HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիան և Ֆինլանդիան քննարկում են ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը մտադիր է այս տարվա հունիսին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը կկայանա հունիսի 29-30-ը, Մադրիդում, ներկայացնել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության հայտը։ Այդ մասին հայտնում է The Local Sweden-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Շվեդիայի վարչապետը արդեն իսկ որոշում է ընդունել անդամակցելու ՆԱՏՕ-ին, և նրա կառավարությունը պլանավորում է այս տարվա հունիսի վերջին Դաշինքի մադրիդյան գագաթնաժողովի ժամանակ ներկայացնել Շվեդիայի հայտը»,- գրում է շվեդական Svenska Dagbladet թերթը։ 

Շվեդական Aftonbladet թերթն էլ հայտնում է, որ Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը մայիսի 24-ին կանցկացնի կուսակցական ղեկավարության հատուկ նիստ, որտեղ կարող է որոշվել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության վերաբերյալ որոշումը։

Բացի այդ, Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետներն այսօր Ստոկհոլմում քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին երկու երկրների անդամակցության հարցը, որի կարիքը, ըստ մի շարք փորձագետների, առաջացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ 

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ստոկհոլմում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հանդիպումից հետո, Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինը հայտարարել է, որ Ֆինլանդիայի իշխանությունները ևս առաջիկա շաբաթների ընթացքում որոշում կընդունեն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության վերաբերյալ։

 «Կան տարբեր տեսակետներ, թե արդյոք անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել, թե՝ ոչ, և մենք պետք է մանրակրկտորեն դրանք վերլուծենք»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը։

Նա հավելել է, որ որոշման ընդունման գործընթացը չի ձգձգվի և առաջիկա շաբաթներին երկիրը կորոշի Դաշինքին անդամակցության իր պլանները։ 

Ավելի վաղ, Ռուսաստանն արձագանքել էր շվեդական և ֆիննական կողմերի հայտարարություններին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության անհրաժեշտության վերաբերյալ որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները «խելացի և հիմնավորված չեն»։ 

«Ես չեմ ուզում նույնիսկ դա մեկնաբանել, որովհետև այդ հայտարարությունները խելացի չեն։ Դրանք չեն հիմնվում փաստերի վրա։ Դրանք ընկած են քարոզչության և սադրանքի հունի վրա։ Դրանք չեն համապատասխանում այդ երկրների ժողովուրդների շահերին։ Եվ դրանք ապահովում և սպասարկում են ԱՄՆ հովանու ներքո Հյուսիսատլանտյան դաշինքի կոլեկտիվ շահերը»,- հայտարարել է Զախարովան։

Լուսանկարը՝ galaxyconcerns.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter