Եվրոպական հանձնաժողովը որոշել է, որ ռուսական գազի համար ռուբլով վճարումը պատժամիջոցների խախտում կլինի
Եվրոպական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ ռուսական գազի համար ռուբլով վճարումը, ինչը պահանջում են Ռուսաստանի իշխանությունները, կլինի պատժամիջոցների խախտում։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, որը ծանոթ է Եվրոպական հանձնաժողովի եզրակացությանը։
Գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը, իրականացնելով գազի դիմաց ռուբլով վճարման պահանջի իրավաբանական վերլուծություն, որոշել է, որ դա կլինի նաև մատակարարումների վերաբերյալ պայմանագրերի խախտում, որի պայմանները չեն ենթադրում վճարման արժույթի փոփոխություն։
Ավելի վաղ, բազմաթիվ երկրներ, որոնց վրա տարածվում է գազի համար ռուբլով վճարման պահանջը, հայտարարել էին, որ չեն փոխի վճարման արժույթը։
Եվրամիությունում հայտնել էին, որ այս հարցի վերաբերյալ մշակում են Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունների վրա հիմնված միասնական դիրքորոշում։ Եվրամիության անդամ երկրներից միայն Հունգարիան էր հայտարարել, որ պատրաստ է գազի դիմաց վճարել ռուբլով։
Լուսանկարը՝ AP Photo/Dmitry Lovetsky
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել