HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Ապրիլի 16-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագիչն է եղել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ մինչ Սուրբ Պատարագը, կատարվել է Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվել են սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ կարդացել են Դանիել մարգարեի թուղթը:

Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանն անդրադարձ է կատարել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ընդգծելով, որ այսօր մարդկության ամենասպասված ավետիսն է տրվում մեզ՝ ամենքիս հաստատելով մեր հավատքի մեջ:

«Հիսուս մեռելներից հարություն առավ և համայն աշխարհին հայտնեց՝ Ես եմ կյանքը, Ես եմ ճանապարհը հավիտենության։ Դժոխք իջնելով՝ քանդեց այն և երկինք բարձրացավ, որպեսզի բոլոր փրկվողներին իր օրհնության ներքո պահի»,- ասել է Նաթան Սրբազանը:

Ապա դիմելով ներկա հավատավոր ժողովրդին՝ հորդորել է լցվել հարության լույսով և հավատքով, հեռու վանել իրենցից մեղքերը, ապրել մեր Տիրոջ նմանությամբ, ինչպես ինքը ապրել է երկրային իր կյանքի ընթացքում։ Սրբազան Հայրը նաև նկատել է. «Երբեմն մենք ուրիշի հերոսական արարքներով հպարտանում ենք, բայց ինքներս նույն կերպ չենք վարվում։ Բարկանում ենք դիմացինի չարագործությունների վրա, սակայն ինքներս նույնն ենք կատարում։ Միայն հիշեք, թե ինչպիսի չարիք գործեցին մի քանի օրվա ընթացքում մեր Փրկչի նկատմամբ՝ սկսյալ դատապարտելուց, դավաճանելուց, լքելուց և ուրանալուց։ Ահավասիկ այս բոլոր չարիքները մարդիկ այսօր էլ գործում են՝ լինելով քրիստոնյա: Սիրելիներ, մի՛ մոռացեք, որ Տերը գալու է նույն մարմնով և Հոր Փառքով դատելու իր արարածներին։ Ուստի, պատրաստվենք բարի գործերով, որպեսզի արժանանանք հարությանը և հավիտենական կյանքին»։

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառել Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվել է հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter