HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեփական եկամուտների կատարողականը՝ 88,7 տոկոս

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները: Տեղեկացվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 88,7 տոկոս:

Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը` նկատելով, որ վարչարարության կատարելագործմանն ուղղված քայլերը եւ տեղական հարկերի մասին օրենսդրական վերջին նախաձեռնության նպատակը ընթացիկ բյուջեների կատարումն ու նոր ապառքներ չկուտակելն է, ուստի համայնքապետերն առավել հետեւողական պետք է լինեն եկամուտների հավաքագրման հարցում:

Քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ բոլոր մարզերում աշխատանքները լայն թափով կատարվում են համաձայն ժամանակացույցի, կատարողականը կազմում է մոտ 76 տոկոս: Փոխվարչապետը հանձնարարել է մարզպետներին հետեւել ծրագրի ընթացքին եւ իրականացվող աշխատանքների որակին:

Նախատեսվում է իրականացնել նմանատիպ երրորդ ծրագիրը, եւ մարզպետներին հանձնարարվել է ներկայացնել հայտերի նախագծերը: Փոխվարչապետն առաջարկել է նաեւ արդեն կազմել 2013թ. բյուջետային հայտերը:

Քննարկվել են նաեւ Համաշխարհային բանկի եւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Մասնավորապես կարեւորվել է համայնքների կողմից համաֆինանսավորման պարտավորությունների ժամանակին կատարումը:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ոռոգման ջրամատակարարման խնդրին` մարզպետներին հորդորելով ուշադիր լինել ջրօգտագործումների նկատմամբ, հետեւել, որպեսզի ջրային պաշարներն օգտագործվեն արդյունավետ եւ բացառապես ոռոգման նպատակով, քանի որ ըստ կանխատեսումների` տարին սակավաջուր է լինելու:

Զեկուցվել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Նշվել է, որ դրանք հաջողությամբ իրականացվում են, եւ մինչեւ մայիսի 20-ը պարարտանյութի բաշխումը կավարտվի: Քննարկվել են նաեւ նմանատիպ նոր ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպչական հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին եւ սեպտեմբերի 16-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցերին: Փոխվարչապետը կարեւորել է օրենսդրությամբ սահմանված բոլոր աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը:

Զեկուցվել է նաեւ մարզերում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Նշվել է, որ տարածքներ դեռեւս չեն հատկացվել որոշ մարզկենտրոններում: Փոխվարչապետը հանձնարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցաբար սեղմ ժամկետներում ավարտին հասցնել գործընթացը:

Մարզպետներին հանձնարարվել է նաեւ մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը հստակեցնել դպրոցներում աշխատավարձի ֆոնդի հետ կապված խնդիրները` հաշվի առնելով Կառավարության որոշմամբ սահմանված ժամաքանակները եւ դրանց հիման վրա հաշվարկված գործակիցները: Հանձնարարվել է նաեւ աջակցություն ցուցաբերել ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման գործընթացին:

Խորհրդակցությանը ներկայացվել է վերլուծություն` համայնքային ծառայողների եւ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին եւս սոցիալական փաթեթի ծրագրում ընդգրկելու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter