HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին իր նախորդ օրվա ելույթի առնչությամբ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարել էր, թե պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ ներկայացրել է 1998-2018 թվականների իրադարձությունների շղթան:

«Եվ պատահական չէ, որ մի քանի ժամանոց քննարկումից Սերժ Սարգսյանն անդրադարձել է մի դրվագին` ասելով, որ ինքը ԼՂ հարցի կարգավորման փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք: Այսինքն, ըստ էության, կարծում եմ՝ այս թեմայով բանավեճն այստեղ ավարտվում է, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, թե ինչու է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը։ Որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս դրվագի մանրամասնումը ընդգծում է, որ քսան տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ»,-ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվականի իրադարձություններին, ասում է, որ ուզում էր վարչապետ լինել Ղարաբաղի հարցի համար:

«Ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է: Ոնց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից հայտարարել էր, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են ու աընդունելի մեզ համար»,-ասաց նա` հիշեցնելով երրորդ նախագահի խոսքերը:

Վարչապետը հիշեցրեց պաշտոնաթող նախագահի նաեւ այն խոսքերը, թե պետք չէ հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Սա էլ էն հարցի պատասխանը, թե ով է պատերազմական իրադրության հեղինակը, մե՞ր իշխանությունն է պատերազմի հեղինակը, թե մեր իշխանությունը չէ: Պատերազմը հնարավոր էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական ու անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` 1996 թվականից սկսած՝ բանակցությունների սեղանին է եղել Շուշիի հարցը: Նա հռետորական հարց հնչեցրեց, թե արդյոք Սերժ Սարգսյանը հանձնելու էր Շուշին, և եթե չհանձներ, պատերազմ էր սկսվելու:

«Եթե Ղարաբաղը ուզենայինք հանձնենք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք: Մեզ ասում են` Շուշին հանձնել ենք, պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում էին` կանխեինք, ինչի՞ մենք չէինք մտածում կանխելու մասին, առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` երեկվա իր ելույթով տարածություն է բացվել Հայաստանի և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից:

«Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի ու Արցախի համար, ճանապարհ ենք բացում պետականությունը պահպանելու համար: Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, պիտի ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ: Եվ մենք, այո, այդ տարածությունը բացել ենք, մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Հայաստանի ու Արցախի համար, որովհետև 1998-ի փաթեթով հայությունը զրկվել էր տարածությունից: Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` Հայաստանն ինքնիշխան երկիր է, և պետք է Հայաստանին վերադարձվի որոշումներ կայացնելու իր իրավունքը:

«Որովհետև մենք երկիր ենք, ախոռ չենք, մենք քաղաքացի ենք, մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ինքնիշխան ենք»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter