HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը հաջողություններ է մաղթել Փամբուխչյանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա:

Փաշինյանն իր խոսքում նշել է հետևյալը․

«Սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում, շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար: Գիտեք, որ այս պարագայում մենք մի փոքր այլ, անսովոր կամ նույնիսկ աննախադեպ իրավիճակ ունենք: Եվ ես պիտի ուղիղ ու անկեղծ ձեզ ասեմ, որ չափազանց ցավում եմ իրադարձությունների նման զարգացման համար: Ե՛վ մարդկայնորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով տեղի ունեցածն անձամբ ինձ համար շատ ցավալի իրադարձություն է: Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո, ես առաջարկել եմ պարոն Փիլոյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, վստահել եմ այդ պաշտոնը, և մենք այս ընթացքում աշխատել ենք ու ունեցել փոխադարձ հարգալից վերաբերմունք: Բայց կարծում եմ՝ պետք է հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի, և ի վերջո այդպես է և այդպես էր նաև այս իրադարձություններից առաջ: Հույս ունեմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ և ուղիղ ենք ընկալում։

Առավել ևս՝ մենք մի երկիր ենք, որն ունի աղքատության, սոցիալական բարդությունների խնդիրներ և ընդհանրապես՝ անվտանգային սուր մարտահրավերներ: Մենք պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է շատ մեծ ջանքեր գործադրել, այո, նաև անցնել շատ մեծ զրկանքների ճանապարհով, որպեսզի կարողանանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել, պետական կառավարման համակարգում առկա խնդիրները լուծել, վերջինիս արդյունավետությունը բարձրացնել, և ի վերջո՝ մեր ծառայությունը մեր ժողովրդի առաջ ավելի ու ավելի արդյունավետ դարձնել: Կարծում եմ, որ այսօվա հիմնական ուղերձը սա պիտի լինի:

Պարոն Փամբուխչյան, և՛ Ձեզ, և՛ նախարարության ամբողջ աշխատակազմին ուզում եմ հաջողություն մաղթել: Եվ նաև ցանկանում եմ ասել, որ այնուամենայնիվ օրենքի գերակայությունից խոսում ենք, եկեք անմեղության կանխավարկածի մասին չմոռանանք, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ցանկացած մարդ անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս կանխավարկածով էլ առաջնորդվենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` Արմեն Փամբուխչյանը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում փոխարինել է Անդրանիկ Փիլոյանին, որին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս պաշտոնանկ է արվել ապրիլի 1-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter