HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 53-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Արդեն 53-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։

Ռուսական զորքերը շարունակում են ռմբակոծել Լուգանսկի մարզը

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ ապրիլի 17-ի գիշերը արկերն ընկել են Սևերոդոնեցկի բնակելի շենքերի վրա։ Չորս բազմահարկ շենք այրվել է։ Ապրիլի 16-ի երեկոյան ռուսական զորքերը ավերել էին Նովոդրուժեսկում գտնվող բնակելի տունը։ Տան սեփականատերերին հաջողվել էր տարհանել։ Այսօր առավոտյան էլ ռմբակոծվել է Կրեմեննայա քաղաքը։ Նշվում է առնվազն մեկ վիրավորի մասին։

Հրթիռակոծությունները շարունակվել են նաև մյուս քաղաքներում

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևի մարզի Բրովարի քաղաքը։ Այդ մասին հայտարարել է Իգոր Սապոժկոն։ Նրա խոսքով՝ հրթիռի ընկնելու հետևանքով վնասվել են քաղաքի ենթակառուցվածքային օբյեկտները, իսկ փլուզումների և տուժածների վերաբերյալ դեռևս տվյալներ չկան։ Հնարավոր են էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ։

Կիևի քաղաքապետի առաջին տեղակալն էլ հայտնել է, որ այսօր առավոտյան ՀՕՊ միջոցների աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել քաղաքի վրա հրթիռի ընկնելուց։ Պայթյունները, որոնք կարող էին լսել կիևցիները, լսվում էին Բրովարիի կողմից։  

Ուկրաինայում զոհվել է առնվազն 202 երեխա

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 202 երեխա։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի գլխավոր դատախազությունը։ Առնվազն 361 երեխա էլ վիրավորվել է։ Ուրբաթ օրը Խերսոնի մարզի Գավրիլովկա գյուղի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 15-ամյա մի դեռահաս։

Ամենամեծ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (117), Կիևի (106) և Խարկովի (89) մարզերում:

Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլում առկա իրավիճակի մասին

Պատերազմի 52-րդ օրվա հետևանքների վերաբերյալ իր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, ասել է.

«Կամ գործընկերները Ուկրաինային կտան անհրաժեշտ ծանր զենքն ու ինքնաթիռները, ընդ որում՝ առանց հապաղման, որպեսզի մենք կարողանանք նվազեցնել Մարիուպոլի վրա բռնազավթիչների ճնշումը և ապաշրջափակենք այն։ Կամ բանակցային ճանապարհ, որտեղ գործընկերների դերը պետք է հստակ լինի»։

Այսօր Ուկրաինայում չեն գործի մարդասիրական միջանցքները

Ինչպես հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը, ուկրաինական կողմին չի հաջողվել հրադադարի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսաստանցի զինվորականների հետ։

Վերեշուկը նաև Ռուսաստանից պահանջել է բացել մարդասիրական միջանցքները Մարիուպոլից վիրավոր զինծառայողների տարհանման համար, ինչպես նաև քաղաքացիականների, հատկապես կանանց ու երեխաների։

Զատկի ծիսակատարության պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Ուկրաինայում պատերազմի մասին։ 

Նա ուկրաիներեն ասել է նաև «Քրիստոս հարյավ»։ «Մենք բոլորս Ձեզ համար աղոթում ենք և Ձեզ հետ ենք։ Մենք աղոթում ենք, որովհետև շատ տառապանքներ են եղել։ Մենք կարող ենք Ձեզ միայն առաջարկել մեր հանրությունը, մեր աղոթքներն ու Ձեզ ասել. «Ամրապնդվեք, մենք ձեզ հետ ենք»»,- ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Vatican News պարբերականի տվյալներով՝ պատարագին ներկա է եղել նաև Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը, որն ավելի վաղ ազատ էր արձակվել ռուսական գերությունից։

Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթն ուղղված կլինի բանկային հատվածի դեմ, հատկապես Сбербанк-ի

Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ գերմանական Bild am Sonntag տված հարցազրույցում։ 

Նոր փաթեթը նաև սահմանափակումներ կդնի ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն մշակում է «խելացի մեխանիզմներ», որոնք ապագայում հնարավորություն կտան անդրադառնալ նաև ռուսական նավթին։ 

Ռուսական խոշորագույն բանկը դեռևս չի հայտնվել պատժամիջոցների տակ, քանի որ այն, Газпромбанк-ի հետ միասին, հանդիսանում է ռուսական նավթի և գազի վճարման հիմնական ալիքներից մեկը։ 

Եվրամիությունն այս պահի դրությամբ պատժամիջոցների հինգ փաթեթ է կիրառել Ռուսաստանի դեմ։ Դրանց տակ են հայտնվել ВТБ-ն, «Открытие»-ն, Новикомбанк-ը և Совкомбанк-ը։ Այդ բանկերն անջատվել են SWIFT համակարգից։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Ռուսական բանակը շարունակում է Բելառուսից մարտական տեխնիկա և աջակցող սարքավորումներ տեղափոխել Ուկրաինայի արևելք, մասնավորապես, Խարկովի և Սևերոդոնեցկի ուղղությամբ։
  • Ռուսական հրետանին շարունակում է երկրի արևելքում հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին, որտեղ Ռուսաստանը նախատեսում է վերսկսել հարձակումը։
  • Չնայած Ռուսաստանի մարտավարական ուշադրությունը տեղափոխվել է Ուկրաինայի արևելք, պատերազմի վերջնական նպատակը մնում է նույնը։ Ռուսաստանը ձգտում է Ուկրաինային ստիպել հրաժարվել եվրատլանտյան կողմնորոշումից և ամրապնդել իր գերակայությունը տարածաշրջանում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագիրը

  • Ռուսական ստորաբաժանումները Կուրսկի, Բրյանսկի և Վորոնեժի մարզերից շարունակում են տեղափոխվել Ուկրաինայի տարածք։
  • Ռուսաստանցի զինծառայողները շփման գծում բողոքում են ռոտացիայի, տեխնիկայի բացակայությունից, որոնք մշտապես շարքից դուրս են գալիս՝ մատակարարվող վառելիքի պատճառով։ Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը մնում է ցածր մակարդակի վրա։
  • ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ավիահարվածներ հասցնել Մարիուպոլին, իրականացվում է ծովային հետևակի պատրաստությունը դեսանտային օպերացիային։
  • Մերձդնեստրում ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչները ստուգել են ինքնահռչակ հանրապետության բանակի առանձին մոտոհրաձգային բրիգադների մարտունակությունը։ Նրանք պատրաստ չեն անցկացնել մարտական գործողություններ։
  • Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքներում վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն հետ է մղել ռուսական 10 հարձակում՝ ոչնչացնելով 15 տանկ, 24 միավոր զրահապատ և 10 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, ինչպես նաև հրետանային երեք համակարգ։
  • Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի խմբավորումը վերջին օրերին խոցել է օդային 13 թիրախ՝ մասնավորապես 1 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու և 6 թևավոր հրթիռ։

ՌԴ ՊՆ առավոտյան տեղեկագիրը.

  • Բարձր ճշգրտության հրթիռներով գիշերը Կիևի մարզի Բրովարի բնակավայրի շրջանում ոչնչացվել է զինամթեքրի արտադրության գործարան։
  • Ապրիլի 16-ին Մարիուպոլի Պրիմորսկի շրջանում «Թուրքիայի նախագահ Էրդողանի խնդրանքով» ազատ են արձակվել պատանդները, որոնց «ուկրաինացի ազգայնականները» պահում էին թուրքական մզկիթում։
  • Գերեվարված ուկրաինացի զինվորականների խոսքով՝ «Азовсталь» ձեռնարկության տարածքում, ուկրաինական խմբավորման կազմում, հիմա շրջափակված է մինչև 400 արտասահմանցի վարձկան։
  • Ուկրաինայի իշխանությունները արգելել են բանակցություններ վարել գերության հանձնվելու ուղղությամբ՝ «Азов»-ի մարտիկներին հրամայելով գնդակահարել զենքը ցած դնելու պատրաստ ցանկացած անձի։
  • Օպերատիվ-մարտավարական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի 68 ռազմական օբյեկտ։

Լուսանկարը՝ ALEXANDER NEMENOV / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter