
Հայկ Մամիջանյան. «Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իշխանության՝ իրենց մոտ լինելով»
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այն համոզմունքին է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` իշխանության լինելով, Արցախը վտանգվում է: Ընդդիմության բոյկոտից հետո լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց պատգամավորը` ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին: Հակոբյանն ասել էր, որ ընդդիմությունն, Արցախ մեկնելով, վտանգում է Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին:
«Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իշխանության՝ իրենց մոտ լինելով, որ իրենց խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր ու կորուստներ են լինում, քան երեսուն տարիների ընթացքում»,- ասաց Մամիջանյանը:
Պատգամավորի խոսքով, երբ Արցախի անվտանգությունն ապահովում էր իր քաղաքական թիմը` ՀՀԿ-ն, կարելի էր անխոչընդոտ գնալ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, անվտանգ Սյունիքով երթևեկել և ամբողջ Արցախով ազատորեն շրջել:
«Մենք մեկնում ենք Արցախ՝ տեղում աշխատելու քաղաքացիների հետ, շփվելու նրանց հետ, նաև Արցախի խորհրդարանի մեր գործընկերների հետ որոշակի աշխատանքներ կան կատարելու: Ինչ վերաբերում է Արցախը վտանգելուն, ցավալի է, որ իբր, իշխող խմբակցության պատգամավորները նույնպես միացել են բոյկոտին` Արցախի Հանրապետություն չայցելելով ու միայնակ թողնելով: Մենք Արցախը միայնակ չենք թողնում, Արցախը մեր հայրենիքն է, և ամեն ինչ կանենք, որ չհայտնվի Ադրբեջանի կազմում»,- հայտնեց նա:
Հայկ Մամիջանյանի խոսքով` Արցախի դրոշը կարծես դարձել է Հայաստանի արժանապատվությունը վերադարձնող շարժման սիմվոլ:
«Ես կարող եմ հասկանալ, որ այն խունտան, որը դեմ քվեարկեց, որ Հայաստանի խորհրդարանում Արցախի հարցով մշտական հանձնաժողով լինի, պետք է նեղվի Արցախի դրոշից: Դրոշը պայքարի սիմվոլ է, ոչ թե բուն պայքար, թող իրենք մտածեն` էդ ինչ են Հայաստան են սարքել, որ հարց է, թե այս կամ այն քաղաքում կհաջողվի Արցախի դրոշ տեղադրել, թե ոչ, ու կարող է դիտարկվել որպես ձեռքբերում, դա ընդամենը սիմվոլ է, պայքարը դրոշի շուրջ լինել չի կարող»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել