HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռօրյա համատեղ այց Սյունիքի մարզ

Ապրիլի 11-ից 13-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համատեղ եռօրյա այցը Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։

«Այցը կազմակերպել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Այն ընդգրկում էր այցելություն Կապան, Գորիս և Վերիշեն համայնքներ, որտեղ պատվիրակությունը հյուրընկալվեց Կապանի և Գորիսի Կանանց ռեսուրս կենտրոններին, ինչպես նաև այցելություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Կապանում տեղակայված Սյունիքի մարզային ստորաբաժանում և Գորիսի Կանանց ռեսուրս կենտրոնի՝ Վերիշենում գտնվող սոցիալական ձեռնարկություն։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինի, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի մասնակցությամբ պատվիրակությունը հանդիպեց «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի Կապանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Գյումրիի, Բերդի ներկայացուցիչներին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի արցախցի շահառուներին, ծանոթացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի արդյունքներին։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Սյունիքի ստորաբաժանումում պատվիրակությունը հանդիպում ունեցավ գրասենյակի աշխատակիցների, տեղի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու կնոջ հետ։

Պատվիրակությանը ներկայացվեցին մարդու իրավունքների խախտումների իրավիճակը, Կապանի և ընդհանրապես Սյունիքի բնակիչների առջև ծառացած խնդիրները։ Քննարկվեցին Կապանի, մասնավորապես, կանանց զարգացման, մարդու իրավունքների, պատերազմի, խաղաղության, գերիների վերադարձի, անվտանգության խնդիրները։ Կանանց ռեսուրս կենտրոնների հետ հանդիպումների ժամանակ կենտրոնների ներկայացուցիչները խոսեցին անցած ճանապարհի, կատարած աշխատանքի՝ այդ թվում Սյունիք տեղափոխված արցախցիների հետ, ու տպավորիչ ձեքբերումների մասին, ինչպիսիք են Կապանի կարի ու նորաձևության և Գորիսի «Goris Handmade» սոցիալական ձեռնարկությունները։

Բազմաթիվ կանայք, կենտրոնների շնորհիվ, վերապատրաստվել են, մասնագիտություն ու անհրաժեշտ պարագաներ են ստացել և աշխատանք են գտել։

Կենտրոնների անդամները ներկայացրեցին նաև իրենց առաջ ծառացած խնդիրներն ու մտքում ունեցած լուծումները։ Պատմեցին ծրագրերի մասին՝ օրինակ, երիտասարդական կենտրոն, փայտամշակման արհեստանոց, խոհարարական դպրոց, ինչպես նաև տարեցների ցերեկային կենտրոն բացելու վերաբերյալ, որոնք կնպաստեն նաև պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացածների և Սյունիք տեղափոխված արցախցիների ինտեգրմանը։

Քննարկվեցին Կապանի, Մեղրիի, Գորիսի և, ընդհանրապես, Սյունիքի զարգացման համար կարևորագույն հարցեր, որոնցում իրենց գործուն մասնակցությունն ունեն կանայք։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան նշում է, իրենք մեծ հետաքրքրությամբ են լսել կանանց ու խնդիրների համար նրանց առաջարկած լուծումները և միասին, հիմնվելով այդ առաջարկվող լուծումների վրա, պիտի առաջ մղեն աշխատանքը։

Տիկին Փիթրս Յահիան շեշտում է, որ կանանց հզորացումը ՄԱԿ-ի գերակա ուղղություններից է։ «Այս այցն ամենաոգեշնչողներից մեկն է», - ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, - «Կարծում եմ, մենք կարող ենք սովորել իրարից... քանի որ մեր երկրներում էլ իրավիճակն ամենևին կատարյալ չէ։

Բայց, նախևառաջ, պետք է միասնաբար վաղ հասակից կրթենք մեր երեխաներին, որ նրանց հասու դարձնենք գենդերային հավասարության իրական առավելությունները»։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատում Կանանց ռեսուրս կենտրոնների աշխատանքը, հատկապես նրանց ներդրումը Արցախից տեղափոխվածների համար հումանիտար ծրագրեր իրականցնելու հարցում։ Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը կենտրոնների հետ և օգնել, որպեսզի սոցիալական ձեռնարկությունների արտադրանքն ավելի մեծ ճանաչում գտնի։

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն խոստովանում է, որ սիրահարված է Սյունիքին և ասում, որ շատ ոգևորված է այցից, որ բազմաթիվ նոր բաներ է իմացել, նոր գաղափարներ լսել, որոնք կարող են հետագա հագործակցության հիմք դառնալ։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ստեղծման առաջին աջակիցներից է, ում աչքի առաջ և ջանքերով ցանցը ստեղծվել, ամրացել, տարածվել է և արդեն նոր անդամներ ունի Սյունիքից դուրս՝ Բերդում, Գյումրիում և Վանաձորում։

Այսօր ցանցի անդամներն օգնում են հարյուրավոր կանանց ու նպաստում իրենց համայնքների զարգացմանը։ «Միասին, ձեռք-ձեռքի տված, մենք կարող ենք ամեն ինչ», - վստահեցնում է տիկին Հարությունյանը։ Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն ասում է. «Շնորհակալություն մեր գործընկերներին, շնորհակալություն այն կանանց, որոնք մեր կողքին են. մեր գործունեության հիմքում անմիջապես կանայք են... և այսօր վստահաբար կարող եմ ասել, որ եթե չլինեն կանայք, չի լինի նաև համայնքների զարգացումը, իսկ մեր երկիրը պիտի զարգանա հենց համայնքներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter