HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցրտահարվել են Արմավիրի մարզի ելակի, կարտոֆիլի մշակաբույսերը, վնասվել՝ այգիները

Այս գիշեր գրանցված ցրտահարությունը վնասներ է հասցրել Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը: Տուժել են հատկապես կարտոֆիլի, ելակի մշակաբույսերը, պտղատու ծառերը:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մարզի Նորապատ գյուղում տեղակայված օդերևութաբանական կայանի տվյալներով՝ գիշերը օդի ջերմաստիճանը եղել է -1.5, իսկ հողի մակերևույթին՝ -4:

«Բնականաբար, տարբեր համայնքներում տարբեր ջերմաստիճաններ գրանցված կլինեն: Որոշ վնասներ կան, հանձնարարել ենք, որ համայնքային հանձնաժողովներն արձանագրեն, ինչպես կարգն է, և ներկայացնեն մարզպետարան: Մարզպետարանն էլ կամփոփի ու տվյալները կներկայացնի Արտակարգ իրավիճակների նախարարություն»,- ասում է Արթուր Այվազյանը:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի խոսքով՝ ցրտահարությունը համեմատաբար ավելի մեծ վնաս է հասցրել Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններին: Վնասվել են հատկապես ելակի ծաղիկները, կարտոֆիլի բույսերը:

Ցրտահարությունից չեն տուժել գյուղացիական այն տնտեսությունների մշակաբույսերը, որտեղ հնարավոր է եղել ապահովել ջեռուցում:

«Ծառերի վնասն ավելի ուշ կերևա, հնարավոր է՝ պտուղը մեծանա ու դեղնի, թափվի: Բայց հնարավոր է, որ վնասված լինի ծառերի հողի մակերևույթին մոտ ճյուղերի բերքը»,- ասում է Ա. Այվազյանը:

Նշենք, որ ծիրանի բերքի մի հատվածի ցրտահարությունն արդեն նկատելի է Էջմիածնի գյուղերում: Գյուղացիները, բացելով ծաղիկը, նկատում են, որ փոքր պտուղը սևացած է: Սա ցույց է տալիս, որ այն ցրտահարվել է, այլևս կենսունակ չէ:

Նշենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոնը երեկ հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, հատկապես լուսադեմին՝ ժամը 06։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է -1...-2, հողի մակերևույթին՝ մինչև -3 աստիճան ցուրտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter