
Հայկ Մամիջանյան. «Արցախն Ադրբեջանի կազմ տանելու մանդատ չունեք»
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հայտնել, թե միջազգային հանրություն ասելով՝ վերջինս ինչ նկատի ունի:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց պատգամավորը:
«Ուզում եմ անդրադառնալ Միլի Միջլիսի վերածված ՀՀ ԱԺ վերջին նիստերի ընթացքում հնչած մտքերին: Եթե Փաշինյանը փորձում է իր մեղքը բարդել ու գցել որևէ մեկի գրպանը, ապա թող հստակ ասի՝ միջազգային հանրություն ասելով՝ ում նկատի ունի: Ոնց է ստացվում, որ տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը հայկական դիվանագիտական կողմի հետ համակարծիք էր, իսկ Փաշինյան հիմնական բանակցողի պարագայում պահանջում են մեզնից իջեցնել մեր ակնկալիքները»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:
Նրա համոզմամբ` կամ Փաշինյանը բացահայտ կերպով ստում է ու փորձում իր մեղավորությունը գցել «միջազգային հանրություն անհասկանալի տերմինի գրպանը», կամ իր պատկերացրած միջազգային հանրությունը մի փոքր այլ է:
ՀՀԿ-ական պատգամավորը, հակադարձելով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե 1996 թվականից Շուշին բանակցությունների սեղանին է եղել, հայտարարեց, որ «տարածքային կորուստների հետ կապված նման խայտառակ վիճակ» երբևէ չի եղել:
«Շուշին, Հադրութը երբևէ չեն եղել բանակցային սեղանին, նման բան երբևէ չի եղել»,-ասաց նա:
Խոսելով իշխանության այն պնդման մասին, թե մանդատ են ստացել նաև բանակցելու և խաղաղության դարաշրջան բացելու համար, Հայկ Մամիջանյանը դա սուտ որակեց:
«Սուտ եք ասում, դուք Ադրբեջանի կազմ Արցախ տանելու մանդատ չունեք, որովհետև Վիգեն Խաչատրյանի երեկվա զեղումը` սխալ էր որոշումը, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հակասում է իրենց նախընտրական ծրագրին: Վիգեն Խաչատրյանը և ՔՊ-ի խունտան խաբել են մեր հասարակությանը և շարունակում են դա անել: Խաբեությամբ են մանդատ ստացել, ասել էին, որ բանակցելու են Մադրիդյան, Կազանյան սկզբունքների համաձայն, հիմա այլ բանակցային տրամաբանությունից են խոսում: Դուք էդ մանդատը չունեք»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ հանրության սպասելիքներին՝ ուղղված ընդդիմությանը, ասելով, որ չեն հապաղում, պարզապես «մեկ կրակոցի հնարավորություն ունեն»:
«Մենք հնարավորություն չունենք չպատրաստված, մանրամասն չպլանավորած գործողություններ անել և դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ` հստակ գործողություններ մշակելու և հանրությանը ներկայացնելու»,- ասաց նա:
Մեկնաբանել