HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ի դրությամբ դուրս է եկել համանախագահության բանակցությունների տիրույթից». Ն. Փաշինյան

ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ին դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ո՛չ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` իր սեղանին որպես բանակցային թղթի վերնագիր եղել է “О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования”:

«Այսինքն՝ այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտավողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը հետևյալն էր: Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան…: Հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե՞ չէ: Ասում են՝ իրենք Ղարաբաղի հարցը այսպես-այնպես կլուծեին: Լուծեիք»,- ասաց Փաշինյանը` խոսքն ուղղելով նախկին իշխանություններին:

«Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր: Այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակի»,- ասաց նա:

Խոսելով 2016 թվականի իրադարձությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որի իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը բնականաբար մերժում է: Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է երկրորդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ»:

Փաշինյանը հիշեցրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հարցազրույցում հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա ի նկատի ուներ մեծ հավանականությամբ: Այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն ըստ էության 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, հարցը դուրս է եկել, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի: Բայց միջազգային հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Եվ ըստ էության բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա»,- ասաց նա:

Խոսելով ընդդիմության մեղադրանքների մասին, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին իրենք «թակարդն ընկան», Փաշինյանն ասաց.

«Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ինչպե՞ս եղավ, որ թակարդի մեջ ընկանք. մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թ.-ի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես»:

Փաշինյանը խոսեց նաև այն մասին, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել պատերազմը՝ ասելով.  «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի: Նույն վիճակը՝ բոլոր հարցերով, բոլոր նրբություններով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter