ԱՄՆ-ից փոստի միջոցով մարիխուանա և կոկաին են ուղարկել Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, «ՀայՓոստ» ընկերության աշխատակիցները փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։
Հայտնաբերվել է մասնավորապես` 82 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված, 2.49 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգված, ինչպես նաև ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ 5 հատ դեղապարկուճ, որոնք թաքցված են եղել նշված առաքանու մեջ առկա տարբեր առարկաների մեջ:
Երևանի փոստային բաժանմունքներից մեկում, վերոնշյալ առաքանին ստանալուց հետո, բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Տ.Հ-ն:
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները տվյալ քաղաքացուն առնչվող մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան (267.1 հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ) հոդվածների համաձայն՝ նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում քաղաքացին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել