HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին «Զվարթնոցում» ուղեւորների աննախադեպ հոսք է եղել

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ուկրաինայից սկսված արտագաղթի եւ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին սպասվում էր, որ դեպի Հայաստան մարդկանց, այդ թվում՝ ազգությամբ հայերի շոշափելի ներհոսք է լինելու։

Հունվար-մարտ ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների գրանցած ցուցանիշները հուշում են, որ այդ ակնկալիքներն իրողություն են դարձել։

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորահոսքն այս տարվա հունվար-մարտին կազմել է 547.022 մարդ, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների կտրվածքով։ Ինչպես տեղեկացել ենք «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոցով» ժամանել է 273.364 ուղևոր, մեկնել՝ 273․658 հոգի։ Ինչպես տեսնում ենք, տարբերությունը չնչին է, այնինչ նախորդ տարիներին առաջին երեք ամիսներին մեկնողների թիվը սովորաբար շատ ավելի մեծ էր լինում, քանի որ ամանորյա տոներից հետո արտագնա աշխատանքի մեկնողների թիվը «ճնշում էր»։ Այս անգամ այդ տարբերությունը կրճատվել է հատկապես պատերազմի ֆոնին Ռուսաստանից եւ այլ երկրներից Հայաստան ժամանողների շնորհիվ։

Ուկրաինական ճակատում պատերազմի հետեւանքով մարդկային տեղաշարժերը բերել են նրան, որ այս տարի «Զվարթնոցը» գերազանցել է նույնիսկ իր ամենահաջող տարվա՝ 2019-ի ցուցանիշները, երբ մեկնած եւ ժամանած ուղեւորների ընդհանուր թիվն առաջին եռամսյակում 546.227 էր։

Passengers: EVN (I-III)
Infogram

Ինչ վերաբերում է Գյումրու «Շիրակին», ապա այստեղ 2022 թ․ հունվար-մարտի ուղեւորահոսքը եղել է 23.667 մարդ (ժամանել է 11.020, մեկնել՝ 12.647 հոգի), ինչը զիջում է 2018-2020 թթ․ ցուցանիշներին։

Passengers: LWN (I-III)
Infogram

Կարող ենք ասել, որ ի տարբերություն «Զվարթնոցի»՝ «Շիրակի» պարագայում զգացվել է արեւմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական փոխադրողների կողմից միջազգային թռիչքների կրճատումը։ Եվ այդ բացասական ազդեցությունը հավանաբար դեռ երկար կզգանք, քանի որ «Շիրակը» շատ մեծ կախում ունի ռուսական ավիաընկերություններից։

Փաստորեն, այս տարվա հունվար-մարտին Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում ընդհանուր ուղեւորահոսքը եղել է 570.689 մարդ, ինչը զիջում է միայն 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին՝ 578.575 ուղեւոր։

Այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոցում» եւ «Շիրակում» միասին կատարվել է 2574 թռիչք եւ 2577 վայրէջք, ընդհանուր՝ 5151։ Համեմատության համար ասենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկու օդանավակայաններից կատարվել է 1486 թռիչք եւ 1489 վայրէջք, ընդհանուր քանակը՝ 2975, ինչը 1,7 անգամ ավելի քիչ է այս տարվա ցուցանիշից։  

Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter