայի պատգամավոր Բիյսուլթան Խամզաևը РИА Новости-ի հետ զրույցում առաջարկել է ներկայիս պայմաններում արգելել պետական ծառայողների գործուղումներն արտասահման, եթե դրանք չեն վերաբերում պետական խնդիրներին։

12:11

Կիևում գործարկվել է Հարավային կամրջով երթևեկությունը:

Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Հիմա հաղորդակցությունը Դնեպրի ձախ և աջ ափերի միջև իրականացվում է երեք կամուրջներով՝ Հյուսիսային, Դարնիցկի և Հարավային։ Ըստ քաղաքապետի՝ նաև մեծացվում է հանրային տրանսպորտի երթուղիների թիվը։

12:05

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 183 երեխա, ևս 342-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։

Ռմբակոծությունների հետեւանքով ամբողջությամբ ավերվել է 87 դպրոց, 938 ուսումնական հաստատություն էլ վնասվել է։

11:59

Շվեդական Ericsson հեռահաղորդակցության ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանում իր գործունեությունը։

11:56

Ավստրիայի ԱԳՆ. կանցլեր Կառլ Նեհամերի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը լրագրողներ չեն լինի։

Մամուլի ասուլիսներ ևս նախատեսված չեն։

Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 15:00-ին։ Սա Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին դեպքն է, երբ եվրոպական առաջնորդներից մեկն անձամբ հանդիպում է Պուտինի հետ։

11:53

Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ երկրներն աշխատում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթի վրա՝ «նավթային տարբերակով»։

11:49

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 78 ռազմական օբյեկտ։
  • ՌԴ ԶՈւ-ն, Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր, ոչնչացրել է 441 անօդաչու, համազարկային կրակի 239 ռեակտիվ համակարգ և 2 079 տանկ ու զրահամեքենա։
  • ՌԴ ԶՈւ-ն «Калибр» հրթիռները ոչնչացրել են С-300 զենիթահրթիռային դիվիզիոնի տեխնիկա, որը մատակարարվել էր Եվրոպայից։
  • Խերսոնի մարզում հրազենով խոցվել է ուկրաինական Ми-24 ռազմական ուղղաթիռ։
  • Վելիկայա Նովոսյոլովկա բնակավայրի շրջանում հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ նորոգման բազա, այդ թվում նաև Бук-М1 զենիթահրթիռային համալիրներ։
  • Ռուսական ՀՕՊ միջոցները Իզյում բնակավայրի շրջանում խոցել են ուկրաինական երկու Су-25 ինքնաթիռ։
  • С-300 դիվիզիոնի տեխնիկայի խոցման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական զինուժի անձնակազմի մինչև 25 անդամ։
  • ՌԴ ԶՈւ բարձր ճշգրտության զենքով Դոնբասում ոչնչացվել է 9 տանկ, 5 ինքնագնաց «Акация» հաուբից, համազարկային կրակի «Град» ռեակտիվ 5 համակարգ և ավելի քան 60 ազգայնական։

11:45

Ի՞նչ է կատարվել ապրիլի 11-ի գիշերը` հակիրճ.

  • Ամռանը Շվեդիան և Ֆինլանդիան կարող են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։
  • Ֆրանսիայի մեծությամբ երրորդ Societe Generale բանկը հեռանում է ռուսական շուկայից։ Ընկերությանը պատկանող Росбанк-ը կվաճառվի Վլադիմիր Պոտանինի կառույցներին։ 
  • Ռուսաստանում տարվա սկզբից VPN-ի օգտատերերի թիվն աճել է 54 անգամ։
  • Ֆինլանդիան դադարեցրել է փոստային հաղորդակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ։

Լուսանկարը՝ FADEL SENNA/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter