Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթն է քննարկում
ԵՄ անդամ երկրները սկսել են Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի քննարկումը։ Այդ մասին հայտարարել են Դանիայի և Լիտվայի ԱԳ նախարարներ Եպե Կոֆոդը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Ես ուրախ եմ, որ Եվրոպական հանձնաժողովը հստակ հասկացնել է տվել, որ մենք սկսում ենք աշխատել «նավթային տարբերակով» վեցերորդ փաթեթի շուրջ»,- Լյուքսեմբուրգում, որտեղ ընթանում է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, լրագրողներին հայտարարել է Լանդսբերգիսը։ «Հուսամ՝ այս անգամ կաշխատի»,- հավելել է նա։
Կոֆոդն ուղիղ չի ասել` արդյոք վեցերորդ փաթեթի շրջանակներում քննարկվում է ռուսական նավթի ներկրման նկատմամբ արգելքի կիրառումը, սակայն, ըստ CNN-ի, հասկացնել է տվել, որ սահմանափակող միջոցները կտարածվեն նաև «էներգետիկ հատվածի վրա»։
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը գործարկվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 8-ին։ Այս պահի դրությամբ պատժամիջոցների վերջին փաթեթը ներառում է ռուսական ածխի ներկրման արգելքը, ԵՄ նավահանգիստներ ռուսական նավերի մուտքը և ռուսական ու բելառուսական բեռնափոխադրողների մուտքի արգելքը Եվրամիության տարածք (որոշ բացառություններով)։
Լուսանկարը՝ defencetalk.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել