HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի բժշկական կենտրոնի ֆլյուրոգրաֆիայի միակ բժշկուհին 81 տարեկան է

Մի քիչ կռացած, զգույշ քայլերով՝ Արմավիրի բժշկական կենտրոնի ֆլյուրոգրաֆիայի սենյակին է մոտենում խնամված, տարիքով մի կին: Սենյակի դիմաց, իրենց հերթին սպասող մարդկանց բազմության մեջ կինն անհետացավ: Ներս մտնելուց նրան արդեն տեսանք բժշկական սպիտակ խալաթով: 81-ամյա Դիանա Մխիթարյանը բժշկական կենտրոնի ֆլյուրոգրաֆիայի միակ բժիշկն է:

Դիանա Մխիթարյանն Արմավիրի մարզի տարիքով ամենամեծ բուժաշխատողն է: Մեզ տեսնելուն պես ուղղեց վարսերը, բժշկական դիմակն ավելի սեղմեց դեմքին: Բժշկուհին վախենում էր Covid-19-ով վարակվելուց: Համաձայնեց դիմակը հանել միայն լուսանկարելու համար:

Տիկին Դիանան բավականին հուզված էր, անընդհատ տրորում էր մատները: Պատմեց, որ բժշկական համալսարանն ավարտելուց հետո, սկզբում՝ 10 տարի, աշխատել է մարզի նախկին Հոկտեմբեր (այժմ՝ Սարդարապատ) գյուղում, որպես բժիշկ-թերապևտ, որից հետո տեղափոխվել և մինչ օրս աշխատում է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում:

Հարցին, թե ինչպես է որոշել դառնալ բժիշկ-ռենտգենոլոգ, Դիանա Մխիթարյանը պատասխանեց, թե պատճառն իր մանկահասակ երեխաներն են եղել, որ նրանց ավելի շատ ժամանակ հատկացնի: Բժիշկ եղբոր խորհրդով վերապատրաստվել և դարձել է ռենտգենոլոգ ու չի փոշմանել: Եղբայրը նույնպես այդ մասնագիտությունն է ունեցել և աշխատել է Թալինում:

«Դժվարություն չեմ զգում, նույն եռանդով աշխատում եմ: Իմ վրա տարիքն ազդեցություն չի ունեցել: Մինչ օրս նորությունները կարդում եմ ու առանց ակնոցների: Կարող է մարդը տարիքով մեծ չլինի, բայց դժվարությամբ աշխատի, ես բարդ հիվանդություններ չունեմ, որ չկարողանամ աշխատել»,- ժպտալով ասում է 81-ամյա բժշկուհին:

Տիկին Դիանան նշում է, որ մինչև այժմ տան գործերն էլ է անում: Բժշկական կենտրոնում ավելի շատ հանգստանում է, քան՝ հոգնում: Սակայն չի թաքցնում, որ երկար տարիների աշխատանքի պատճառը սոցիալական կարիքները բավարարելն է:

«Չեմ կարող կեղծել, ես աստվածավախ եմ, առաջին պլանում սոցիալական խնդիրներն են, մանավանդ վերջին տարիներին: Տան միակ աշխատողը ես եմ, տղաս չի աշխատում: Մեկ տարի կես դրույքով եմ այստեղ աշխատել, մի քիչ նեղվեցի, որովհետև ծանրաբեռնվածությունը շատ է, սպասարկում ենք ոչ միայն քաղաքի, գյուղերի բնակիչներին, այլև զինակոչիկներին: Օրը մինչև 110 մարդու ենք սպասարկել, դրույքս դարձրին 0,75: Այժմ 150 000 դրամ աշխատավարձ եմ ստանում: Բայց այնպես է, որ հիվանդի սպասարկումը կիսատ չեմ թողնում, իմ ժամից ավել եմ մնում»,- ասում է նա:

81-ամյա բժշկուհու աշխատասենյակը բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի երկրորդ հարկում է: Ամեն օր բազրիքները բռնած հանգիստ բարձրանում և իջնում է այդ աստիճաններով: 

Տարիներ շարունակ բժշկուհի Դիանան պոլիկլինիկայում միանգամից երկու բժշկական սենյակ է սպասարկել՝ ռենտգենի և ֆլյուրոգրաֆիայի: Երկու տարի առաջ թոքաբորբով հիավանդացել է, որից հետո ազատել են ռենտգենի բժշկի պարտականություններից:

«Գլխավոր բժիշկը երևի մտածել է, որ ծանրաբեռնված չաշխատեմ»,- ասում է Դ. Մխիթարյանն՝ այդպես էլ չհաշտվելով այն մտքի հետ, որ այլևս ռենտգենի ապարատի հետ չի աշխատելու: Նշում է, թե դիագնոստիկան երբեք իր համար դժվարություն չի եղել, մինչ օրս սխալ ախտորոշում չի արել:

«Սուտ կլինի, որ ասեմ իմ վրա չի ազդել ռենտգենից այստեղ բերելը: Այն ժամանակ էլ ֆլյուրոգրաֆիայի բժիշկ չկար, ես էի աշխատացնում նույնիսկ գումար չեմ ստացել: Իմ համար հասցնելը դժվարություն չէր: Հիմա էլ պատրաստ եմ, բայց արդեն չեմ ուզում, ինչ գործ ունեմ»,- ասում է Դիանա Մխիթարյանը:

Բժշկուհու հետ աշխատում են նաև 4 բուժքույր-տեխնիկներ: Վերջիններս ասացին, տիկին Դիանան խիստ չէ, բայց պահանջկոտ է ու սխալ անելիս քչերն են ներվում:

Մի քանի րոպե էր, ինչ զրուցում էինք բժշկուհու հետ, երբ դրսում հավաքված մարդիկ սկսեցին աղմկել, որ բժշկուհին իրենց ընդունի:

«Տեսեք, թե ինչ են անում: Միակ բանը, որից դժգոհում եմ հիվանդների ահավոր անշնորհակալ լինելն է: Մեր ժողովուրդը փոխվել է, նախկինում այսպիսին չէին: Ես ընդմիջում չեմ անում, իսկ քույրերին թողնում եմ ընդմիջում անեն 15 րոպեից ոչ ավել, բայց էլի դժգոհում են»,- ասում է Դ. Մխիթարյանը:

Ֆլյուրոգրաֆիայի ապարատը միացրած է համակարգչին և այդ ծրագրով են հիվանդներին ախտորոշում: Բժշկուհի Դիանան պատմեց, որ մինչ օրս կարդում է բժշկական նորությունները, ծանոթ է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կանոններին, սակայն համակարգչով աշխատելուն սկզբում պատրաստ չի եղել:

«Ամուսինս 1980-ականների վերջերից համակարգիչ էր բերել, ընկերներն էին արտասահմանից ուղարկել: Տանել չէի կարողանում համակարգիչը, չգիտեի, որ հետո հենց համակարգչով եմ աշխատելու: Հետո, որ այստեղ պիտի համակարգչով աշխատեինք, բոլորով շատ նեղվեցինք, վախեցանք, ընթացքում սովորեցինք: Աղջիկներ, շուտ եմ սովորում չէ՞»,- դիմելով իր բուժքույրերին՝ ասում է բժշկուհին:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այս տարվա մարտի 22-ի մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, թե մարզի առողջապահական համակարգի մասով լուրջ խնդիրներ ունեն: Մարզպետարանի ենթակայության տակ գործող բժշկական հաստատություններում և համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներում կան մասնագիտական պատրաստվածության, կադրային և աշխատանքի նկատմամբ բարեխղճության, կազմակերպվածության դժվարություններ:

Մարզպետի խոսքերով՝ շատ ամբուլատորիաներում ինչ-որ ժամից հետո մարդ չկա, բայց աշխատանքային օրը դեռ ավարտված չէ: Որոշ տեղերում ընտանեկան բժիշկներն ուղղակի ընդունված և ընկալված չեն բնակչության կողմից, ինչը, ըստ մարզպետի, գալիս է աշխատանքում հոգատարության պակասից: 

«Որոշ տեղերում բժիշկների տարիքներն արդեն մոտենում են 80-ի, հազիվհազ շարժվում են, բայց չեն ուզում թողնեն, գնան տուն: Համայնքի ղեկավարների ուշադրությունն եմ հրավիրում, որ ուշադրության կենտրոնում պահենք այս խնդիրը և լուծենք, նոր կադրերով համալրենք: Ընտանեկան բժիշկը պետք է լինի ընդունված և հարգված մարդ: Համայնքներ կան, որ չեն ուզում տեսնեն ընտանեկան բժշկին, կներեք, նրանից զզվում են»,- հայտարարեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Դիանա Մխիթարյանն ասաց, որ թեև իր տարիքը 80-ն անց է, սակայն դժգոհություն չի լսել ոչ հիվանդներից, ոչ էլ բժշկական կենտրոնի ղեկավարությունից: Բժշկուհին չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, բայց եթե աշխատանքից ազատեն, չի պնդի հակառակը: Ասում է, որ տեղյակ չէ՝ ֆլյուրոգրաֆիայի այլ մասնագետ կա, ով կփոխարինի իրեն, թե ոչ, նման հարցերով չի էլ ծանրաբեռնում իրեն:

«Եթե ազատեն, չեմ աշխատի, կգնամ տուն»,- մի քիչ նեղացած տոնով հայտարարեց Դ. Մխիթարյանը:

Նշենք, որ Արմավիրի մարզում 54 բուժաշխատող 70-81 տարեկան է: Հիմնականում գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողներն են:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ անձնակազմի կառավարման համակարգի գործառույթների հիմնական մասը վերաբերում է մասնագետների հավաքագրմանը: Այդ համատեքստում երիտասարդներին համակարգ բերելու և պահելու համար համայնքային առողջապահական հատվածը պետք է գրավիչ լինի:

Մարզպետի խոսքերով՝ քանի որ բժշկական ամբուլատորիաներն Արմավիրի մարզում համայնքային ենթակայության են, ուստի առաջարկվել է խոշորացված համայնքների ղեկավարներին ստեղծել համապատասխան պայմաններ, որոնք ավելի կմոտիվացնեն երիտասարդ կադրերին: Էդ. Հովհաննիսյանի խոսքերով՝ հանդիպումներ են եղել հավաստագրված բժշկական համալսարանների մարզի ավարտական կուրսի ուսանողների հետ, նախատեսվել է անցկացնել գործնական հանդիպումներ՝ նրանց որպես փորձնակ, ծանոթացնելու հաստատության գործառույթների իրականացմանը: Ջանքեր են գործադրվում նրանց գործնական կարողությունների ձեռքբերման ուղղությամբ՝ հետագայում նրանց աշխատանքի ընդունելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter