Հայաստանում «Կինդեր» շոկալադից սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել․ «Սլավ գրուպ» ՓԲԸ
ՍԱՊԾ-ի կողմից «Կինդեր» շոկալադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ շոկալադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։
«Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։
Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկալադն արտադրող մեր գործընկերների հետ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկալադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
ՍԱՏՄ-ն նշել էր, որ նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացնում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել էր նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել