HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգված է Արմավիրի կենտրոնի միակ կանաչապատ տարածքը

Արմավիրում վաղուց լուրեր էին պտտվում, թե քաղաքի այգու տարածքից մի հատված վաճառվել է, ու տեղում էլ շինություն են կառուցելու: Տարվա այս եղանակին այգին առանձնահատուկ հաճելի վայր է. ծաղկում են գրեթե անմշակ ու անձրևից անձրև ջուր խմող ակացիանները, շուրջը հաճելի կանաչ է, օդն էլ թարմ է: Այգին միակ կանաչապատ տարածքն է Արմավիրի կենտրոնում:

Բոլորովին վերջերս' քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, գործող քաղաքապետը հայտնեց, թե քաղաքային այգին կենտրոնից պետք է տեղափոխվի ծայրամաս, որտեղ օձն իր պորտով, ղուշն իր թևով էլ չի հասնի:

Մայիսի 20-ին այգու մի հատվածում սկսվեցին շինարարական աշխատանքներ: Դրա հետևանքով կտրեցին ծաղկած ծառերը, որոշ ծառեր էլ արմատախիլ են արվել: Մեր այցելության ժամանակ նոր էին սկսել էքսկավատորով փորել այգու հողը:

Մոտեցա կանաչապատման աշխատակիցներից մեկին' մոտ 60 տարեկան մի կնոջ, հարցրի' ինչ է կատարվում: Պատասխանեց. «Ուզում էն սիրուն շենք սարքեն, ինչիդ ա պետք էս կիսաչորացած ծառ ու թուփը: Որ նստենք խոտերին, կհիվանդանանք. երիկամների համար վատ ա»:

Հարցնում եմ, թե ով է սարքողը, ասում է' քաղաքպետարանում գիտեն, «պատահական մարդ չէր գա ստեղ հող առներ, բան սարքեր, հետո էլ բա վա՞տ ա, որ գնում ես Էրևան ընդեղ սիրուն շենքեր են, թող ստեղ էլ տենց լինի»:

Հարցում եմ, թե ինչ են սարքելու, պատասխանում է, թե «եսիմ, բանկ թե սուպերմարկետ, կողքին էլ կանաչ կլինի, ոնց որ մյուս բանեկերի շուրջը»: Մի քանի օրինակ բերեցի, թե այս կամ այն բանկի մոտ այդպիսի բաներ չկան: Ասում է. «դե, մի բան կլինի, էլի, բայց դու մի խառնվի, վատություն մի արա»:

Բնակիչների ասելով' տեղում իրոք բանկ պիտի լինի. տարածքը գնել է ԱԺ պատգամավոր: Այգու հենց մեջտեղում ՀՀԿ-ն խաղահրապարակ է կառուցել, ցանկապատված է, ու երեխաները խոտի վրա խաղալու հնարավորություն այլևս չունեն:

Երեկվա հորդառատ անձրևն էլ չի խանգարել, որ շարունակեն իրենց սկսածը: Մոտ 3 մետր հիմք են փորել արդեն, շինարարության մասին ոչ մի պաստառ փակցված չէ, որ երևա, թե ինչ են կառուցում, կամ ով է կառուցապատողը: Աշխատողները միայն ասացին, թե «պատահական մարդ ստեղ տենց գործ չի անի: Վերևներում տեղյակ են, դու լավ կանես հեռու մնաս»:

Քաղաքի կենտրոնում միակ կանաչապատ տարածքն է, այն էլ բարձիթողի վիճակում. այգու մի մասն են միայն ջրում, խնամում քիչ թե շատ: Մյուս կանաչ տարածքն էլ ծայրամասում գտնվող կենդանաբանական այգին, որտեղ կենդանիները սովամահության եզրին են:

Հասմիկ Մարտիրոսյան

Լուսանկարը` ecolur.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter