
Կառավարությունը «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կավելացնի 3 մլրդ 320 մլն դրամով
Կառավարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 320 մլն դրամ կհատկացնի՝ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 15-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Կառավարության որոշման 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը հույժ գաղտնի են։ Ֆինանսների նախարարությունը նախագծի առնչությամբ հայտնել է, որ բացակայում են հատկացվող գումարը նախագծով 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսելու հիմնավորումները, որին ի պատասխան՝ ԲՏԱ նախարարությունից հայտնել են, որ հատկացվող գումարը 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսելու հիմնավորումն ավելացվել է հույժ գաղտնի մասում:
Ըստ որոշման հիմնավորման՝ նախագծով կապահովվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության սահմանված առաջնահերթությունների իրականացումը, ինչպես նաև բնականոն գործունեության ապահովումը:
Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնադրվել է Պաշտպանության նախարարության կողմից 2017 թ.-ի նոյեմբերին՝ Կառավարության որոշմամբ։ Նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ.-ի հոկտեմբերի 21-ին տիեզերական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա է տրամադրել ընկերությանը։
«Գեոկոսմոս» ընկերությանը ՊՆ-ից փոխանցվել էին 108 քմ արտադրատարածք, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան, համակարգիչներ, գրասենյակային կահույք, ինչպես նաև հատկացվել էր 300 մլն դրամ, որով ընկերությունը պետք է Հայաստանի և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմաններ ապահովեր։
Մեկնաբանել