HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լրագրողներին հավատարմագրումից զրկելու մասին նախագիծը ԶԼՄ ներկայացուցիչները հերթական մահակ են որակում

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԶԼՄ ներկայացուցիչների ներգրավմամբ քննարկում էր հրավիրվել ԶԼՄ օրենքում առաջարկվող նախագծի առնչությամբ: ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանն առաջարկում են պետական գերատեսչությանը հնարավորություն ընձեռել հարկ եղած դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ լրագրողները պոստֆակտում են իմացել նախաձեռնության մասին, ապա հիշեցրեց, որ այս իշխանությունները պարբերաբար ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող օրենքներ են ընդունում, որոնք անընդհատ լրագրողների գործունեության շրջանակը նեղացնում են: Թովմասյանի խոսքով` չնայած նախագծի հեղինակները նույնպես հրավիրվել էին քննարկման, սակայն վերջիններս չեն եկել:

Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի խոսքով` առաջին անգամը չէ, որ իշխող ուժի ներկայացուցիչները նախագիծ են ներկայացնում առանց մանագիտական համայնքի հետ քննարկելու:

«Հիմնականում լրագրողական հանրույթը տեղյակ չի լինում, թե ինչ նախագիծ է դրվում շրջանառության, արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ սահմանափակվել են լրագրողների իրավունքները»,- ասաց Սեյրանյանը` հիշեցնելով Yerevan.today լրագրողի հավատարմագրումից զրկման դեպքը, երբ վերջինս իր հավատարմագրումը վերականգնել էր դատական կարգով:

Ըստ բանախոսի` սա հերթական մահակն է իշխանությունների կողմից ուղղված ԶԼՄ-ներին, և ակնհայտ է, որ կամայական որոշումներ են կայացվելու:

«Որևէ գերատեսչություն որոշելու է, թե որ ԶԼՄ-ն կարող է լուսաբանել իր գործունեությունը, հարցեր հղել, ուստի լինելու է ամենաթողություն: Բոլոր գերատեսչությունները սկսելու են սահմանափակել լրագրողների գործունեությունը»,- ասաց նա:

Սեյրանյանի խոսքով` նախագծի հեղինակները պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի և իմանա՝ որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից:

«Հակառակ դեպքում ցանկացած գերատեսչություն կարող է կամայական որոշումներ կայացնել: Խոսքն օրենքի որոշակիության պահանջի մասին է, հավատարմագրման հիմքերը հստակ սահմանված չեն: Հետևաբար եթե հիմքերը չկան, ինչով են առաջնորդվելու, որ զրկեն հավատարմագրումից: Սա քաղաքական պատվեր է, մահակ, որին պետք է կարողանանք ոչ միայն գնահատական տալ, այլև դիմադրենք»,- ասաց Սեյրանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սևակ Վարդումյանը, որը լուսաբանում է խորհրդարանի աշխատանքները, չի հերքում, որ երբեմն որոշ գործընկերների դրսևորած վարքագիծն իր համար ընդունելի չէ, բայց նրա խոսքով հարցն այն է, որ հստակ սահմանած կանոններ չկան, թե ինչի հիման վրա կարող է լրագրողի հավատարմագրումը դադարեցվել:
«Օրինակ որ դեպքերում է ԱԺ ղեկավարությունը պատրաստվում ինձ զրկել հավատարմագրումից, ենթադրենք ես մի քիչ բարձր եմ ծիծաղում միջանցքում էդ ժամանակ, թե ինչ-որ մեկին հարվածում եմ էդ ժամանակ, միկրոֆոնը շատ եմ մոտեցնում բանախոսին, կամ իմ հագած հագուստը նրանց դուր չի գալիս… Էս հարցերի պատասխանները չկան»,- ասաց Վարդումյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` այս նախագիծն այն շղթայի մի մասն է, որը սկսվել է մեկուկես տարի առաջ:

«Բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կատարվել են էս ընթացքում (նկատի ունի ԶԼՄ ոլորտին վերաբերող հեղ.), դրանք ռեպրեսիվ բնույթ ունեն: Վիրավորանքի ու զրպարտության  փոխհատուցման վերին շեմի եռապատկում, վիրավորանքի մի մասի քրեականացում, ինֆորմացիայի` տարբեր օրենքներով մատչելիության բարդացում: Պետությունը պետք է չորոշի՝ այս լրագրողը պետք է հավատարմագրվի, թե ոչ:  ԶԼՄ-ն ինքը պետք է որոշի` իրեն այդ գերատեսչությունը հետաքրքիր է, թե ոչ»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով` այս նախագիծը որևէ աղերս չունի միջազգային մոտեցումների հետ. լրագրողի հավատարմագրման դադարեցում կամ զրկում չպետք է լինի մեր օրենսդրության մեջ:

Փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը քննարկմանը հիշեցրեց, որ 2018 թվականից սկսած Երևանի քաղաքապետարանում դադարեցվել է հավատարմագրման պահանջը, և լրագրողները մուտք են գործում անձը հաստատող փաստաթղթի կամ լրագրողական բեյջի առկայության դեպքում: Նրա խոսքով` եթե հավատարմագրման հիմնական իմաստը ֆիզիկական անվտանգությունն ապահովելն է, ապա այն շատ հնարավոր է իրականացնել համապատասխան սարքերի միջոցով` առանց հավատարմագրման պահանջի:

«Նախագիծն էս տեսքով, որ դրված է, որևէ հիմնավորում չունի, սահմանափակումները որևէ կերպ փաստարկված չեն: Եթե նախագծի հեղինակները ուզում են ավելի բարվոք պայմաններ ստեղծել, ապա, կարծում եմ, այդ հիմնավորումները պետք է ներկայացվեն»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter