HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի ժառանգությանը

Ապրիլի 15, 2022 թ. Երեւան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միացել է 2022 թ. ապրիլի 13-ին Նյու Յորք քաղաքի «Կարնեգի հոլում» տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը: Այն նվիրված էր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, դոկտոր Գրեգորյանի հիշատակին, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին: Միջոցառումը կազմակերպել էր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան:

Միջոցառման ընթացքում Գրեգորյան ընտանիքի անդամները, Վարդան Գրեգորյանի ընկերներն ու ականավոր գործընկերները ներկայացրին նրա մասին իրենց հիշողություններն ու նրանից սովորածը: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին դոկտոր Գրեգորյանին՝ բարեգործության, գրադարանային գործում, կրթական հաստատություններում, արվեստի եւ մշակութային կազմակերպություններում ունեցած բացառիկ ձեռքբերումների համար: Ներկայացվեցին Վարդան Գրեգորյանի կյանքի յուրաքանչյուր փուլին վերաբերող լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ընդմիջվում էին նրա մասին անձնական հիշողություններով լի հուզիչ տեսաուղերձներով:

«Երկար տարիներ, որ ճանաչել եմ Վարդանին, միշտ զգացել եմ նրա հայացքն իմ թիկունքում, որ անհանգստանում էր ինձ համար, մարտահրավեր նետում եւ առաջնորդում: Եվ ես զգում եմ, որ նա այսօր եւս ներկա է այստեղ եւ հետեւում է մեզ բոլորիս: Վարդանն ուղեվար լույս էր, որ փայլում էր նրանց համար, ովքեր գիտեին նրան, եւ նրանց համար, ովքեր չգիտեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդեռնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը:

Ծնվելով Իրանի Թավրիզ քաղաքում՝ արդեն երիտասարդ տարիքում Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ հաղթահարեց Միացյալ Նահանգներում՝ իբրեւ ներգաղթյալ: Բայց նա շարունակեց նշանակալի կարիերա կառուցել, որը տեւեց մի քանի տասնամյակ՝ հատելով իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական եւ մշակութային սահմանները: Նա կարեւոր ներդրում է ունեցել անթիվ ծրագրերում եւ հիմնադրամներում: Նա եղել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկը. նախաձեռնություն, որը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին:

«Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունն ամբողջ աշխարհում: Վարդան Գրեգորյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախաձեռնության համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter