HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառչեւան ու Էռնեկյանը 4 գյուղերին աջակցելու համաձայնագիր են ստորագրել

Մարդկային զրկվածության մակարդակը Հայաստանի գյուղական համայնքներում ավելի բարձր է, քան քաղաքային համայնքներում՝  պայմանավորված տնտեսական հնարավորությունների անմատչելիությամբ և  ոչ որակյալ հանրային ծառայություններով, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և սոցիալական ապահովության ոլորտները:

Անցած 20 տարիների ընթացքում, ՄԱԶԾ-ի փորձը Հայաստանում և այլ երկրներում ցույց է տալիս, որ աղքատությունը բարդ և բազմակողմանի երեւույթ է, որն առանձնահատուկ դրսևորումներ է ունենում տարբեր իրավիճակներում, իսկ լուծումների համար պահանջվում է համակարգված եւ համապարփակ ջանքեր՝ պետական կառավարման բոլոր մակարդակներում և տնտեսության բոլոր ոլորտներում: Համայնքային ինտեգրացված զարգացումը, որպես ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ ձևավորված տեղական  և  արդյունավետ  մոտեցում, հնարավորություն է ստեղծում բարձրացնելու մարդկանց բարեկեցության մակարդակը և հաղթահարելու աղքատությունը: Համայնքների կարիքները, մարտահրավերները և զարգացման հնարավորությունները հասցեագրելու լավագույն միջոցը կայուն զարգացման երեք հիմնասյուների (սոցիալական, տնտեսական և բնապահպանական) վրա խարսխված ամբողջական գործողություններն են, որոնք խթանում են ապակենտրոնացումը, տեղական արդյունավետ կառավարումը և ժողովրդավարության ամրապնդումը: 

Արմավիրի  մարզի Բաղրամյանի տարածաշրջանի (այսուհետև՝ միկրոշրջան) Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքների բնակիչների համար գյուղատնտեսական գործունեությունը զբաղվածության ու եկամուտների ապահովման գլխավոր աղբյուրն է: Միկրոշրջանում  գյուղատնտեսական արտադրողականության ցածր և աղքատության բարձր մակարդակների պատճառներն են՝ ոռոգման և ջրամատակարարման ցանցերի վատ վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունն ու ոչ պիտանելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների բացակայությունը:

Վերջին տարիներին «Ֆրութֆուլ Արմենիա»-ն մեծածավալ ներդրումներ է իրականացրել այս տարածաշրջանում խաղողագործության, պտուղ-բանջարեղենի արտադրության, ջրամբարների, կաթիլային ոռոգման և հողագործության ժամանակակից մեթոդների կիրառման առումով, որոնք, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն են ունեցել միկրոշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Հիմնվելով տեղական զարգացման ոլորտում  ՄԱԶԾ-ի  և «Ֆրութֆուլ Արմենիա»-ի հաջողված փորձի վրա, ինչպես նաև հաշվի առնելով շոշափելի արդյունքները և ընդգծելով կայուն զարգացման ապահովման համար գործընկերության կարևորությունը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գեռչևան և արգենտինահայ ճանաչված գործարար պրն. Էդուարդո Էրնեկյանն այսօր համաձայնագիր են ստորագրել Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան համայնքներում գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեությանն  աջակցելու վերաբերյալ: Գործընկերության նպատակն է նպաստել միկրոշրջանի տնտեսական վերածննդին և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Երկու կողմերի խորին համոզմամբ, ընդհանուր արժեքներն իրական գործընկերության լավագույն հիմքն են հանդիսանում:

«ՄԱԶԾ-ի  հաջողված աշխատանքներն ու փորձն ամբողջ աշխարհում վկայում են, որ կայուն զարգացում հնարավոր է ապահովել ինտեգրացված մոտեցմամբ, որի թիրախն են զարգացման սոցիալական, տնտեսական և բնապահպանական հիմնասյունները: Մենք բավականին լավ դիրքերում ենք այդ համայնքներում արագորեն ինտեգրացված զարգացում իրականացնելու համար, քանի որ այդ մոտեցումն արդեն իսկ հանրապետության ավելի քան 150 գյուղական ու քաղաքային համայնքներում նպաստել է սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանն ու կայուն եկամուտների ապահովմանը: Այս մոտեցումը ներառում է մի քանի համայնքների համատեղ աշխատանք՝ կենտրոնանալով զարգացման ամբողջական մոտեցման վրա, օրինակ՝ ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտների ստեղծում, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, արդյունավետ կառավարում և շրջակա միջավայրի պահպանություն»,- ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան:

«Հայաստանի գյուղերի վերածնունդ. զարկ զբաղվածությանը  և եկամուտների ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը նպատակ ունի ստեղծել  ֆերմերների ասոցիացիաներ, բարելավել գյուղական տնտեսական ենթակառուցվածքները, որպես գյուղական աղքատության վերացման կարևոր տարր, ստեղծել սննդի վերամշակման միկրոձեռնարկություններ և նպաստել չմշակվող վարելահողերի ցանքաշրջանառությանը՝ որակյալ սերմերի եւ տնկիների տրամադրման և մշակման միջոցով:

Պլանավորման մասնակցային մոտեցման հիման վրա, ՄԱԶԾ  հայաստանյան գրասենյակն աջակցելու է չորս համայնքների համայնքային զարգացման ռազմավարական ծրագրերի մշակմանը, որոնք ըստ առաջնահերթությունների դասակարգում են համայնքի կարիքները: Բացի դրանից, տարածաշրջանում իրականացվելու է շրջակա միջավայրի ազդեցության գնահատում՝ իրավիճակը ճշտելու և շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսական ու ագրովերամշակման գործունեության վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով:

Ծրագրի ընդհանուր արժեքն  է  230.000 ԱՄՆ դոլար, որից  204.000 ԱՄՆ դոլարը հատկացնելու է «Ֆրութֆուլ Արմենիա»-ն:

Հովհաննես Սառաջյան

ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter