HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ ճամարտակությունն ու սուտը փորձում են դարձնել փրկօղակ

Հարգելի՛ ընթերցող, արդեն երկրորդ դատական նիստն է ընթանում Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի  գործով, երբ վերջապես ցուցմունք են տալիս ամբաստանյալները:

Առաջինը, ինչպես որ սպասելի էր, Խաչիկ Կոսյանն սկսեց իր ցուցմունքը՝ չորս փաստաբանով խրամատավորված (ո՜ւր մնաց հընթացս նաև հինգերորդը, այդպես էլ մութ մնաց): Ավելի ճիշտ կլինի ասել հրաժարվեց ցուցմունք տալուց, դատարանին հայտարարելով, որ հրապարակեն իր նախաքննական ցուցմունքները, և որ կպատասխանի միայն իր պաշտպանների հարցերին, մի բան, որն ի սկզբանե ես ենթադրում էի:

Երկրորդ նիստում, ոգևորված  և նախապես դասը անգիր արած աշակերտի պես պատասխանեց միայն իր պաշտպանի հարցերին՝ ստերի իր ողջ  շտեմարանը ի ցույց դնելով, հետո իրեն հատուկ ամբարտավանությանը կուլ գնալով՝ հայտնեց, որ կպատասխանի մյուս բոլորի՝դատախազի, դատավորի, տուժողի իրավահաջորդի և նրա շահերի պաշտպանի հարցերին: Բայց ամբաստանյալներից մեկի խնդրանքով հայտարարված ընդմիջումը ուղղակի փրկեց իրեն: Բա էդ չորս փաստաբանները հո իզուր չէին հայտնվել իր կողքին: Ընդմիջումից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ չի պատասխանի իմ՝տուժողի իրավահաջորդի, և իմ շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հարցերին: Շտապեմ գոնե սթափեցնել   մյուս ամբաստանյալներին, որոնք նոր միայն պիտի ցուցմունք տան: Խորհուրդ չեմ տա նրանց հրաժարվել մեր հարցերին պատասխանելուց: Միևնույնն է, այդ հարցերից յուրաքանչյուրը իրենց կատարած հանցանքի  հիմնավորված ու փաստարկված ապացույցն է, և դրանք բոլորը անպայմանորեն հրապարակվելու են: Իսկ մեզ պատասխանելով՝ ամբաստանյալները կարող են գոնե մի փոքր իմիտացիա ստեղծել, որ չեն խուսափում մեր հարցերին պատասխանել:

Խաչիկ Կոսյանի դեպքում մի փոքր այլ էր: Առանցքային և ապացուցողական փաստերի վերաբերյալ և ոչ մի հարց նրա պաշտպանի կողմից: Բայց սա արդեն  ոչ թե Խաչիկ Կոսյանի, այլ ամենայն հավանականությամբ նրա հոր՝ թոշակառու գնդապետի բացթողումն էր, որն արգելել էր որդուն դա անել: Թույլ տամ ինձ այստեղ մի վերապահում անել. հայրը թերևս հրաշալի գիտի որդու՝ շատ խոսելիս մտքի թելը կորցնելու,ասած-չասածը խառնելու մասին, ուստի առաջնորդվել են՝ որքան քիչ խոսի, այնքան լավ իրենց համար կարգախոսով:

Ասվածի վառ ապացույցն էր փաստաբանի կողմից տրված վերջին հարցերից մեկին՝ ներքևում Արտաշին տեսնելու վերաբերյալ տրված պատասխանը. «Արիկը Արտաշին զոռով տանում էր դեպի մեքենան, որն իհարկե պետք է հանգեցներ Արտաշի փաստաբանի կողմից պարզաբանող հարցին՝ զոռով ասելով՝ ինչ նկատի ունես: Չխորանամ, ըստ իս՝ սա  Խաչիկի կողմից մի կարևոր քար գլորել էր նշանակում իր «ախպոր» հանդեպ:

Ես, դիմելով դատարանին, հորդորեցի իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Խաչիկ Կոսյանին մեր հարցերին պատասխանել՝ նշելով, որ դա նախ և առաջ իր շահերից է բխում մեզ ևս հավաստիացնելու, փորձել ապացուցելու իր անմեղությունը: Դրա փոխարեն Խաչիկ Կոսյանը իրեն հատուկ ծամածռությամբ ճամարտակությունների մի այնպիսի տարափ տեղաց իմ հասցեին, որ ի դժբախտություն իրեն, դարձյալ  ստի խոստովանության մի նվեր էր ինձ. ողբա՜մ զքեզ, երիտասարդ: Իրեն լսելիս ես  (և ոչ միայն այս անգամ) հասկացա մի պարզ  բան. այդ երիտասարդին երևի թե դուր է եկել վեց տարվա իր բանտային կյանքը, այլապես ինչպես մեկնաբանել նրա խոսքը՝ես բանտում ավելի ազատ եմ, քան դուք ձեր տանը: Լսո՞ւմ եք, իրավապահ համակարգի մեծարգո՛ այրեր, բանտային փափուկ այդ ի՞նչ կյանքի մասին է հայտարարում ցմահի հոդվածով մեղադրյալի աթոռին հայտնված այս երիտասարդը:  Հոր խոսքերով ասած իր գյոզալ ընտանիքից դուրս եկած, էքստեռն կարգով դպրոցը ավարտած, իրավաբանական փայլուն կրթություն ստացած իր որդին  քրեական ենթամշակույթին հակամետ այդ ի՜նչ մտքեր է արտահայտում: Բայց այդ մասին ևս հետո… Միայն ասեմ, որ ես ոչ մի դատարկ սպառնալիքից չեմ վախեցել ու չեմ վախենում: Իմ  համբերությունը եթե դիմացել է այս վեց տարիներին, ապա անպայման մի քիչ էլ (կամ շատ) կդիմանա:

Հ.Գ.

Իրավապահ համակարգի կարկառո՛ւն և մեծարգո՛ այրեր, այս վերջին տարում հաճախակի է խոսվում քրեական դատավարության նոր օրենսգրքից: Մի քանի նկատառում իմ կողմից ուզում եմ հայտնել՝ ելնելով այս վեց տարիների իմ տխուր պրակտիկայից:

Եթե առաջին ատյանի դատարանը քննում է քրեական ծանր հոդվածով գործեր, ապա դատաքննության ողջ պատասխանատվությունը մի՛ դրեք մեկ դատավորի և մեկ դատախազի ուսերին: Սա միայն կօգնի արդար դատաքննության կայացմանը:

Եթե խոսում եք ողջամիտ ժամկետի մասին, դա սոսկ իբրև իրավաբանական տերմին գործածելով, ապա դե՛ն նետեք այդ եզրույթը, եթե ոչ, ապա դրա կողքին ավելացրեք անմեղ ողջակեզը՝ նկատի ունենալով թե՛ տուժողին, թե՛ նրա իրավահաջորդներին և թե՛ նրանց ողջ ընտանիքը:

Եթե պահում եք հանրային պաշտպանի գրասենյակը,ապա վերջ տվեք ձևական անվանմանը, ընդլայնե՛ք նրա գործառույթներն այնքան, որ հանրային պաշտպան ձեր կողմից տրամադրվի ոչ միայն կամըտրությամբ, այլև քրեական ծանր և հատկապես խմբակային հանցագործությունների դեպքում ներգրավվեն այն վայ-փաստաբանների համար, որոնք, շատ հաճախ ամբաստանյալների կամքը կատարելով, իրենց հարկի-անհարկի միջնորդություններով ձգձգում են դատական նիստերը, բացակայում են նիստերից, որքան իրենց է անհրաժեշտ: Ողջամիտ ժամկետ ասվածը եզրույթն էլ այս պարագայում անպայման կգործի:

Եթե տարիների ընթացքում վկաներին հարց տալու իրավունք ունեցող տուժողին կամ նրա իրավահաջորդին, պաշտպանին զրկում եք ամբաստանյալներին հարց տալու իրավունքից, ապա մի՛ դրեք քրեական դատավարության նոր օրենսգիրքը դատավորի սեղանին, այլ…

2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդ

Փառանձեմ Մեյթիխանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter