
Վկան հաստատեց. Նարեկ Հարթունյանը հարկերից չի խուսափել
Երեկ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեկ Հարթունյանի գործով դատական նիստը: Այս անգամ ցուցմունք տվեց Արսեն Արտաշեսյանը, ով 2010 թվականի հոկտեմբերից մինչեւ 2011 թ. ապրիլ աշխատել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում` որպես գլխավոր հաշվապահ: Այս վկայի ցուցմունքը շատ ավելի հակասական էր, քան նախկին վկաների ցուցմունքներն ընդհանրապես:
Ա. Արտաշեսյանը նույն ժամանակահատվածում է զբաղեցրել գլխավոր հաշվապահի պաշտոնը, ինչ Նարեկը` տնօրենինը:
Վերջինս, ստանձնելով տնօրենի պաշտոնը, դիմել էր աուդիտորական ընկերության օգնությանը` պարզելու համար` ինչպիսի յուրացումներ են եղել ընկերությունում նախքան իր տնօրեն դառնալը: Այդ նույն աուդիտորական ընկերությունում էր աշխատում նաեւ Արսեն Արտաշեսյանը:
Աուդիտի իրականացումից հետո Ա. Արտաշեսյանն աշխատանքի է անցել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում` որպես գլխավոր հաշվապահ:
Ըստ վկայի՝ Ն. Հարթունյանը նրան խնդրել է, որ նախկինում եղած չարաշահումները վերացնել, որպեսզի լիարժեք հարկային դաշտում գործեն:
Ա. Արտաշեսյանը հայտնաբերել է, որ մինչ Նարեկի տնօրեն լինելը` Սեւակ Արծրունու եւ Արտյոմ Մարտիրոսյանի տնօրինության ժամանակ, վաճառվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամի ապրանք, որի վերաբերյալ ոչ հարկային փաստաթղթեր են կազմված, ոչ էլ գումարն է առկա:
Այսինքն ընկերության պահեստում ապրանք չկար, քանի որ նախքան Նարեկի տնօրեն եղած ժամանակ այդ ապրանքները վաճառվել էին, չկային գումարները, չկար համապատասխան հաշվապահական հաշվառում: Արդյունքում կրկնակի վնաս է հասցվել ընկերությանը. մի դեպքում գումարներն են հափշտակել, մյուս դեպքում չվաճառված, գոյություն չունեցող շուրջ 60 մլն ապրանքների վաճառք ցույց տալով` պետք է պետությանը հարկ վճարեին:
Այսինքն Արտաշեսյանը փաստեց այն մասին, որ Նարեկ Հարթունյանը հակված է եղել չվճարված հարկերը վճարել, ոչ թե հարկեր վճարելուց չարամտորեն խուսափել, երբ ընկերությունն այդ վաճառված ապրանքներից գումար չի ստացել: Վկան հայտնեց նաև, որ Նարեկ Հարթունյանը ինքն է ասել, որ պետք է մաքուր աշխատել և հարկերը վճարել:
Սակայն այսօր Նարեկ Հարթունյանը մեղադրվում է հարկեր վճարելուց չարամտորն խուսափելու, ինչպես նաև` փողերի լվացման մեջ:
«Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում, որ այն ընթացքում, երբ Դուք եղել եք գլխավոր հաշվապահ, մեղադրանք է առաջադրվեում Ձեր օգնական Արթուր Գալստյանին, իսկ Ձեզ ոչ մի մեղադրանք չի առաջադրվում: Առնվազն տարօրինակ չի՞ թվում այս փաստը»,- հարցրեց Ն. Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Ի պատասխան այս հարցմանը` վկան ասաց, որ ինքը չգիտի` ինչու է այդպես որոշվել:
Ա. Արտաշեսյանը նաեւ ցուցմունք է տվել, որ ամբաստանյալներ Անին եւ Նարեկը հանդիպել են իրեն, պահանջել, որ փոխի իր ցուցմունքը: Վկան բացի դա ասաց, որ իրեն միշտ զանգել ու կանչել են ցուցմունք տալու, մինչդեռ այս ցուցմունքը տալու համար վկան ինքն է գնացել քննիչի մոտ: Սրա հետ կապված Ա. Արտաշեսյանն անգամ չգիտեր` որ քննիչին է ինքը ցուցմունք տվել:
«Արտաշեսյանի ցուցմունքն այն մասին, որ Նարեկը և Անին իրեն հանդիպել են և ասել, որ նա փոխի իրենց դեմ տրված իր ցուցմունքը, իրականությանը չի համապատասխանում: Սակայն հենց այդ ցուցմունքի հիման վրա կալանավորեցին Նարեկին, Անիին ու Արթուրին, որպեսզի հոգեբանական ճնշում գործեին նրանց կամքի վրա»,- ասաց պաշտպան Անի Թորոսյանը: Եվ պատահական չէ, որ հենց այդ ցուցմունքի մանրամասները վկան չհիշեց, թե երբ է այն տվել, անգամ որ քննիչի մոտ և ինչ պայմաններում: Նա նույնիսկ չէր հիշում, թե երբ են, իբր, հանդիպել իրեն և նշեց հոկտեմբեր-նոյեմբերի երկրորդ կեսը: Դատավորն այդ ժամանակի արժանահավատությունը ստուգելու նպատակով վկային հիշեցրեց, որ նոյեմբերի 21-ին նա առերեսման է եղել Նարեկի հետ, սակայն այդ «հանդիպման» մասին չի հայտնել: Վկան շփոթվեց. ակնհայտ է, որ իրականում նման հանդիպում չի եղել:
Վկայի ցուցմունքի վերաբերյալ հայտարարություն արեց նաև Նարեկ Հարթունյանը, ով ասաց, որ վկայի ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Այդ պահին Սեւակ Արծրունու կողմից ղեկավարվող «Երկիր» միության աշխատակիցներից ոմն Ռոբերտ, որը ներկա էր դատական նիստին, անհանգիստ շարժումներով, ծիծաղով փորձում էր հոգեբանական ճնշման ենթարկել Նարեկին:
Գալով վկայի ցուցմունքին` հարկ է նշել, որ վկան հայտարարեց, որ այո, ընկերությունում ՀԴՄ է տեղադրված եղել, եւ որ ընկերությունում կատարվել է մանրածախ վաճառք: Սա այն դեպքում, երբ դատախազ Բագրատ Պետրոսյանը իրավացիորեն նկատեց, որ իր նախնական ցուցմունքում նույն վկան ասել է, որ մանրածախ վաճառք չի իրականացվել ընկերության տարածքում:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 22-ին՝ ժամը 10.00: Այս նիստին ցուցմունք կտան գործով մյուս հինգ վկաները:
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանել