
Փաշինյանը պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արձանագրված ոչ բոլոր բացթողումներն է կառավարությունն ուսումնասիրել: Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընդգծեց` 2018թ-ի իշխանափոխությունից հետո զինված ուժերում իր քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չի նշանակել:
«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (նկատի ունի՝ Դավիթ Տոնոյանին, հեղ.): Մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում, բանակը մի ուրիշ ընտանիք է, ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր:
«Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել: Ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է»,- ասաց նա:
Հնարավոր լայնամասշտաբ զարգացումներին դիմակայելու համար արվող գործողությունները Նիկոլ Փաշինյանը բավարար չի գնահատում:
«Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այս ամենի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել