HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խաղաղության օրակարգի շահառուն Արցախի և Հայաստանի ժողովուրդն է. Գուրգեն Արսենյան

«Արցախում տարվում է մի քարոզչական գիծ, որ խաղաղության օրակարգը սպառնում է Արցախի ժողովրդին: Արցախի, ինչպես նաև Հայաստանի ժողովուրդը հանդիսանում է խաղաղության հաստատման օրակարգի ամենակարևոր շահառուն, սա ասում եմ և պնդում»,-Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Պատգամավորի գնահատականով՝ Հայաստանի նորագույն պատմության համար կատաստրոֆիկ ու երեսնամյա պատմության իրական ճանապարհը ու հնարավորությունը ցույց տվող իրադարձությունը սեպտեմբերի 27-ն է, երբ սկսվել է պատերազմը: Ըստ նրա` պատերազմի ավարտն արձանագրել է այն տեսլականի տապալումը, որով երեսուն տարի շարունակ ապրում էր Հայաստանը:

«Մենք, սթափ քաղաքական գործիչներ լինելով, պետք է առերեսվենք այդ իրականության հետ, պետք է կարողանանք գնահատական տալ իրականությանը, պետք է կարողանանք որպես հասարակությանն առաջնորդող համակարգ, ուժ, բացատրել, թե ինչի հետ առեսվեցինք, թե ինչ միջավայրում ենք մենք ապրել և ինչ միջավայր կերտել մեր հասարակության համար: Ցավով եմ նշում, որ մենք մեր հասարակությանը մոտավորապես մի 25 տարի գցել ենք մոլորության մեջ»,-ասաց նա:

Գուրգեն Արսենյանի համար ամենակարևորը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցն է, այլ հայկականության, թե ինչ ենք պատկերացնում, երբ ասում ենք հայկականություն:

«Հայկականության դրսևորումը հայկական քաղաքական համակարգում և սփյուռքում, չգիտես ինչու, դարձել է թուրքատյացությունը, ադրբեջանատյացությունը: Իմ խորը համոզմունքով, դա որևէ կապ չունի հայկականության հետ, հայկականությունը լրիվ այլ կոմպլեքս է: Հայաստանը ներդրումային գրավիչ երկիր դարձնելու ծրագիր է, հարևան երկրների հետ կայուն ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված հարաբերությունների կառուցում է»,-ասաց իշխանական պատգամավորը:

Արսենյանի կարծիքով` հայկականության մեջ պետք է լինի ատելության էլեմենտ, բայց այդ ատելությունը չպետք է ուղղված լինի որևէ ազգի, պետք է ուղղված լինի տգիտությանը և ծուլությանը, գոռոզությանը, լկտիությանը, ստրկամտությանը և ձախողված ազգի սինդրոմի շրջանակից դուրս գալու վճռական ջանքերի գործադրումը:

«Իսկ թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսևորում»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter