Ջո Բայդենը Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունները ցեղասպանություն է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ Ուկրաինայում ռուսաստանցի զինվորականների գործողությունները բնորոշել է որպես ցեղասպանություն։
«Ես դա ցեղասպանություն եմ անվանել, որովհետև պարզից էլ պարզ է դառնում, որ Պուտինը ուղղակի փորձում է երկրի երեսից ջնջել նույնիսկ այն միտքը, որ կարելի է ուկրաինացի լինել։ Առավել շատ ապացույցներ են հայտնվում, բառացի սարսափելի բաներ, որոնք ռուսաստանցիներն արել են Ուկրաինայում»,- Այովայում լրագրողներին հայտարարել է Ջո Բայդենը։
‘Yes, I called it genocide because it has become clearer and clearer that Putin is just trying to wipe out the idea of being able to be Ukrainian and the evidence is mounting,’ Biden told reporters as he prepared to board Air Force One https://t.co/ii2jh69Wij pic.twitter.com/dt5VMOtIgZ
— Reuters (@Reuters) April 13, 2022
Ընդ որում՝ նա հավելել է, որ որոշումն այն մասին, թե արդյոք Ուկրաինայում տեղի ունեցողը կարելի է դասակարգել որպես ցեղասպանություն, պետք է միջազգային մակարդակում որոշում ընդունեն իրավաբանները։
Ջո Բայդենի հայտարարությանն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Իրերն իրենց անունով կոչելն անհրաժեշտ է, որպեսզի կանգնեցվի չարիքը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։
Справжні слова справжнього лідера @POTUS. Називати речі своїми іменами важливо, щоб протистояти злу. Ми вдячні за допомогу, яку США вже надали, і терміново потребуємо більше важкого озброєння, щоб запобігти подальшим звірствам Росії.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) April 12, 2022
Փոխարենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանական անվանել, ինչպես դա արել էր Ջո Բայդենը։ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, Մակրոնը պատասխանելով այդ հարցին, նշել է. «Ես այսօր զգուշավոր կլինեմ այդպիսի տերմինների հետ, որովհետև այդ երկու ազգերը (խմբ. ռուսներն ու ուկրաինացիները) եղբայրներ են»։
«Ես ուզում եմ շարունակել փորձել, ինչքանով կարող եմ, կանգնեցնել այդ պատերազմն ու խաղաղությունը վերականգնել։ Ես վստահ չեմ, որ հռետորաբանության սրումը ծառայում է այդ գործին»,- հավելել է նա։ Մակրոնի խոսքով՝ վստահաբար կարելի է ասել, որ իրավիճակն անընդունելի է և որ Ուկրաինայում տեղի ունեցողը ռազմական հանցագործություններ են։ «Մենք վերապրում ենք ռազմական հանցագործություններ, որոնք աննախադեպ են մեր հողում՝ մեր եվրոպական հողում»,- ընդգծել է Մակրոնը։
Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան համագործակցում է Ուկրաինայի հետ՝ ռազմական հանցագործությունների հետաքննման գործում։ «Ռուսաստանը միակողմանիորեն սկսել է արտակարգ դաժան պատերազմ։ Պարզվել է, որ ռուսական բանակն իրականացրել է ռազմական հանցագործություններ, և մենք հիմա պետք է գտնենք պատասխանատուներին»,- եզրափակել է Ֆրանսիայի առաջնորդը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից ի վեր, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, ուկրաինական քաղաքների պաշարման և հրթիռահրետակոծության հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։ Մոտ 2 շաբաթ առաջ, երբ ռուսական զորքերը դուրս էին եկել Կիևի մարզից, Բուչա քաղաքում հայտնաբերվել են մի քանի հարյուր սպանված խաղաղ բնակիչներ։
Նախօրեին, Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը հայտարարել էր, որ վերջին տվյալներով Կիևի մարզի Բուչա քաղաքում հայտնաբերվել է 403 խաղաղ բնակչի մարմին։ Ուկրաինական կողմը ռուսաստանցի զինծառայողներին մեղադրում է խաղաղ բնակչության սպանությունների մեջ, մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ դա Ուկրաինայի հատուկ ծառայությունների սադրանքն ու բեմադրությունն է։
Լուսանկարը՝ Carolyn Kaster / AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել