HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 48 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 13-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

20:29

Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն ևս մեղավոր է Բուչայի սպանությունների համար։

20:01

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն դեմ կլինի, եթե դրանք տարածվեն նավթի և գազի մատակարարումների վրա։

19:54

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն «ընթանում են ծայրահեղ ծանր, բայց ընթանում են»։

19:45

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը հայտարարել է, որ ապրիլի 12-ի դրությամբ, քաղաքում հայտնաբերվել է 403 խաղաղ բնակչի մարմին։

19:38

Սլովակիան իր դիվանագետներին ևս վերադարձնում է Կիև։

19:35

Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Շթայնմայերին՝ «Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու համար»։ Այդ մասին գրում է Bild-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։

19:31

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերում մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը։

«Ռուսաստանը հայտարարում է, որ իր նպատակն է «Դոնբասի բնակիչների պաշտպանությունը»։ Հենց հիմա տարածաշրջանի երկրորդ քաղաքում՝ Մարիուպոլում մոբիլ դիակիզարանները այրում են մարդկանց մարմինները։ Իսկ նրանք, որոնք կենդանի են մնացել, սովից մահանում են։ Ումի՞ց եք դուք «պաշտպանում»։ Կյանքի՞ց»,- գրել է Պոդոլյակը։

19:24

Bloomberg գործակալությունը գրում է, որ Գերմանիան դիտարկում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Մեծ յոթնյակի հունիսյան գագաթնաժողովին չհրավիրելու հավանականությունը։

Գործակալության տվյալներով՝ այդպիսի քայլի կարող են դիմել՝ ցույց տալու Հնդկաստանին իրենց դժգոհությունը, որ վերջինս չի դատապարտել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։

19:13

Կիև է ժամանել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։ Նա հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ։

19:05

Ինչ է Պուտինն ասել Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը եռամիասնական ժողովուրդ են։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է, սակայն Ռուսաստանն այլ ընտրանք չուներ։
  • Բլիցկրիգը, որի վրա Արևմուտքը հույս էր դրել, չկայացավ։ Տնտեսությունն ու ֆինանսական համակարգն ամուր կանգնած են ոտքերի վրա։ Սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ռիսկերը կարող են աճել։
  • Ուկրաինայի հետ բանակցությունները հիմնականում սկսվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհիվ։
  • Ստեղծված պայմաններում պետք է ամրապնդել Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրումը։

19:00

Լուկաշենկոն Բուչայում խաղաղ բնակչության սպանություններն անվանել է Մեծ Բրիտանիայի «հոգեբանական հատուկ գործողություն»

Նա հավելել է, որ բելառուսական հատուկ ծառայությունները կարող են օգնել այդ օպերացիայի մասնակիցների «հասցեներով, գաղտնաբառերով, հայտերով, ավտոմեքենաների համարներով»։

16:04

Բելգորոդի քաղաքապետարանը քաղաքացիներին առաջարկել է ներգրավվել կամավոր դրուժինաների կազմում

«Դրուժինիկի պարտականությունների մեջ է մտնում երեկոյան և գիշերային ժամերին փողոցների պարեկությունը, ինչպես նաև իրավակարգի պահպանման ժամանակ ոստիկանությանն աջակցելը»,- գրում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքային իշխանություններին։

Բելգորոդի մարզն սահմանակից է Ուկրաինային։ Նախօրեին Բելգորոդի մարզի սահմանակից շրջաններում մտցրել էին վտանգի «դեղին» (բարձր) մակարդակ։

15:55

Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյի հարցազրույցը Financial Times-ին։ Հիմնական մտքերը.

  • Մարտին բյուջեի ծախսերը 2,7 միլիարդ դոլարով գերազանցել են եկամուտներին։ Սպասվում է, որ ապրիլին և մայիսին ամսական դրանք կավելանան մինչև 5-7 միլիարդ դոլար։
  • Քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների վնասներն արդեն կազմել են 270 միլիարդ դոլար։
  • Ավերվել կամ վնասվել է մոտ 7000 բնակելի շենք։
  • Ուկրաինական ընկերությունների 30 %-ը դադարեցրել են աշխատանքը, իսկ 45 %-ն աշխատում են ոչ ամբողջական ծավալով։
  • Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է 35 %-ով։
  • Փետրվարի հետ համեմատած մարտին արտահանումը կրկնակի կրճատվել է, իսկ ներկրումն ընկել ավելի քան երկու երրորդով։
  • Ուկրաինային բավարար չեն այն ֆինանսական ռեսուրսները, որոնք արդեն իսկ համաձայնվել են տրամադրել արևմտյան երկրները։

15:31

The Economist-ը հոդված է հրապարակել Չեռնիգովի մարզի Յագոդնոյե գյուղի բնակիչների մասին։ Այնտեղ, ինչպես ավելի վաղ պնդում էին ուկրաինական իշխանությունները, ավելի քան 100 մարդ, գրեթե մեկ ամիս, ստիպված է եղել բնակվել դպրոցի նկուղում, որտեղ նրանց մտցրել էին ռուսաստանցի զինծառայողները։

15:10

Բուչայում սպանվել է ավելի քան 400 մարդ։ Այդ մասին հայտարարել է Կիևի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։ Ավելի վաղ, Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը նշում էր 320 զոհերի մասին։

14:46

Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայում Ռուսաստանի «ազնիվ» նպատակների մասին.

14:32

Վլադիմիր Զելենսկի. Նույնիսկ Բուչայից հետո ԵՄ-ն չի կարողանում կողմնորոշվել ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոյի շուրջ։

14:03

«Միասնական Ռուսաստան»-ը առաջարկել է ներդնել Ռուսաստանից հեռացած արտասահմանյան ընկերությունների ակտիվների արտաքին կառավարում։

Եյլի համալսարանի հետազոտողների հաշվարկներով՝ պատերազմի մեկնարկից և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո, այդ երկրից հեռացել է արտասահմանյան մոտ 600 կազմակերպություն։

13:41

UNICEF-ի տվյալներով՝ 4,8 միլիոն երեխա Ուկրաինայում փախստական է դարձել։

13:26

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հերքել է Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման ուկրաինական կողմի պնդումները։

13:17

Կուդրինը հայտարարել է տարվա կտրվածքով Ռուսաստանի ՀՆԱ-ի ավելի քան 10 %-ով կրճատման մասին։

Ռուսաստանի հաշվեքննիչ պալատի ղեկավարը հայտարարել է, որ Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարությունները ճշտում են 2022 թվականին ՀՆԱ-ի կանխատեսումները։

«Անկասկած կնվազի։ Պաշտոնական կանխատեսմամբ՝ կլինի ավելի քան 10 % կրճատում<...> Կան և փորձագետների այլ գնահատականներ։ Կան տարբեր գնահատականներ, կրճատում 8-ից մինչև 10 %»։

Մի քանի օր առաջ Համաշխարհային բանկը կանխատեսել էր, որ 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 11,2 %-ով, իսկ Ուկրաինայինը՝ 45 %-ով։

13:01

Պուտինը և Լուկաշենկոն Տիեզերագնացության օրը ժամանել են Վոստոչնի տիեզերակայան։ Պուտինի մի քանի հայտարարությունները.

  • Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը։ Խոսքը գնում է «Луна-25» ավտոմատ ապարատի գործարկման մասին։
  • Դոնբասի պաշտպանության «հատուկ գործողության» նպատակներին կհասնենք, դրանք ազնիվ են։
  • Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ աշխարհից, իսկ ուրիշների համար Ռուսաստանին մեկուսացնելն անհնարին է։

12:15

Ահա թե ինչ տեսք ունեն Բելգորոդի մարզի երկաթուղային վնասված գծերը։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ այդ ճյուղն օգտագործվում էր Բելգորոդ-Նեժեգոլ ռելսային ավտոբուսի կիրառման համար։ Տուժածներ չկան։

12:08

Ուկրաինական և ռուսական առավոտյան տեղեկագրերը ռազմաճակատում առկա իրավիճակի վերաբերյալ։ Հակիրճ.

ՌԴ ՊՆ.

  • Ուկրաինացի զինվորականները, որոնք շրջափակված են Մարիուպոլի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատի տարածքում, փորձել են դուրս գալ քաղաքից, սակայն նրանց փորձը տապալվել է հրետանու և ավիացիայի հարվածների հետևանքով։
  • Ռուսական բանակը Բերդյանսկի և Մելիտոպոլի շրջաններում խոցել է երկու անօդաչու։ Խմելնիցկի և Կիևի մարզերում ոչնչացվել են նաև զինամթերքի երկու պահեստներ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ.

  • Ռուսաստանը Բելգորոդի և Վորոնեժի մարզերի տեղակայման շրջաններում փորձում է ավարտել զորքերի վերախմբավորումն և ստորաբաժանումների տեղաշարժը։
  • Շարունակվում է Խարկովի մասնակի արգելափակումը, մարտեր են ընթանում Իզյումի շրջանում։
  • Ռուսական բանակի կողմից նկատվել են մարտական գործողություններին քաղաքացիական հագուստով մասնակցության դեպքեր։
  • Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մեկ օրվա ընթացքում հետ է մղվել վեց հարձակում, ոչնչացվել հակառակորդի չորս տանկ և ութ հրետանային համակարգ։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը խոցել են օդային յոթ թիրախ, այդ թվում՝ մեկ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։

12:06

iOS-ի համար Сбербанк մոբայլ հավելվածը, պատժամիջոցների պատճառով, App Store-ում հասանելի չէ ներբեռնման և թարմացման համար։

12:02

Ուկրաինական ծովային հետևակի 36-րդ բրիգադի մարտիկները տեսաուղերձ են հրապարակել։ Նրանք հայտարարել են, որ շարունակում են պաշտպանել Մարիուպոլը, սակայն սննդի և զենքի պաշարների սահմանափակումներ ունեն։

11:57

Մարիուպոլում վիրավորվել է Ռուսաստանի առաջին ալիքի լրագրողը

Ապրիլի 11-ին Ռուսաստանի առաջին ալիքի նկարահանող խումբը Մարիուպոլում հերթական ռեպորտաժի նախապատրաստման ժամանակ ընկել է գնդակոծության տակ։ Թղթակից Իրինա Կուկսենկովան վիրավորվել է։ Լրագրողին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Առաջին ալիքը հայտարարել է, որ Կուսենկովան վիրավորվել է «ուկրաինացի ազգայնականների» գնդակոծության հետևանքով։ 

11:50

The Guardian։ Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործում է Իրաքից բերված մաքսանենգ զենք

Ռուսաստանը Իրաքից, մաքսանենգ զենքի իրանական ցանցերի միջոցով, ստանում է սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այդ մասին The Guardian-ին պատմել են իրաքյան խմբավորումների մարտիկներն ու տարածաշրջանային հետախուզության իր աղբյուրները։

Խոսքը գնում է հակատանկային հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և նռնակների մասին։ Ռուսաստանին զենքը, մասնավորապես, փոխանցել է «Խաշդ աշ-Շաաբի» շիա խմբավորումը։ 

«Մեզ համար միևնույն է, թե ուր կգնա ծանր սպառազինությունը (որովհետև հիմա մեզ այն պետք չէ)։ Այն ամենը, ինչն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, մեզ ուրախացնում է»,- ասել է «Խաշդ աշ-Շաաբի»-ի աղբյուրներից մեկը։

11:47

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է գարնանային զորակոչը և հետաձգել զինծառայողների զորացրման գործընթացը։

11:45

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի մի շարք օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը։

11:42

⚡️Ֆրանսիան հայտարարել է ռուսական հատուկ ծառայությունների «գաղտնի օպերացիայի» բացահայտման և ռուսաստանցի վեց դիվանագետների արտաքսման մասին։

11:39

Գիշերը «Ազով» գումարտակը, որն իրականացնում է Մարիուպոլի պաշտպանությունը, հայտարարել է Մարիուպոլում ռուսական զորքերի կողմից քիմիական հարձակման մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչը հնարավոր էր համարել «քիմիական զորքերի» կիրառումը։

11:37

Caritas Ukraine բարեգործական հիմնադրամը հայտնել է, որ ռուսական զորքերը տանկից կրակել են Մարիուպոլի իրենց շենքեի ուղղությամբ։ Դրա հետևանքով զոհվել է 7 մարդ։

11:35

Լուսանկարում՝ Խարկովի բնակելի շենքերից մեկում գտնվող հրշեջներն են։ Շենքը տուժել էր ռուսական հարվածների հետևանքով։ Լուսանկարն արվել է ապրիլի 11-ին։

11:33

Նախօրեին Խարկովի և Խարկովի մարզի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, վիրավորվել՝ 19-ը, այդ թվում՝ 2 երեխա։ Այդ մասին հայտարարել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

11:30

Ի՞նչ է կատարվել ապրիլի 12-ի գիշերը` հակիրճ.

  • Nokia-ն հայտարարել է ռուսական շուկայից հեռանալու մասին։
  • Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան լրագրողներին պատմել է, որ Բուչայում ռուսաստանցի զինծառայողների պահել են կանանց խմբին և բռնաբարել նրանց։ Դենիսովայի պնդմամբ՝ 9 տուժած հղիացել է։
  • Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջաններում վնասել են երկաթուղային գծերը։ Թե ով և ինչու է դա արել, դեռևս չի նշվում։
  • Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Դրանք անդրադարձել են 28 կազմակերպության և ՌԴ 398 քաղաքացու վրա, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրերի։
  • Եվրոպոլը սկսել է փնտրել ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների ակտիվները, որոնք Ուկրաինայում պատերազմի պատճառով հայտնվել են պատժամիջոցների տակ։
  • Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ ստուգում են Մարիուպոլում «Ազով» գնդի մարտիկների նկատմամբ քիմիական հարձակման տեղեկությունները։

Լուսանկարը՝ Anatolii Stepanov/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter