HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 51-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Արդեն 51-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդունել է, որ նախօրեին ջրասույզ է եղել «Մոսկվա» հածանավը։

««Մոսկվա» հածանավի՝ դեպի նշանակման նավահանգիստ քարշակման ժամանակ, նավի հիմնակմախքի վնասման պատճառով, որը ստացել էր զինամթերքի պայթելու հետևանքով, նավը կորցրել է կայունությունը (այսինքն ալիքների վրա հավասարակշռության վիճակում վերադառնալու կարողությունը)»,- նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ Արդյունքում, նավը ջրասույզ է եղել։

Ավելի վաղ, Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ «Մոսկվա» հածանավը հարձակման է ենթարկվել ուկրաինական «Нептун» հրթիռներով։ Ռուսաստանն այդ հանգամանքը չի ընդունում։

Համաձայն ՌԴ ՊՆ հայտարարության՝ հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի մյուս նավերի կողմից։ Զոհերի կամ վիրավորների մասին գերատեսչությունը տվյալներ չի հրապարակել։

«Մոսկվա»-ն ՌԴ ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի գլխավոր նավն էր (ֆլագման) և նույն նավատորմի ամենալավ զինվածը։

Ուկրաինական իշխանությունների վարկածով՝ հենց «Մոսկվա» նավն է եղել այն նավը, որը հարձակվել էր Զմեյնի կղզու վրա և որին ուկրաինացի զինվորականները ոչ ցենզուրային բառերով առաջարկել էին հեռանալ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը «Մոսկվա» հածանավի մասին

  • Ռուսաստանն ընդունել է «Մոսկվա» հածանավի կորուստը, որն ուներ ինչպես հրամանատարական նավի դեր, այնպես էլ կարևոր նշանակություն հակաօդային պաշտպանության հանգույցում։
  • Խորհրդային արտադրության նավը ռուսական ռազմածովային նավատորմի «Слава» դասի երեք հածանավերից մեկն էր։ Ի սկզբանե շահագործվելով 1979 թվականին՝ «Մոսկվա»-ն միայն վերջերս էր անցել զանգվածային արդիականացում և շարք վերադարձել 2021 թվականին։
  • «Մոսկվա» հածանավը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, իր կարևորությամբ երկրորդ հածանավն էր, որը կորցրել է Ռուսաստանը։ Առաջինը «Սարատով» դեսանտային նավն էր, որը ջրասույց էր եղել մարտի 24-ին։ Հավանաբար, այդ նավերի կորուստները կստիպի Ռուսաստանին վերանայել իր դիրքերը Սև ծովում։

Ջո Բայդենը պատրաստ է անձամբ ժամանել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել է, որ իր վարչակազմը հիմա որոշում է, թե ամերիկյան կառավարության ներկայացուցիչներից ով պետք է առաջիկայում այցելի Ուկրաինա և այդպիսով ԱՄՆ աջակցությունը հայտնի այդ երկրին։

«Մենք հիմա դա որոշում ենք»,- ասել է Բայդենն ի պատասխան այն հարցին՝ արդյոք Սպիտակ տունը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել բարձրաստիճան պաշտոնյայի։

Դրանից հետո լրագրողները Բայդենին հարցրել են, թե ում նա կարող է ուղարկել Կիև։ «Իսկ դուք պատրա՞ստ եք մեկնել»,- հանկարծակի հարցրել է նախագահը։ «Իսկ դուք պատրա՞ստ եք»,- հակադարձել են լրագրողները։ «Այո»,- ասել է Բայդենը և հեռացել դեպի ինքնաթիռը։

Լրագրողների հետ երկխոսության սղագրությունը հայտնվել է նաև Սպիտակ տան կայքում։

Ավելի վաղ, Reuters գործակալության աղբյուրները հայտնել էին, որ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը դժվար թե մեկնեն Կիև, սակայն այդպիսի այցելություն կարող են անել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի ներկրման արգելքը

Պատժամիջոցների նոր փաթեթի մեջ, որը պատրաստում է ԵՄ-ն, կարող է մտնել ռուսական նավթի ներկրման արգելքը։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ Եվրամիության անդամ երկրներն ավելի մոտ են նրան, որ իրենց մեջ պայմանավորվեն սահմանափակիչ միջոցի ներդրման շուրջ։ Սակայն, ինչպես պնդում է NYT-ն, վերջնական որոշումը կընդունվի միայն Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա ապրիլի 24-ին։ 

Խերսոնի մարզում տեղի է ունեցել գերիների փոխանակում

Ապրիլի 15-ի գիշերը Խերսոնի մարզում տեղի է ունեցել գերիների փոխանակում, հայտնում է «Громадське»-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության հայտարարությանը։

«Լարված բանակցություններից հետո հաջողվել է պայմանավորվածության հասնել Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի շրջանում գերիների փոխանակման շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանցի չորս զինվորականները փոխանակվել են հինգ ուկրաինացի զինվորականների հետ։ Այլ մանրամասներ չեն նշվում։ 

Կիևը գիշերը հրթիռակոծվել է

Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները և Reuters գործակալությունը։ Ուկրաինայի մայրաքաղաքում և Կիևի մարզում մասնակի խախտվել է էլեկտրամատակարարումը։ 

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տարածել է առավոտյան տեղեկագիրը

  • Հակառակորդը շարունակում է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերի ենթակառուցվածքներին։
  • Վոլինսկի և Պոլեսկոյեի առանձին ուղղություններով Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները Բերստի և Գոմելի մարզերի սահմաններին իրականացնում են ուկրաինա-բելառուսական սահմանի քողարկան խնդիրներ։
  • Յուժնոբուգսկի ուղղությամբ հակառակորդը փորձում է ամրացնել դիրքերն, համալրում սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինամթերքի և վառելիքաքսուքային նյութերի պաշարները։ Հետախուզություն է իրականացնում անօդաչու թռչող սարքավորումների օգնությամբ։
  • Դոնեցկի և Տավրիչեսկի ուղղություններում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացնում է Պոպասնայա և Ռուբեժնոյե բնակավայրերի գրավման փորձերի ուղղությամբ։

Ուկրաինայի գլխավոր դատախազություն. պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 198 երեխա

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 198 երեխա, ավելի քան 355-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Գերատեսչությունը զգուշացնում է, որ զոհերի և տուժածների ճշգրիտ թվերը դեռևս ճշտում են։ Դատախազներն ամբողջական տվյալներ չունեն մարտական գործողությունների վայրերից, բռնազավթված և ազատագրված տարածքներից։

Ամենաշատ թվով երեխաները տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։

Էմանուել Մակրոն. Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում հանցագործությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Զելենսկու հետ, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինային։

Մակրոնն ընդգծել է, որ պատերազմի 50 օրվա ընթացքում Ֆրանսիան ուկրաինական բանակին տրամադրել է ավելի քան 100 միլիոն եվրոյի ռազմական տեխնիկա և էլի կտրամադրի։

Բացի այդ, Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի հրշեջ 24 և շտապ օգնության 50 մեքենա։

«Ուկրաինայում հրեշավոր հանցագործություններ են իրականացվել։ Մեր փորձագետները տեղում օգնում են ուկրաինական և միջազգային դատական մարմիններին՝ հավաքելու ապացույցներ և գտնելու մեղավորներին։ Ռուսական իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն։ Առանց արդարության խաղաղություն չկա»,- հավելել է Մակրոնը։

Լուսանկարը՝ AP Photo/Efrem Lukatsky

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter