
Քրիստինե Վարդանյանը կտոր ցուցադրեց` ասելով, որ Հայաստանի անունից դա է բանակցում
Չնայած խորհրդարանական ընդդիմությունը դեռ երեկվանից բոյկոտել է քառօրյայի աշխատանքները` հայտարարելով, որ մեկնում են Արցախ ու Հայաստանի սահմանամերձ շրջաններ, սակայն այսօր հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկա էր: Նա հիշեցրեց ընդդիմության բոյկոտի մասին, ապա ասաց, որ վերջին երկու օրերին եղան իրադարձություններ, որոնց չանդրադառնալ չեն կարող, և քանի որ գործընկերներից միայն ինքն է Երևանում, որոշել է գալ նիստին:
«Ես եմ եկել այստեղ, Ձեր դեմքին ասելու այն ամենը, ինչ մտածում են հազարավոր մարդիկ: Երեկ թշնամական պետության ղեկավարը հայտարարել է, եթե Հայաստանը զինեն, մենք դա բացասական կընկալենք, Զանգեզուրի միջանցքը բացվելու է, եթե Հայաստանը դրան կամովին չհամաձայնի, այլ մեթոդի կդիմենք…»,- պատգամավորն ընթերցում էր Իլհամ Ալիևի խոսքերը:
Նրա խոսքով` մի քանի ժամանոց շոուի ընթացքում Փաշինյանը ոչ միայն չի անդրադարձել այս ամենին, այլև հայտարարել է, որ Ադրբեջանի նախապայմաններն իր համար ընդունելի են:
«Ձեզ համար ընդունելի է այն, ինչ հայտարարում է Ադրբեջանը, անընդունելի ոչինչ չկա, շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի դիմաց՝ անկախ նրանից, թե ինչ կզիջեք, Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է, և որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։ Այս ամենը հաշվի առնելով՝ ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չի, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորը գրպանից հանեց մի կտոր և ասաց, որ Հայաստանի անունից դա է բանակցում:
«Սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, և սրանից փախչել դուք չեք կարող», - հայտարարեց նա։ Ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել Քրիստինե Վարդանյանի խոսափողը։
Մեկնաբանել