HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խաչատուր Սուքիասյանն ու Վաղարշակ Հակոբյանը Հողային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի և Խաչատուր Սուքիասյանի հեղինակած Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հողային օրենսգրքի համաձայն` հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:

Պատգամավորներն առաջարկում են նշված բացառությունների շարքին ավելացնել նաև ոռոգման նպատակով ջրավազանները:

«Օրենքի փոփոխման համար հիմք են հանդիսացել բազմաթիվ գործարարների հետ զրույցները, տվյալ ոլորտը ներկայացնող մարդկանց հետ մշտական հանդիպումները և խորը վերլուծությունը, որ հանգեցրել է այն եզրկացության, որ օրենքի այս դրույթի փոփոխմամբ կարողանալու ենք խթանել գյուղատնտեսության զարգացումը: Փոփոխությունը բխում է գյուղացիների և գյուղատնտեսական տնտեսությունների կազմակերպմամբ զբաղվող անձանց շահերից»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե փոփոխություններն արդյոք չեն հանգեցնի չարաշահումների:

«Օրինակ, ջրամբարի համար պետք է 1 հա, բայց վերցվի 3 հա՝ իբրև հարակից կառույցներ, ու այլ նպատակներով օգտագործվի»,- ասաց Աղազարյանը:

Հիմնական զեկուցողն արձագանքեց` կառավարության գործընկերների հետ քննարկումների արդյունքում այդ հարցը ևս քննարկել են:

«Այս օրենքի փոփոխությունը բերելու է այդ ռիսկերի նվազեցմանը, մենք քննարկել ենք մի միտք, որ առաջինից երկրորդ ընթերցում հնարավոր է որոշակի սահմանափակում լինի: Հայաստանը ջրային անսպառ ռեսուրսներով երկիր է, սակայն այդ ռեսուրսները շատ վատ են կառավարվում, և դրա հետևանքով է, որ հաճախ ջրի սակավություն ենք ունենում: Այս օրենքը միտված է հեշտացնելու մեր այն քաղաքացիների խնդիրները և բխում է միայն այս նպատակից»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:

Նախագծի համահեղինակ Խաչատուր Սուքիասյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ռելիեֆը թույլ է տալիս ձնհալի արդյունքում օգտագործել այդ ջուրը գյուղատնտեսական նպատակով:

«Այս անգամ նույնպես ուզում եմ այս հարցը հնչի, դիմենք համայնքներին, գյուղացիներին, որ գնան սարերի ստորոտներում գտնեն էնպիսի տարածքներ, որ ձնհալի արդյունքում կարող են այդ ջուրը օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար, որ կարողանանք արդյունք ստանանք:  Եւվ այդ արդյունքը ՀՀ-ից արտահանվի, ոսկի է ջուը, կարող է արտարժույթ բերել»,- ասաց նա:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վահե Ղալումյանը, որի խոսքով ոռոգման համակարգի բարեփոխումների համար այն կարևոր նախաձեռնություն է:

Լրացված 15:50

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 68 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter